«Երբ դուք նշանակվում էիք արտգործնախարար, Նիկոլ Փաշինյանը ձեզ ներկայացնելիս ասում էր, որ դուք պետք է պատասխանատվություն կիսեք: Բայց տպավորությունն այնպիսին է, որ դուք ոչ միայն պատասխանատվություն եք կիսում: Այսօր, օրինակ, Նիկոլ Փաշինյանի փոխարեն Նիկոլ Վովայեվիչի մասին հիշատակում արած Լուկաշենկոյին պատասխանեցիք: Պատասխանեցիք այն հարցին, թե արդյոք Նիկոլ Փաշինյանը կգնա՞ Թուրքիա, թե՞ չի գնա: Կարեւոր, առանցքային նշանակության հարցերին դուք պատասխանեցիք»,- այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ դիմելով Միրզոյանին. «Փաստորեն, ներկուլիսային խոսակցությունները, որ Նիկոլ Փաշինյանը ձեզ է պատրաստում՝ որպես իր «ժառանգորդ», իրականությունից այդքան էլ հեռու չեն: Հիմա որպես Փաշինյանի ժառանգորդ, կարո՞ղ եք պատասխանել ոչ միայն Լուկաշենկոյին, երեկվանից սկսել եք իր «պորտը տեղը դնել», նաեւ պատասխանել Ալիեւի հոխորտանքներին: Ես ուզում եմ ձեզ հիշեցնել, որ Ալիեւը ամենավերջին նվաստացուցիչ որակումներն է տվել մեր երկրին, անձամբ Նիկոլ Փաշինյանին»:
Խամոյանի հարցը չավարտած՝ նիստը վարող Հակոբ Արշակյանը հորդորեց անջատել նրա խոսափողը: Ամբիոնին մոտեցավ ոչ թե Արարատ Միրզոյանը, այլ՝ Նիկոլ Փաշինյանը ու պատասխանեց. «Ուզում եմ բոլորին տեղյակ պահել, որ ես ոչ թե մեկ, այլ 4 ժառանգորդ ունեմ՝ Մարիամ Նիկոլի Փաշինյան, Աշոտ Նիկոլի Փաշինյան, Շուշան Նիկոլի Փաշինյան եւ Արփի Նիկոլի Փաշինյան»:
Խամոյանն արձագանքեց, որ բառարան չի բացելու՝ ժառանգորդ բառի այլ իմաստները ցույց տալու, բայց լինում է նաեւ իշխանության ժառանգորդ. «Հիմա դուք նաեւ փաստորեն հնարավորություն չեք ընձեռում ձեր ԱԳ նախարարին, ով ձեր հետ կիսում է պատասխանատվություն, անգամ նրան հնարավորություն չեք տալիս պատասխանելու իր մասին հնչեցրած հարցին»:
Հակոբ Արշակյանը հորդորեց ընդդիմադիր պատգամավորին Արարատ Միրզոյանին հարցն ուղղել գրավոր:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ