Որքա՞ն է եղել 2016թ․-ի ապրիլյան 4-օրյա պատերազմի ընթացքում հայկական կողմի զոհերի թիվը։ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանին նման հարց հղեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ ձեռքի տակ ունի քննչական կոմիտեի տվյալը․ «Այսօրվա դրությամբ ցավալի վիճակագրություն է՝ 3812…»։ Դահլիճում աղմուկ լսվեց, ինչից հետո միայն Փաշինյանը գլխի ընկավ, որ խոսքը ոչ թե 44-օրյա, այլ ապրիլյան ռազմական գործողությունների մասին է։ «Կներեք, սխալ հասկացա, այս պահին չեմ կարող անգիր հիշել»,-պատասխանեց Փաշինյանը։
Հայկ Մամիջանյանը նշեց․ «2016թ․ հաղթանակից հետ տեւական ժամանակ մի շարք լրատվամիջոցներ, որոնցում այդ ժամանակ աշխատում էին ձեր քաղաքական թիմի որոշ ներկայացուցիչներ, անդադար արծարծում էին հարյուրից ավելի զոհերի թիվը։ Ձեր նախորդ որակումը․․․ամեն զոհ մեծագույն ողբերգություն է բոլորիս համար։ Եթե 44-օրյա պատերազմի հետ կապված չպարզված հանգամանքներ կան, ապա ապրիլյանի դեպքում թիվը հստակ էր։ Հորդորում եմ ապրիլյանի զոհերի թվի վերաբերյալ մանիպուլյատիվ վերաբերմունք չցուցաբերել»։
Հիշեցնենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանը, նկատի ունենալով ընդդիմադիրներին, ասել էր, որ վերջիններս զոհերի մասին շրջանառում են 5000 թիվը, որտեղի՞ց այդ տվյալն իրենց։
Նիկոլ Փաշինյանն այսպես արձագանքեց․ «Օրեր առաջ ձեր կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանն ասում էր 5000 զոհ։ Որտեղի՞ց այդ տվյալը»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ