Լրահոս
Օրվա լրահոսը

«Լիպարիտը, այո, շատ ավելի տաղանդավոր է, քան ես»

Փետրվար 10,2022 13:00

Հարցազրույց Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի, սոպրանո Ալինա Փահլեւանյանի հետ

– Տիկին Փահլեւանյան, մենք ձեր անունը՝ որպես օպերային երգչուհի, լսել ենք մինչեւ 2003թ. թատրոն ընդունվելը՝ կոնսերվատորիայում, Ռաֆայել Հակոբյանցի դասարանում ուսանելու տարիներին։ Երջանկահիշատակ պրոֆեսորը հարցազրույցներում նախընտրում էր ավելի շատ խոսել իր ուսանողների մասին։ Բարձրաձայնում էր անուններ, որոնք դեռեւս ճանապարհ պետք է անցնեին թատրոն հասնելու համար։ Ինչպես ընդունված է սոպրանոների դեպքում, դուք էլ բացառություն չկազմեցիք եւ 2003-ին ձեր դեբյուտը եղավ Անուշի դերերգը…

– Ճիշտ եք։ Մեծանուն Գեղամ Գրիգորյանի կողմից համարյա նույն ժամանակահատվածում ես եւ արդեն ճանաչված բարիտոն Գեւորգ Հակոբյանը հրավիրվեցինք թատրոն։ Գեւորգը հանդես եկավ Մոսիի, ես էլ՝ ինչպես ասացիք, Անուշի դերերգով։ Հետո արդեն Օլիմպիայի դերերգն էր՝ «Արշակ Բ»-ում։ Այդ դերերգն եմ ես համարում դեբյուտս։ Ընդ որում՝ այդ ներկայացման մեջ Արշակի դերերգով հանդես եկող Կոնստանտին Սիմոնյանի համար էլ այդ դերերգը վերջինն էր։ Հետո արդեն հանդես եմ եկել…

– Հետո-ն գիտենք անգիր, մանավանդ որ, թույլ տվեք նկատել, որ 19 տարի թատրոնում եք, բայց դերերգերն այնքան էլ շատ չեն։ Ձեզ հանդիպել ենք Պապագենայի դերերգով՝ Մոցարտի «Կախարդական սրինգում», Արմեն Մելիքսեթյանի եւ Նաիրե Ստեփանյանի ռեժիսուրայով Բիզեի «Կարմենում»՝ Միքայելա եւ կարծես վերջ։

– Շնորհակալ եմ նման ուշադրության համար։ Բայց ձեր թվարկած կերպարներում մեծ սիրով եմ բեմ դուրս գալիս, մեծ հարգանք ունեմ գործընկերներիս հանդեպ, մանավանդ որ կողքիս Լիպարիտ Ավետիսյանն է (նկատի ունի ամուսնուն, որը հաճախ հանդես է գալիս Խոզեի դերերգով-Ս.Դ.)։ Ինչ վերաբերում է դերերգերիս սակավությանը, դրա պատճառը մի կողմից թատրոնի ոչ հարուստ խաղացանկն է, մյուս կողմից՝ մի մոռացեք, որ ես բազմազավակ մայր եմ եւ ամուսնուս հետ դաստիարակում ենք մեր երեք տղաներին։
– Դարձյալ մեր դիտարկմամբ, կներեք, բայց ձեր ամուսինը ժամանակի առումով պարզապես չի կարող աջակցել երեխաների խնամքին, դաստիարակմանը, քանի որ վաղուց արդեն ցանկալի հյուր է աշխարհի հեղինակավոր թատրոններում եւ աշխատում է ծանրաբեռնված գրաֆիկով։

– Այ այստեղ մեծ է, չափազանց մեծ ամուսնուս մոր՝ տիկին Անահիտի դերը…

– Ժամանակին դուք համերգներով, այդ թվում՝ մենահամերգներով, հանդես եք եկել Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Հոլանդիայում, Իսպանիայում, Հարավային Կորեայում, Ռուսաստանի տարբեր քաղաքներում եւ այլն։ Դեռ մեր ականջին է պրոֆեսոր Ռաֆայել Հակոբյանցի՝ ձեր մասին ունեցած կարծիքը, թե Ալինան կգրավի աշխարհի բեմերը։ Ստացվեց, որ Ալինան չգրավեց, փոխարենը ամուսինն է այդ ճանապարհին։ Կներեք ուղիղ խոսքի համար։

– Ներողության կարիք չկա, կարիերաս անցել է երկրորդ պլան։ Լիպարիտը, այո, շատ ավելի տաղանդավոր է, քան ես։ Նա, ի վերջո, պետք է վստահ լինի, հանգիստ, որ տանն ամեն ինչ ոչ թե լավ է, այլ հիանալի։ Ես էլ որոշում կայացրի ավելի շատ զբաղվել ընտանիքով, երեխաներիս հարցերով։ Դարձյալ պետք է հնչեցնեմ սկեսուրիս անունը։ Տեսեք՝ տարիներ առաջ օպերային թատրոնի հետ Արաբական Միացյալ Էմիրություններ էի մեկնել, որտեղ ներկայացրինք «Կարմենը» եւ «Կախարդական սրինգը»։ Հիմա պատկերացրեք. այդ ընթացքում նշանակված էր նաեւ Լիպարիտի հյուրախաղը, հիմա չեմ հիշում որ թատրոնում։ Խոսքը գնում է ոչ թե 1, 2, 3, 4 օրերի բացակայության մասին, այլ ավելի մեծ ժամանակահատվածի՝ ամսվա մասին։

– Կներեք ընտանիք «ներխուժելու» համար, ասում են, որ ունեք հիանալի, պարզապես գեղեցկուհի մայր…

– Մայրս էլ իր ընտանիքում է սկեսուր (ժպտում է)։

– Հիանալի է, որ հանձին ձեզ ունենք ոչ միայն բարձրարվեստ երգչուհի, այլեւ առաջին հերթին բազմազավակ մայր եւ ամուսնուն սիրող կին։ Թեեւ, թույլ տվեք կատակել, որ Լիպարիտ Ավետիսյանին սիրող միակ կինը չեք։ Մեզ եւ նրա երկրպագուներին հայտնի է, որ տենորը այս պահին Եվրոպայում է։

– Այո, այս պահին Օսլոյում է, Նորվեգիայի օպերային թատրոնում հանդես է գալիս Դուքսի կերպարով՝ Վերդիի «Ռիգոլետոյում»։ Ընդ որում, դա ժամանակակից ռեժիսուրայով բեմադրություն է եւ բոլորովին նման չէ մեր իմացած «Ռիգոլետո»-ներին։

– Ասվածից կարելի՞ է ենթադրել, որ դուք հետեւում եք ձեր ամուսնու արտասահմանյան գործունեությանը նույնպես։

– Ձեզ ավելին ասեմ՝ Լիպարիտը երեխաների սիրուց պարզապես խելագարվում է։ Նա ներկայացումների ընդմիջումներին է կապ հաստատում մեզ հետ, ներկայացնում, թե ինչպես է անցնում բեմադրությունը եւ այլն։ Մի բան էլ. թեեւ Լիպարիտն ունի մենեջեր, իմպրեսարիո, բայց ես էլ անմասն չեմ, կարծես նրա գործավարը լինեմ եւ այդ դերը կատարում եմ սիրով։

– Վերադառնանք թատրոնում ձեր գործունեությանը։ Արդեն մի քանի ամիս է՝ փոշիներից հառնում են ներկայացումներ, վերականգնվում դրանք։ Կուզեինք իմանալ՝ նոր դերերգ պատրաստո՞ւմ եք։

– Մաեստրո Դուրգարյանը ձեռնամուխ է եղել Մոցարտի «Այդպես են վարվում բոլոր կանայք» օպերայի բեմադրությանը, ինձ էլ վստահել է Դեսպինայի դերերգը, ես էլ պատրաստվում եմ առաջիկա լսումներին։

Զրուցեց Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
09.02.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28