«Հույս ունեմ, որ հայրենիք վերադարձած այդ 8 զինծառայողներին մենք կալանքի տակ չենք տեսնի»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ նկատի ունենալով օրերս Բաքվից վերադարձած գերիներին:
Ըստ պատգամավորի, Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությունները եթե կարճ մեկնաբանելու լինեն, արձանագրում են հետեւյալը՝ Հայաստանը պատրաստ է կատարել Ադրբեջանի բոլոր պահանջները ու դրա դիմաց որեւէ սպասելիք չունի:
Երեկ արտգործնախարար Արարատ Միրզոյանն ասաց, որ Անկարայից եկող ազդակները մասնավորապես դրական համատեքստում են: Հարցին՝ կարո՞ղ եք մատնանշել դրական ազդակի մեկ-երկու օրինակ: Հայկ Մամիջանյանը թվարկեց. «Ամռանը եւ աշնանը Թուրքիայի նախագահը բազմիցս հայտարարել է, որ նախորդիվ հրապարակված թուրքական կողմի նախապայմաները ուժի մեջ են եւ դրան ավելացել է եւս մեկը՝ միջանցքային տրամաբանությամբ ցամաքային կապի տրամադրումը: Որից հետո նոյեմբեր, դեկտեմբեր ամիսներին Թուրքիայի փոխնախագահը իրենց պառլամենտում հայտարարել է, որ Թուրքիայի հատուկ ջոկատայինները ակտիվորեն ներգրաված են եղել 44-օրյա պատերազմում: Որից հետո Չավուշօղլուն հայտարարել է, որ Երեւան-Ստամբուլ ավիաչվերթի հարցում պայմանավորվածությունների հետ կապված խորհրդակցել են ու հավանություն են ստացել Ադրբեջանից ու հետագայում բանակցելու են իրենց եղբայրական համարվող պետության հետ: Այ այս ազդակներն են դրական, պիտի ՔՊ-ից լինես, որ կարողանաս այդ ազդակները դրական ընկալես: Այլ ազդակներ Թուրքիայի որեւէ պետական ինստիտուտից ես չեմ տեսել: Փորձը ցույց է տալիս, որ երբ Նիկոլ Փաշինյանը որեւէ երկրից դրական ազդակներ է տեսնում, մենք շատ լուրջ հողային եւ մարդկային կորուստներ ենք ունենում այդ երկրի հետ հարաբերութուններում: Այնպես որ ես սարսափում եմ պատկերացնել, թե ինչ է լինելու այս ազդակների վերջը»:
Կարդացեք նաև
Մամիջանյանը նշեց, որ միայն խենթերը կարող են խաղաղություն չուզենալ, բայց խաղաղությունն ունենում է գին. «Իմ համար միշտ անհասկանալի է եղել, թե ո՞վ ավելի լավ կպատկերացնի խաղաղության գինն ու արժեքը՝ մարդիկ, որոնք կերտել են առաջին ու երկրորդ արցախյան պատերազմների հաղթանակը, եղել են գլխավոր գերագույն հրամանատար, զինվորի հետ ուս ուսի մասնակցել են ռազմական գործողություների՞ն, թե՞ Նիկոլ Փաշինյանը, որը մայիսին մասնակցում էր ապրիլյան քառօրյա պատերազմին»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ