Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե մենք ազնիվ ենք, ապա մեկ րոպե շուտ Նարեկ Մանթաշյանը պետք է հայտնվի ազատության մեջ». Ալեքսանդր Կոչուբաև

Փետրվար 09,2022 18:45

«Եթե մենք ազնիվ ենք, ապա մեկ րոպե շուտ Նարեկ Մանթաշյանը պետք է հայտնվի ազատության մեջ»,- Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում «Դրոշի գործի» դատավարության ընթացքում (նախագահող դատավոր Կարեն Ֆարխոյան) հայտարարեց «Այլընտրանք» ՀԿ-ի ղեկավար, «Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը:

Նա մանրամասնեց՝ այստեղ «շուրջ վեց ամսվա դիսբալանս կա» ու շարունակեց. «Ենթադրենք, եթե անձը կատարել է արարք, դա տեղի է ունեցել վեց ամիս առաջ, այդ գործն էլ գտնվում է դատական վարույթում: Դատավոր Տաթևիկ Գրիգորյանը, շատ լավ տեղյակ լինելով քրեական գործերին, քննարկել է և մյուս գործով կայացրել որոշում: Եթե նոր հանցանքի ռիսկի մասին ենք խոսում, ապա կան քննվող երկու գործեր: Հենց այդ արարքը, որը դրվել է  այս նոր գործի հիմքում՝ իբրև արարք, արդեն այն մյուս գործերում է դրված: Երբ քաղաքական ակտիվության որոշակի պիկ է տեղի ունենում, հանկարծ առաջ են բերում այս գործը, թե իբր Նարեկ Մանթաշյանին պետք է պահեն անազատության մեջ, որ նոր հանցանք չկատարի»:

Ըստ փաստաբանի՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին Նարեկ Մանթաշյանի հնչեցրած արտահայտությունները բերել, մտցրել են այս գործի մեջ և ասում են, որ Նարեկ Մանթաշյանը, մնալով ազատության մեջ, նոր հանցանք կկատարի: Ըստ պաշտպանի՝ սա հստակ ցուցիչ է, թե այս գործն ինչի վրա է կառուցված: Ալեքսանդր Կոչուբաևի վստահեցմամբ՝ ընտրված խափանման միջոց կալանքը հիմնավոր չէ և այլ խափանման միջոցն ի զորու է ապահովել Նարեկ Մանթաշյանի անհրաժեշտ և ցանկալի վարքագիծը: Նա միջնորդեց, որպեսզի դատարանը կալանքը փոխարինի երեք միլիոն դրամ գրավի կիրառմամբ:

Նարեկ Մանթաշյանը դատարանի դահլիճում հայտարարեց, որ ինքն անազատության մեջ գտնվելով ավելի ազատ է, քան քննիչն ու դատախազը. «Քննիչն ու դատախազը ստիպված են եղել իրենց մասնագիտության, խղճին, իրենց կարողություններին դեմ գնալով քրեական գործեր կարել»:

Մեղադրող դատախազ Արամ Անանյանը հայտարարեց՝ գտնում է, որ խափանման միջոց գրավն ունակ չէ ապահովել մեղադրյալի պատշաճ վարքագիծը:

Դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, որոշեց անփոփոխ թողնել Մանթաշյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը և մերժեց պաշտպանների գրավի միջնորդությունը:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ Սևակ Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28