«Ապրիլյան պատերազմում զոհերի թվի մասին տարբեր ուժեր անընդհատ փորձում էին հետեւողականորեն ծանրացնել իրավիճակը, խոսում էին 100-ից ավելի զոհերի մասին, որն իրականության հետ համապատասխանություն չունի: Իրականության մեջ քառօրյա պատերազմի ժամանակ մենք ունեցել ենք 75 զոհ եւ ի տարբերություն այս պատերազմի, մարտական գործողություններին մասնակցած զոհերի անուն ազգանունները ամբողջությամբ հրապարակված են»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
Նա նշեց, որ այս իշխանության նկատմամբ չկա հավատ ու քանի ամբողջությամբ 44-օրյա պատերազմի զոհերի թիվը չի հրապարակվել, որեւէ մեկը ցավալիորեն չի կարող արձանագրել՝ իր ընտանիքի անդամներից, հարազատներից մեկը, ով զոհվել է, արտացոլվա՞ծ է նրա անունը ցանկում, թե՞ ոչ:
Երեկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Օրեր առաջ ձեր կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանն ասում էր 5000 զոհ։ Որտեղի՞ց այդ տվյալը»: Այսօր Տիգրան Աբրահամյանը հակադարձեց. «Հնչեց ոչ միայն նախագահի, այլ նաեւ նախագահի ընտանիքի անդամներին վերաբերող կեղծ տեղեկատվություն, թե 7000 թիվ է հնչել, նման բան չի եղել, հնչել է 4750 թիվը, այսինքն, մոտավորապես թիվը եղել է 4-5 հազարի շրջանակներում»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ