SPRING PR ընկերության համահիմնադիր Տաթեւիկ Սիմոնյանը` միջազգային ասպարեզում հերթական հաղթանակի եւ հաղորդակցությունների ժամանակաշրջանի մասին
– Ի՞նչ է իրենից ներկայացնում WCFA-ի Davos Digital PR Awards մրցանակաբաշխությունը, ինչպես SPRING PR-ը մասնակցեց ու հաղթեց:
– Նշեմ, որ միջազգային ասպարեզում սա մեր առաջին հաղթանակը չէ. 2021 թվականին SPRING PR-ն առաջին անգամ հայկական PR-ընկերությունների պատմության մեջ դարձավ PR ոլորտի ամենանշանակալի մրցանակաբաշխության՝ IPRA Golden World Awards-ի հաղթող, EVENTIADA IPRA Golden World Awards 2018-ի հատուկ մրցանակակիր ենք, 2017 թվականին WCFA-ի կողմից կազմակերպված «Ապագայի հաղորդակցություններ Դավոս (C4F Davos) 2017» մրցանակաբաշխությունում էլ արժանացել ենք «Ապագայի Պրո Բոնո» (pro bono = for the public good) անվանակարգի մրցանակին, մեր տարբեր գործընկերների հետ իրականացրած բազմաթիվ արշավներ ու նախագծեր եզրափակիչ փուլում են եղել։
WCFA-ի Davos Digital PR Awards-ն առաջին անգամ էր անցկացվում, այն գնահատում է թվային հարթակներում իրականացվող ամենահետաքրքիր, ինքնատիպ եւ արժեքավոր PR արշավներն ու բացառիկ մասնագիտական աշխատանքը։ SPRING PR-ը հաղթող է ճանաչվել Best Digital PR Project անվանակարգում, որում դիտարկվել են թվային դաշտում թիրախային ռազմավարությամբ իրականացված այն արշավները, որոնք փոխել են տվյալ բրենդի կամ արտադրանքի վերաբերյալ կարծիքները, կոտրել կարծրատիպերը եւ ձեւավորել նոր վերաբերմունք։ Davos Digital PR Awards-ին ներկայացվել էին 2020 թվականի հունվարից մինչեւ 2021 թվականի հուլիսն ընկած ժամանակահատվածում մեկնարկած ամենաակնառու նախագծերը: «Կաթը սեր է»-ն թվային հաղորդակցային արշավ էր, ու քանի որ ուներ մի շարք առանձնահատկություններ՝ կապված իր իրականացման ժամանակաշրջանի, բարդությունների ու կիրառված մեթոդների հետ, որոշեցինք միջազգային հանրության հետ եւս կիսվել արշավով ու ներկայացնել մեր փորձը։
– Ովքե՞ր էին WCFA-ի ժյուրիի կազմում, ձեր կարծիքով՝ հատկապես ի՞նչը նշանակություն ունեցավ SPRING PR-ի հաղթանակի համար:
– WCFA-ի ժյուրիի կազմում միջազգային առաջատար պրոֆեսիոնալներ են՝ հաղորդակցությունների, մարքեթինգի եւ հարակից այլ ոլորտներից:
Մրցակցությունը, իսկապես, բարձր էր, որովհետեւ մասնակիցներ կային տարբեր մայրցամաքներից ու երկրներից՝ Բրազիլիա, Բուլղարիա, Կանադա, Իտալիա, Իսպանիա, Սինգապուր, Վրաստան, ԱՄՆ եւ այլն։
Ժյուրին մի քանի չափանիշներ է գնահատել. արշավի հետազոտական մասը, ռազմավարությունը եւ պլանավորումը, ինովացիոն մոտեցումը, իրականացումը, կրեատիվությունը եւ ինքնատիպությունը: Միջազգային ժյուրին հենց առաջին փուլում ուսումնասիրելով արշավը՝ բարձր էր գնահատել բոլոր չափանիշները՝ թե արշավի իրականացման մեթոդները, թե կիրառված գործիքները ու թե յուրահատուկ դիրքավորման մոտեցումները։
– Ներկայացրեք խնդրեմ թվային հարթակում «Կաթը սեր է» արշավի իրականացման առանձնահատկությունները:
– Արշավն իրականացրել ենք մեր երկրի համար ամենադժվարին պայմաններում։ 2020 թվականի ապրիլ-մայիս ամիսներ՝ երբ համավարակ էր, արտակարգ դրություն, մարդիկ մեկուսացած էին իրենց տներում, չէին գործում կազմակերպությունները, որոշ արտադրական գործընթացներ դադարեցված էին։ ԶԼՄ-ների գործունեությունը եւս սահմանափակ էր, եւ վերջիններս աշխատում էին հեռավար։ Գրեթե բոլոր ոլորտների բոլոր կազմակերպություններն այլընտրանք չունեին, քան փոխակերպվելն ու գործունեության մոտեցումները վերանայելը։ Անհրաժեշտ էր արագ արձագանքել փոփոխություններին ու նոր իրականության մարտահրավերներին, եւ հաղորդակցության ոլորտի մասնագետներն առաջիններից էին այդ հարցում։ Նրանք սկսեցին փնտրել լսարանի հետ հաղորդակցվելու առավել արդյունավետ ուղիներ եւ ձեւաչափեր:
«Կաթը սեր է» հաղորդակցային արշավն իրականացրել ենք՝ կիրառելով Digital տարբեր գործիքներ, նորարար եւ հետաքրքիր մեթոդներ։ Արշավը նաեւ առանձնահատուկ էր այն առումով, որ այդ օրերին մարդիկ սիրո, ջերմության եւ դրական էներգիայի կարիք ունեին, ինչը փոխանցելը մեր արշավի հիմնական նպատակներից մեկն էր։ Ուստի ընտրեցինք «Կաթը սեր է» ջերմ կարգախոսը։ Միջազգային ժյուրին արշավը հավանության է արժանացրել, ակտիվորեն քննարկել եւ այն բնորոշել՝ որպես հոգատարություն ու ջերմություն փոխանցող, հետաքրքիր ռազմավարությամբ իրականացված նախագիծ:
– SPRING PR ընկերությունը, ի թիվս այլնի, մասնագիտացած է ռազմավարական PR-ի, հաղորդակցությունների կառավարման ոլորտներում, եթե դիտարկելու լինեիք հայաստանյան պատկերը այդ ոլորտներում, ձեր կարծիքով հատկապես ի՞նչը արժեր փոխել:
– 21-րդ դարը հաղորդակցությունների ժամանակաշրջան է, դրանք ամենուրեք են. մենք սիրում ենք ասել՝ այսօր ամեն ինչ հաղորդակցություն է։ Ոլորտն արագ է զարգանում, պետք է անընդհատ հետեւել միջազգային միտումներին, ձեռքը միշտ փոփոխությունների զարկերակին պահել ու ոլորտի նորարարությունները կիրառել տեղական շուկայում գործունեություն ծավալելիս։ Նոր գիտելիք ստանալն ու հմտությունները պարբերաբար կատարելագործելը եւս անխուսափելիորեն պարտադիր է, որովհետեւ դա արդի ժամանակաշրջանի մարտահրավերներն ու պահանջն է: Վերջին շրջանում աշխարհում ու մեր երկրում տեղի ունեցած իրադարձությունները ցույց տվեցին, թե ինչքան էական են հաղորդակցությունները։ Եվ որքան իրավիճակն ավելի ճգնաժամային է, այնքան ավելի են կարեւորվում կազմակերպությունների ռեպուտացիոն կառավարումը եւ հմուտ ու պրոֆեսիոնալ մասնագետների առկայությունը։ Հետաքրքիր, նորարար, իհարկե, գրագետ ու էթիկական հաղորդակցություններն են, որ կարող են նպաստել ոլորտում դրական տեղաշարժերին։
SPRING PR-ը եւս միջազգային հանրույթի ակտիվ մասնակիցներից է, եւ շարունակում է ընդլայնել գործունեությունը ինչպես միջազգային գործընկերների պորտֆելը մեծացնելով, այնպես էլ ոլորտի զարգացմանն ուղղված համաշխարհային մասշտաբի նախագծերի մասնակցելով։
Զրուցեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
09.02.2022