Լրահոս
Օրվա լրահոսը

Սա հնարավորություն է՝ իմ օրինակով ուղղորդելու տեղացի երիտասարդներին, նրանց հասցնելու մեծ բեմեր. Հասմիկ Պապյան

Փետրվար 09,2022 18:09

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է ՀՀ ժողովրդական արտիստ, օպերային երգչուհի Հասմիկ Պապյանին: Հանդիպմանը ներկա էր նաև նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

«Շատ ուրախ եմ տեսնել Ձեզ այստեղ՝ հայրենիքում: Ի թիվս մեր բազմաթիվ հայրենակիցների՝ ես ևս Ձեր արվեստի երկրպագուն եմ և շատ բարձր եմ գնահատում ոչ միայն Ձեր մշակութային գործունեությունը, այլև Ձեզ՝ որպես ակտիվ քաղաքացու, որպես մտավորականի, ով անտարբեր չէ օրվա իրադարձությունների և հայրենիքի ճակատագրի նկատմամբ»,- ողջունելով հյուրին՝ ասել է նախարարը:

Վահրամ Դումանյանը հետաքրքրվել է երգչուհու ներկա գործունեությամբ, առաջիկա ծրագրերով: Ի պատասխան՝ Հասմիկ Պապյանը տեղեկացրել է, որ 32 տարի արտերկրում ապրելուց հետո 2020 թ.-ին վերադարձել է Հայաստան և ստանձնել Կոնսերվատորիայի օպերային ստուդիայի գեղարվեստական ղեկավարի պարտականությունները. «Սա լավագույնն էր, ինչով կցանկանայի զբաղվել: Սա հնարավորություն է՝ իմ օրինակով ուղղորդելու տեղացի երիտասարդներին, նրանց հասցնելու մեծ բեմեր՝ առավելագույնս օգտագործելով իմ ներուժն ու կարողությունները»:

Երգչուհին մատնանշել է երիտասարդների՝ Հայաստանից դուրս ելույթների անհրաժեշտությունը, ինքնահաստատումը, ինչպես նաև արտերկրում արդեն իսկ կայացած կատարողների փորձի փոխանակումը հայրենակիցների հետ: Այս համատեքստում Պապյանը հայտնել է, որ նախատեսում է մի ծրագիր՝ ներգրավելու հայ արվեստագետներին: Ըստ նրա՝ տաղանդավոր շատ գործիչներ պատրաստ են վերադառնալ հայրենիք և իրենց փորձը փոխանցել երիտասարդ կատարողներին՝ նրանց մրցունակ դարձնելով նաև եվրոպական թատրոններում:

Վահրամ Դումանյանը բարձր է գնահատել Հասմիկ Պապյանի նախաձեռնությունը. «Անկասկած, Ձեր ներդրումը շատ կարևոր է մեր պետության համար: Մենք ևս նպատակադրված ենք միավորելու առողջ և կարող ուժերը՝ ի շահ հայրենիքի և հանրության: Մեր ունեցած ռեսուրսներով պատրաստ ենք աջակցելու հայրենանվեր ցանկացած գործունեության»:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև մշակութային դաշտում առկա խնդիրները, դրանց լուծմանն ուղղված հնարավոր ճանապարհները: Կարևորել են երիտասարդների կայացման աջակցմանը միտված ռեսուրսների ներդրման անհրաժեշտությունը, ինչպես նաև արվեստի անքննելի դերը հանրության հոգևոր, մշակութային կյանքը հարստացնելու գործընթացում:

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Գնալ, ստեղծագործական լավագույն տարիները ծառայեցնել օտար մշակույթներին, (թեկուզ դրանք լինեն աշխարհի հռչակավոր թատրոններ՝ Լա Սկալա, Մետրոպոլիտեն) և ստեղծագործական կյանքի մայրամուտին հիշել հայրենիքը և վերադառնալ (երբ այլևս օտարներին չի հետաքրքրում), դա ես հայրենասիրությոն չեմ համարում … Հիշենք Րաֆֆու խոսքերը – ,,Ես որ մի նշանակություն չեմ տալիս այն փառքին, հռչակին, որ հայը ստանում է օտարների ծառայության մեջ,, …

  2. Վերևում կարդալ ,,ոչ մի,, …

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28