Հայաստանին մեկնված «խաղաղության ձեռք», իսկ Ադրբեջանին շարունակ զինելու, ադրբեջանական բանակն ամրացնելու հստակ քաղաքականություն
«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտին կայցելի Թուրքիա եւ կմասնակցի Անթալիայում կայանալիք դիվանագիտական ֆորումին»,-օրերս նման տեղեկատվությամբ կիսվեց Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը։
Պաշտոնական Երեւանը, թեեւ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մակարդակով արձագանքեց, թե՝ «Նիկոլ Փաշինյանի այց Թուրքիա եւ մասնակցություն Անթալիայի դիվանագիտական համաժողովին չի քննարկվում», այնուամենայնիվ, նման այցելությունը չի կարելի բացառել, նկատվում է, որ պաշտոնական Երեւանը թուրքական կողմից հետ շփումներից հրաժարվելու հիմքեր չի տեսում, ավելին՝ բոլոր նման հնարավորություններից ձգտում է օգտվել: Վերջին օրերին, սակայն, պաշտոնական Երեւանը որոշակի հստակեցում մտցրեց: Ի պատասխան տեղեկություններին, թե Թուրքիայի փոխնախագահը Նիկոլ Փաշինյանին հրավիրել է մասնակցելու մարտին Անթալիայում կայանալիք դիվանագիտական համաժողովին, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ԱԺ-ում պարզաբանեց, որ հարցը չի քննարկվել եւ չի քննարկվում․ «Սխալ թարգմանության հետեւանք է դա․․․Հրավեր ուղարկվել է իմ եւ Ռուբեն Ռուբինյանի անունով։ Որոշում իսկապես չկա։ Որոշումը մեծապես կախված կլինի նաեւ վերոնշյալ՝ Վիեննայի հանդիպման արդյունքներից»։
Պաշտոնական Անկարան վերջին օրերին սկսել է կարեւորել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման թեման: Սակայն կրկին Անկարայից մեկնված «խաղաղության ձեռքը» ներկայացվում է որպես Հայաստանին ընձեռված «նվեր»:
Կարդացեք նաև
Թուրքիայի փոխարտգործնախարար Յավուզ Սելիմ Քըրանը Անկարայում փետրվարի 3-ին Թուրքիա-Ադրբեջան դիվանագիտական կապերի հաստատման 30-ամյակին նվիրված համաժողովում ասել է. «Չափազանց կարեւոր է, որպեսզի հայկական կողմը զբաղեցնի այնպիսի դիրքորոշում, որը կնպաստի տարածաշրջանում խաղաղությանը, եւ հետեւի Ղարաբաղում հրադադարի ռեժիմի պահպանմանը: Մենք կշարունակենք հետեւել դրան: Երեկ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ սկսված չվերթները շատ կարեւոր նշանակություն ունեն»,- ասել է նա:
Թուրքիայի արտաքին գործերի փոխնախարար Յավուզ Սելիմ Քըրանն Ադրբեջանի դեսպան Ռեշաթ Մամմեդովի հետ մասնակցել է «Քաղաքական, տնտեսական եւ սոցիալական հետազոտությունների հիմնադրամի» միջոցառմանը՝ նվիրված Թուրքիա-Ադրբեջան դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին: Ըստ Ermenihaber-ի անդրադառնալով Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը՝ Քըրանը կարեւոր է համարել, որ Հայաստանը տարածաշրջանում խաղաղությանը նպաստող մոտեցում ցուցաբերի, հատկապես Ղարաբաղում հրադադարի ապահովման հարցում հավատարիմ մնա իր ստանձնած պարտավորություններին։ «Թուրքիան այս (կարգավորման) գործընթացի համար շատ փորձառու դեսպանի է լիազորել՝ որպես հատուկ ներկայացուցիչ: Նա հունվարի 14-ին իր գործընկերոջ հետ առաջին հանդիպումն է ունեցել: Այդ հանդիպումների գործընթացն ու բոլոր փուլերը, բնականաբար, մենք շարունակելու ենք մեր ադրբեջանցի եղբայրների հետ երկխոսության պայմաններում: Մեզ համար անփոխարինելի է այս խորհրդակցական խողովակի մշտական բաց լինելը»:
Թուրք պաշտոնյան օրերս գործարկված Թուրքիա-Հայաստան ուղիղ չվերթները կարեւոր փուլ է համարել կարգավորման գործընթացի համատեքստում: Միեւնույն ժամանակ տարածաշրջանի խաղաղության եւ կայունության գործընթացի հաջող ավարտը պայմանավորել է Հայաստանի՝ հրադադարի հաստատման ու ապահովման հարցում իր պարտավորությունների կատարմամբ: Միեւնույն ժամանակ Թուրքիայի փոխարտգործնախարարը հիշեցրել է, որ Թուրքիան միշտ եղել է Ադրբեջանի կողքին, իսկ երկկողմ հարաբերությունները բնութագրել է որպես աշխարհում նմանը չունեցող: Քըրանի խոսքով՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի այս հարաբերությունները իբր խաղաղություն են բերել տարածաշրջան: Ապա` պնդել է, թե երկկողմ գործակցությամբ որեւէ պետության համար սպառնալիք չեն ստեղծել:
Հայաստանի հետ հարաբերությունների թեման զարգացրել է նաեւ Թուրքիայի պաշտպանության նախարարը՝ չմոռանալով սպառնալիքային տոնայնությամբ ակնարկները պաշտոնական Երեւանի ուղղությամբ: Օրերս Թուրքիայի ու Ադրբեջանի պաշտպանության նախարարներ Հուլուսի Աքարն ու Զաքիր Հասանովը հանդիպել էին, որից հետո նրանք հանդես էին եկել մամլո ասուլիսով: Աքարը նախ հայտնել էր, որ շարունակում են աշխատել երկու երկրների նախագահների գծած շրջանակներում, որն է «Շուշիի հռչակագիրը»: Աքարը հռչակագիրը բնորոշել էր որպես ռազմավարական ուղեցույց եւ ասել էր. «Այս փաստաթղթի ուղղությամբ աշխատանքներ ենք արել: Մի կողմից շարունակվում են ռազմական կրթության եւ համագործակցության հարցերում մեր աշխատանքները: Սրանց զուգահեռ փոխադարձ քննարկումներով որոշում ենք, թե պաշտպանական արդյունաբերության, մեր ԶՈՒ-երի սպառազինման հարցերում ինչեր կարող ենք անել: Այս հարցերում էլ կարեւոր քայլեր ենք արել եւ շարունակում ենք անել»: Թուրք նախարարի խոսքով՝ կողմերը պաշտպանության համատեքստում քննարկել են նաեւ 44-օրյա պատերազմի արդյունքում Ադրբեջանի տիրապետության տակ անցած Արցախ տարածքներում կատարվող շինարարական աշխատանքները: Գալով հայ-թուրքական ու հայ-ադրբեջանական հարաբերություններում առկա գործընթացներին՝ Աքարն ասել էր. «Կարեւոր հարցերից մեկն էլ այն է, որ մեր նախագահի եւ պարոն Ալիեւի քննարկումներից հետո Հայաստանին խաղաղության ձեռք է մեկնվել։ Հույս ունենք, սպասում եւ ցանկանում ենք, որ գնահատվի այս խաղաղության ձեռքը։ Այս կերպ մենք ջանում ենք, որ ոչ միայն Ադրբեջան-Հայաստան կամ Հայաստան-Թուրքիա հարաբերություններում, այլեւ ամբողջ Կովկասում տիրի խաղաղություն, անդորր, նաեւ սրանցից բխող բարեկեցություն»:
Միեւնույն ժամանակ Աքարը պնդել էր նաեւ, որ թուրք-ադրբեջանական ռազմական համագործակցությունը սպառնալիք չէ որեւէ երրորդ երկրի համար եւ միտված է միայն իրենց պետությունների ու ժողովրդի պաշտպանությանը: Ամփոփելով ելույթը՝ նա հայտարարել էր, թե իբր բոլորի համար տեսանելի են «Մեկ ազգ, երկու պետություն» հանդիսացող Թուրքիայի ու Ադրբեջանի՝ Կովկասում խաղաղություն եւ անդորր հաստատելուն միտված ջանքերը:
Մի կողմից Հայաստանին մեկնված «խաղաղության ձեռքով», մյուս կողմից՝ Ադրբեջանին շարունակ զինելու, ադրբեջանական բանակն ամրացնելու ուղղությամբ պաշտոնական Անկարան հստակ քայլեր է իրականացնում, իհարկե, չմոռանալով պաշտոնապես արձանագրել նաեւ, որ թուրք-ադրբեջանական տանդեմի խորը համագործակցությունը չի սպառնում երրորդ երկրի:
Այդ դեպքում՝ Շուշիի համաձայնագրով նախատեսված դրույթներից մեկը, համաձայն որի՝ հնարավոր ռազմական գործողություններում Թուրքիան եւ Ադրբեջանը միասնաբար են պաշտպանվելու՝ ի՞նչ է ենթադրում: Հիշեցնենք, որ սույն հռչակագրի համաձայն՝ երկու երկրները պայմանավորվել են միմյանց փոխադարձաբար ռազմական օգնություն տրամադրել երկրներից մեկի անկախությանը, ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը սպառնացող վտանգի դեպքում:
Նշենք, որ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակներում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը ծրագրված է փետրվարի 24-ին` Վիեննայում։
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ, 09.02.2022