Լրահոս
Օրվա լրահոսը

Զախարովան՝ պահվող անձանց, Լուկաշենկոյի հարցազրույցի եւ հայկական մշակութային ժառանգության մասին (տեսանյութ)

Փետրվար 09,2022 23:23

Մոսկվան հասկանում է «բոլորը բոլորի դիմաց» գերիների վերադարձի անհրաժեշտությունը և դա համարում է առաջնահերթություն: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան փետրվարի 9-ին տեղի ունեցած ճեպազրույցում:

«Ռուսաստանը ողջունում է Ադրբեջանի կողմից ընթացիկ տարվա փետրվարի 7-ին հայկական կողմին 8 ռազմագերիների վերադարձը: Կարևոր է հնարավորինս արագ վերջնականապես վերացնել այդ գրգռիչ հանգամանքը, հայ-ադրբեջանական հարաբերություններում ցանկացած խնդրահարույց հարց, ավարտին հասցնել պահվող անձանց փոխանակումը «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով»,- ասել է նա:

Զախարովան նշել է, որ ընդհանուր առմամբ 2020թ. դեկտեմբերից վերադարձվել է 146 գերի՝ 127-ը հայկական կողմին, 19-ը՝ ադրբեջանական: Նա հավելել է, որ գերիների վերադարձի հարցն իրենց համար առաջնահերթություն է, և Մոսկվան իր ուժերի սահմաններում այդ ուղղությամբ անում է հնարավոր ամեն բան:

«Զուգահեռաբար Ռուսաստանը կարևոր է համարում ջանքեր գործադրել հակամարտության ընթացքում անհետ կորած անձանց ճակատագրերը պարզելու ուղղությամբ և նպաստելու այդ գործընթացին ինչպես ազգային մակարդակով, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում»:

Պատասխանելով Ադրբեջանում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման վերաբերյալ հարցին՝ Զախարովան նշել է, որ Ռուսաստանը հասկանում է հայկական պատմական ժառանգության պահպանման անհրաժեշտությունը և սատարում է տարածաշրջան ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելություն ուղարկելու նախաձեռնությունը:

«Մշակութային ժառանգության պահպանման թեման քննարկվում է պաշտոնական Բաքվի ու Երևանի հետ մեր շփումներում: Մենք հանդես ենք գալիս շուտափույթ կերպով տարածաշրջան ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելություն կազմակերպելու դիրքերից»,- ասել է Զախարովան՝ հիշեցնելով, որ ավելի վաղ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների արտգործնախարարները համատեղ հայտարարությամբ կոչ էին արել գործակցել մարդասիրական, այդ թվում պատմամշակութային ժառանգության պահպանման հարցերով:

Զախարովան նաև անդրադարձել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի վերջին հայտարարությանը, թե ուր կարող է փախչել Հայաստանը Միութենական պետությունից: Նա մասնավորապես նշել է, որ Լուկաշենկոն խոսել է ոչ թե Միութենական պետության, այլ հնարավոր ինտեգրացիոն գործընթացների մասին՝ անվտանգության, տնտեսության և այլ ոլորտներում:

Ինչ վերաբերում է բուն Միութենական պետության, Զախարովան նշել է, որ «այն փակ միավորում չէ և հնարավորություն է ընձեռում այլ անդամ-պետությունների միանալ, դա վաղուց հայտնի տեղեկություն է , որևէ գաղտնիք չկա»:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28