Զոհվելուց 15 օր անց հարազատներին է հանձնվել 38-ամյա Արթուրի աճյունը
Սիսիան քաղաքի Սայաթ-Նովա փողոցի թիվ 39 տանը 1982-ի մայիսի 27-ին ծնվել է Միշա Աղաջանյանի եւ Արմենուհի (Արմիկ) Կարապետյանի երրորդ զավակը` արցախյան 44-օրյա պատերազմի նահատակ Արթուր Աղաջանյանը: Տան փոքրն էր: Իրենից 7 տարով մեծ եղբայր եւ 5 տարով մեծ քույր ուներ: Երբ 1996-ին լուծարվեց Սիսիանի պանրագործարանը, որտեղ աշխատում էր Արմիկը, երեխաներին պահել-մեծացնելը դժվարացավ: Տիկին Արմիկն առեւտուր արեց, ամուսինը` վարորդություն, ու պահեցին-մեծացրեցին իրենց երեխաներին:
Արթուրը սովորել է Սիսիանի թիվ 1 միջնակարգ դպրոցում: Լռակյաց, քչախոս, համեստ տղա էր, նրան սիրում էին թե դպրոցում, թե փողոցում, թե տանը: 2000-ին զորակոչվեց բանակ, ծառայեց Քելբաջարում: 2002-ին զորացրվեց, 2005-ին ամուսնացավ: Դժվարին տարիներ էին, Սիսիանում աշխատանք չգտավ, եւ ծնողների հետ տեղափոխվեցին Երեւան: «Սիսիանի տան դռները փակեցինք ու գնացինք: Ես ինձ աշխարհի ամենաերջանիկ մայրն էի համարում, որ երեխաներս կողքիս էին, իրար հարեւանությամբ էին ապրում, բոլորին տեսնում էի, բոլորն աշխատում էին … հիմա ամենադժբախտն եմ…»,-ասում է Արթուր Աղաջանյանի մայրը, որ 2009-ին, ամուսնու մահից հետո, վերադարձել էր Սիսիանի իրենց տուն, բայց ոտքի մեկը Երեւանում էր, զավակների, թոռների կողքին:
Երեւանում մի քանի տեղ աշխատելուց հետո Արթուրը 2010 թվականին ծառայության է անցել ՀՀ ոստիկանության զորքերում եւ իր պարտաճանաչության, նվիրվածության, կոկիության, ճշտապահության, գերազանց ծառայության համար ղեկավարության կողմից արդեն 2011-ին պարգեւատրվել երկրորդ, 2020-ին` երրորդ աստիճանի կրծքանշանով, բազմիցս արժանացել պատվոգրերի, դրամական խրախուսանքների:
Կարդացեք նաև
«Արթուրը շատ համեստ էր, հումորով, լռակյաց, բայց եթե նա խոսեր, բոլորը լռում էին, իսկ եթե բոլորն էին խոսում, Արթուրն էր լռում: Նրան համեստության, հումորի համար ոստիկանությունում սիրում էին եւ ընկերները, եւ ղեկավարները… Արթուրը նվիրվող էր, պահպանել էր Քելբաջարում ծառայած բանակի ընկերների եւ հրամանատարների հետ կապը»,- պատմում է մայրը, ապա հավելում, որ 2020-ի մայիսի 27-ին գնացել էր Երեւան, որդու ծննդյան օրը նշելու: Հաջորդ օրը Արթուրը պիտի վերադառնար Չինարի (Մեհրաբ)՝ իր ծառայության վայր, բայց չգնաց, մայրաքաղաքում քաղաքական իրավիճակը լարված էր: Մայրը մտածել է, որ ամենահարմար պահն է Երեւանի իրենց երեք սենյականոց բնակարանը նրան նվիրելու, մինչ այդ Արթուրը կնոջ եւ երկու դուստրերի հետ ապրում էր մեկ սենյականոցում: «Արթուրը 2 ամիս վերանորոգեց տունը: Օգոստոսի 18-ին ընտանիքը տեղափոխվեց նոր բնակարան, բայց երկու ամիս էլ չապրեց նոր տանը: Պատերազմը սկսվեց: Սեպտեմբերի 27-ին զանգահարեցի Արթուրին, չպատասխանեց: Զանգեցի տուն, աղջիկն ասաց` հայրիկին կանչել են: Սեպտեմբերի 28-ի առավոտյան գնացել էր զորամաս, զանգահարեց ինձ, ասաց` Սեւանում են, տեղավորված են մի մանկապարտեզում, ամեն ինչ լավ է, չանհանգստանամ, բայց սեպտեմբերի 29-ին արդեն տարել էին Քելբաջար: 37 օր Արթուրն ու աներորդին` Մհերը, կռվել են Քելբաջարում»,- ասում է մայրը:
Տիկին Արմիկը տանը Արթուրին նվիրված անկյուն է պատրաստել, ու իր օրերն անցնում են որդու հետ մտովի զրույցներով, հիշողություններով, պատմություններով, հուշերով: Արթուրի կինը` Նազելի Մարտիրոսյանը մեզ հետ հանդիպելիս պատմեց, որ Քելբաջարի անկումից հետո Արթուրին եւ իր եղբորը` Մհերին, որ միասին ոստիկանության զորքերում էին ծառայում, 4 օրով տուն էին ուղարկել: Արթուրը, որ քչախոս էր ու լռակյաց, ավելի լռակյաց էր դարձել: «Տանը դեռ անավարտ գործեր կային, ասացի` Արթ, ոչինչ, կգաս, հետո կանենք, ասաց` քեզ ո՞վ ասաց, որ գալու եմ… Շատ տխուր էր: Եղբայրս ինձ առանձին խնդրեց Արթուրին համոզեմ` չգնա պատերազմ, ասաց` ես ընտանիք, երեխաներ չունեմ, ես կգնամ իմ տեղն էլ, Արթուրի տեղն էլ կկռվեմ: Բայց Արթուրը վճռականորեն մերժեց խնդրանքս, նույնիսկ հանդիմանեց Մհերին, որ ինձ նման բան է ասել: Արթուրը Հայաստանի Հանրապետությանը ծառայելու իր երդումը եւ համազգեստի պատիվն ավելի բարձր պահեց անձնական շահից: Հոկտեմբերի 28-ին մեզ` ինձ ու աղջիկներին ոտքով պտտեցրեց ողջ քաղաքով, հորդորեց չհավատալ էն սուտ լուրերին, որ, իբրեւ, բանակում ուտելիք չկա, քնապարկեր չկան, աղջիկներին պատգամեց խելոք լինել, նպատակներին հասնել: Էնպես էր խոսում, կարծես վերջին հրաժեշտ լիներ, կարծես ուզում էր հասկացնել, որ եթե ինքը չլինի, աղջիկներն առանց իրեն կարողանան հասնել իրենց նպատակներին»,- պատմում է Նազելին ու ավելացնում, որ Արթուրը հրաշալի հայր էր, լավ ամուսին:
Նոյեմբերի 2-ին տղաներին տարել են Շուշի: Նոյեմբերի 3-ին կապվել է հարազատների հետ, հորդորել չանհանգստանալ: «Նոյեմբերի 7-ի առավոտյան խոսեցինք, ասաց` շրջափակման մեջ են, մի քարի մոտ պատսպարված, հնարավոր է` էլ զանգել չկարողանա: Էնքան լավ եղիր, որ կարողանաս երեխաներին պահես»,- պատմում է Նազելին: Նոյեմբերի 12-ին լսել են Նազելիի եղբոր` Մհեր Մարտիրոսյանի զոհվելու լուրը, բայց դեռ հույսեր են փայփայել, որ Արթուրին բան չի պատահի… Ռուսաստանից եկած ավագ եղբայրը` Արսենը, ամեն տեղ փորձել է որեւէ լուր իմանալ եղբորից: Եվ միայն նոյեմբերի 15-ին, երբ Մհեր Մարտիրոսյանի աճյունը տեղափոխել են հայրենի Հարժիս գյուղ, Արսենն այնտեղ լսել է նաեւ Արթուրի զոհվելու լուրը ու վերադարձել Սեւան` եղբոր դին ճանաչելու…
Նոյեմբերի 20-ին շարքային Արթուր Միշայի Աղաջանյանը հուղարկավորվել է Եռաբլուրում: «Մեծ որդիս` Արսենն առաջարկեց Արթուրին հուղարկավորենք Սիսիանի պանթեոնում, ես չհամաձայնեցի, ասացի` եթե Սիսիանում թաղենք, ես պանթեոնից տուն չեմ գնալու…Հիմա Եռաբլուր գնալիս չեմ մտածում, որ գերեզման եմ գնում: Երբ մտնում ես Եռաբլուր, մեկը ժպտում է, մեկը զենքն է գրկած, մեկը ոնց որ քեզ դիմավորի, հետդ խոսի, իսկ դրոշների ծփանքը կարծես կենդանի շունչ լինի, եւ դու չես ուզում մտածել, որ այս տղաները մահացած են… Էնտեղ ավելի շատ կյանք կա, դա գերեզման չէ, սրբատեղի է… Եռաբլուր գնալիս չեմ հավատում, որ իմ տղան չկա, իսկ երբ մտնում եմ նրա տուն, տեսնում նրա անկյունը, որտեղ համազգեստն է, կոշիկը, ծխախոտը, մեդալները, պատվոգրերը, հեռախոսը, ալբոմը… ողջ ներաշխարհս տակնուվրա է լինում… Արթուրս ասում էր` մամ, երեխաները սրբություն են, մարդ իր սրբությունը չի թողնի, բայց ինքը իր սրբությունը թողեց: Ինչ էլ խոսեմ, միեւնույն է, հետ չի գալու, նրան չեմ վերադարձնելու: Արթուրն ուրիշ երեխա էր, երեք երեխաներիս մեջ, իրոք, ուրիշ էր: Որ գնում էի իր տուն, գիտեի` հայրական տուն եմ մտնում, էնքան էր հոգիս հանգստանում: Ինքը փոքրն էր, բայց էնքան հանգստություն եւ իմաստություն, պատասխանատվություն կար նրա մեջ, որ ես հանգստանում էի նրա տանը: Ինչքան էլ հոգսով լինեի, նրան տեսնելով` հոգսերից թեթեւանում էի. հանգստությունս էլ իր հետ տարավ, ապրելուս իմաստն էլ …»,- ասում է մայրը:
44-օրյա պատերազմը անասելի ծանր հարվածներ հասցրեց տիկին Արմիկին, Նազելիին: Պատերազմն այս ընտանիքից խլեց չորս կյանք, չորս սյուն, չորս երազանք, չորս ապագա: Տիկին Արմիկը որդուց բացի, կորցրեց նաեւ քրոջ թոռանը` 19-ամյա Վահագն Տիգրանի Բարսեղյանին, արեւելագիտականի ապագա ուսանողին, որ Հադրութից տեղափոխվել էր Շուշի ու զոհվել այնտեղ, աճյունը բերեցին 7 ամիս հետո: Թոռան կորստյան ցավին չդիմացավ տատը եւ լքեց այս մեղավոր աշխարհը: Պատերազմը խլեց տիկին Արմիկի դստեր` Աննայի փեսային` Էդգար Միրզոյանին: Պատերազմը տարավ Արթուրի կնոջ` Նազելիի եղբորը` Մհեր Մարտիրոսյանին…
Ներողություն եմ խնդրում տիկին Արմիկից` վիշտը փորփրելու համար, ասում է` «վիշտը չի էլ փակվում: Ցերեկները դեռ մի կերպ օրն անց է կացնում, դժվարը գիշերն է: Պատահում է` ուզում եմ վեր կենամ, ոտքով ճանապարհ ընկնեմ, գնամ Արթուրիս մոտ: Տեսնես` ի՞նչ է մտածել էդ պահին, տեսնես` ի՞նչ ապրումներ է ունեցել: Արթուրս բեկորային վնասվածքներ է ստացել, վիրավոր է եղել, հետո են կրակել վզին… Տեսնես` ինչքա՞ն է տանջվել որդիս»,-ասում է 70-ամյա տիկին Արմիկը, հետո, կարծես ինձ հանելով ծանր մտորումներից, շնորհակալություն հայտնում, որ հիշել եմ իրեն, որ գրում եմ որդու մասին, որ բացել եմ իր տան դուռը…
Համբերություն քեզ, տիկին Արմիկ, խոնարհում քո մեծ վշտի առաջ: Զորակցություն քեզ, 35-ում այրիացած Արթուրի հենարան Նազելի, ուժ ու կորով` ձեր դուստրերին իրենց նպատակներին հասցնելու:
Հավերժ փառք քեզ, երկրին ծառայելու երդմանը եւ համազգեստի պատվին մինչեւ վերջ հավատարիմ մնալու համար, սրբազան նահատակ Արթուր Աղաջանյան, հավերժ խոնարհում:
Արևհատ ԱՄԻՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
09.02.2022