Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Հայկ Ալումյան. «ԵԴ-ն Հայաստանում տարբեր դատավորների կողմից մարդկանց ապօրինի կալանավորելու մի քանի տասնյակ վճիռ է կայացրել ու ինչո՞ւ մինչեւ այսօր դատավորները կալանավորված չեն»

Փետրվար 09,2022 19:22

Փաստաբան Հայկ Ալումյանը «Հայելի» ակումբում խոսելով երկրում տեղի ունեցող իրադարձությունների մասին՝ ասաց. «Ամեն անգամ, երբ հանդիպում ենք իշխանության կողմից պլանավորված քաղաքական մի նոր երեւույթի կամ զարհուրելի իրավախախտման, թվում է, թե հատակին ենք հասել, էլ տեղ չկա, սա ամենավերջին կետն է, ուր ընդհանրապես հնարավոր է հասնել: Բայց արդեն հետագայում տեսնում ենք, որ դա վերջին նիշը չէր ու մենք ավելի ու  ավելի ներքեւ ենք իջնում գոնե այն հարցերում, որոնք վերաբերում են մարդու իրավունքներին:

Մարդու  իրավունքների մասով ես  վստահաբար կարող եմ ասել, պնդել եւ ցանկացած լսարանի առջեւ հիմնավորել, որ ինչ կատարվում է մարդու իրավունքների ոլորտում, նմանը չունեցող երեւույթ է. հնարավոր է՝ նաեւ համաշխարհային մասշտաբով: Ասենք, դատարանները երկրի վարչապետի, երկրի փաստացի ղեկավարի կողմից արգելափակելը, փողոցում, սահմանադրական դատարանի առջեւ դատավորի վրա հարձակվելը եւ մինչեւ այսօրվա դրսեւորումները: Այս կարգի խոսքերի մեջ մարդիկ ասում են, որ անգամ աֆրիկյան պետություններում այսպիսի բան չկա: Հիմա եկել է ժամանակը, որ աֆրիկյան պետությունների հետ չարժե համեմատվել, այսինքն, նրանց չնեղացնել: Այդ ամենը մի ձեռագիր է, մի շղթայի օղակներ են: Եվ այդ ամենը իրականացվում է:

Խոսենք դատավոր Բորիս Բախշիյանին միջդատական ակտի համար կալանավորելու մասին: Հարցին եկեք նայենք հետեւյալ տեսանկյունից: Դատավոր Բախշիյանը մեղադրվում է այն բանում, որ անձի վերաբերյալ կալանավորման որոշում է կայացրել եւ այդ որոշումը ապօրինի է: Ո՞վ է գնահատել, որ այդ որոշումը ապօրինի է: Գնահատել է գործը քննող քննիչը: Հետո դատախազությունը միջնորդություն է ներկայացրել ԲԴԽ, վերջինը նույնպես առերեւույթ եզրահանգել է, որ, հավանաբար, այդ որոշումը  ապօրինի է եւ թույլատրել է, որ գործով մեղադրանք առաջադրվի Բախշիյանին եւ վերջինը կալանավորվի: Դատավոր Արղամանյանն էլ նույնպես գտնելով, որ առերեւույթ այդպիսի հատկանիշներ կան, կալանավորել է:

Եկեք ամեն ինչ ընդունենք այնպես, ինչպես պնդում է նախաքննական մարմինը, որովհետեւ մենք գործի նյութերը չգիտենք, իսկ նախաքննական մարմինը բոլորին տիրապետում է: Ընդունենք՝ այդպես էլ կա, դատավոր Բախշիյանը մարդուն կալանավորել է ապօրինաբար: Ելնենք այդ կանխավարկածից: Թող ներեն ինձ դատավոր  Բախշիյանը, նրա հարազատները եւ պաշտպանները: Ի՞նչ է ստացվում. Բախշիյանը կալանքի որոշում է կայացրել մի ամբաստանյալի վերաբերյալ եւ այդ որոշումը ապօրինի է: Դե հիմա նայենք այսպես: Եվրոպական դատարանը 2004 թվականից մինչեւ այսօր Հայաստանի վերաբերյալ մի քանի տասնյակ որոշումներ է կայացրել՝ կապված այն բանի հետ, որ եվրադատարան այս կամ այն դիմողը գանգատվել է, որ ինքը Հայաստանում կալանավորված է եղել ապօրինաբար: Մի քանի տասնյակ գործերով Եվրոպական դատարանը վճիռ է կայացրել, որով հաստատված է համարել, որ մի քանի տասնյակ անձինք տարբեր գործերով տարբեր դատավորների կողմից կալանավորված եղել: Սրանք Եվրոպական դատարանի կողմից հաստատված հանգամանք են եւ ոչ թե մեր քննիչի, ԲԴԽ-ի: Եթե չեմ սխալվում, մոտ 50 այդպիսի վճիռներ ունենք, որոնցով հաստատված է, որ անձինք կալանավորվել են ապօրինաբար: Եվ եթե դա այդպես է եւ հաստատված է  Եվրոպական դատարանի վճռով, ինչո՞ւ այդ անձանց կալանավորած դատավորները մինչեւ այսօր մեղադրյալի կարգավիճակ չունեն, ինչո՞ւ նրանք կալանավորված չեն, ինչո՞ւ նրանց նկատմամբ այդ հիմքով գոնե կարգապահական վարույթ հարուցված չէ, ինչո՞ւ մինչեւ այժմ նրանց նկատմամբ որեւէ միջոց ձեռնարկված չէ եւ ինչո՞ւ համանման խախտման համար, որը հաստատված է ոչ թե Եվրոպական դատարանի, այլ մեր քննիչի կողմից, դատավոր Բորիս Բախշիյանին կալանավորեցին, մեղադրանք առաջադրեցին: Տարբերությունը որտե՞ղ է: Տարբերությունը միայն այն բանի մեջ է, որ դատավոր Բախշիյանը մի քանի օր առաջ համարձակվել էր Աշոտ Մինասյանին ազատ արձակել կալանքից: Ոչ թե արդարացրել, այլ  գտել էր, որ մինչեւ դատավարության ավարտը կարիք չկա, որ Աշոտ Մինասյանը գտնվի  կալանքի տակ, որովհետեւ ոչ կթաքնվի քննությունից, ոչ կխոչընդոտի քննությանը:

Զուտ  այդ բանի համար դատավոր Բախշիյանի պահով հրահանգ իջեցվեց: Ու տեսեք՝ այդ հրահանգը ինչ միահամուռ կերպով կատարվեց»,-ասաց Հայկ Ալումյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28