Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին հարցրեց սահմանադրական բարեփոխումների գործընթացից:
Հանձնաժողովի կազմը հաստատելու որոշումն արդեն կա, նախարարը խորհրդի նախագահն է. «Այդ խորհրդի անդամներից մեկը՝ Էդմոն Մարուքյանը բարեփոխումների անհրաժեշտությունը բացատրեց, որ այս Սահմանադրությունը սուպերվարչապետական է, անատամ խորհրդարանական լիազորություններով: Այդպիսի սուպերվարչապետության եւ դրանից ազատվելու մասին էր խոսում նաեւ դեռեւս ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը եւ խոսում էր սուպերվարչապետությունից ազատվելու մասին: Դուք համաձա՞յն եք այդ տեսակետի հետ, որ Սահմանադրությունը սուպերվարչապետական է ու վարչապետի ո՞ր լիազորություններն եք համարում սուպեր: Դրանցից ազատվելու փոփոխություններ առաջարկելո՞ւ եք: Եթե չեք ընդունում, որ սուպերվարչապետական է, ապա բարեփոխումների անհրաժեշտությունն ինչպես կհիմնավորեք»:
Նախարարը պատասխանեց, որ խորհրդի անդամների տեսակետը իրենց անձնական բնորոշումն է. «Իմ խորին համոզմամբ, ներկայիս Սահմանադրության մեջ խախտված է բալանսավորումը իշխանության տարբեր թեւերի մեջ ու այդ բալանսավորման շտկման համար է նաեւ նախատեսված այս գործընթացը»: Անդրեասյանը ընդդիմադիրներին հրավիրեց, որ մասնակցեն այդ քննարկումներին ու փորձեն պարզել, թե որ լիազորությունը որտեղից պետք է վերցնել ու ում տալ, որ մի կողմից լինի բալանսավորված իշխանություն, մյուս կողմից չլինի քաոս, հատկապես ճգնաժամային իրավիճակներում:
Կյուրեղյանը նաեւ հարց ուղղեց դատարանները շրջափակելու, ԱԺ-ն շրջափակելու մասին, որը եղավ Փաշինյանի կոչով, սա չի՞ համարում իշխանությունների տարանջատման սկզբունքի խախտում, սահմանադրական կարգի խախտում՝ Անդրեասյանը պատասխանեց, որ քաղաքական բանավեճի մաս կազմող այդ օրինակները որեւէ կապ չունեն սահմանադրական լիազորությունների հետ. «Դատարանների շրջափակման թեման շատ է արծարծվել: Այն, որ դատարանների հանդեպ կա հանրային ծայրահեղ անվստահություն եւ այդ անվստահությունը պարբերաբար առաջացնում է քաղաքական խորը դժգոհություններ ե՛ւ իշխանական թեւում, ե՛ւ ընդդիմադիր թեւում: Իմիջիայլոց, այսօր էլ՝ հիմա դատավորների վրա քաղաքական մեծ ճնշումներ են կիրառվում հատկապես ընդդիմության կողմից եւ ես կուզեի, որ ո՛չ ընդդիմադիր, ո՛չ իշխանական թեւից երբեւէ որեւէ քաղաքական ճնշում չլինի»:
Կարդացեք նաև
Հակոբ Արշակյանն էլ արձագանքեց. «Մենք նաեւ արձանագրել ենք, որ խմբակցության որոշում է եղել, որ պատգամավորները գնան դատարաններ՝ ակցիայի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ