ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետը ԳԱԱ Մ. Գ. Մանվելյանի անվան ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտի հետ համատեղ ներկայացրել է «WC-Co-C(ալմաստ) կոմպոզիտների բարձր ճնշումային և ջերմաստիճանային սինթեզ մեծ արդյունավետությամբ կտրող տարրերի ստեղծման նպատակով» թեման:
Նախագծի նպատակն է բարձր ջերմաստիճանային և բարձր ճնշումային սինթեզի մեթոդի կիրառմամբ ստանալ WC-Co տիպի կոմպոզիտների համեմատությամբ էապես բարելավված մեխանիկական հատկություններով WC-Co-C(ալմաստ) տիպի կոմպոզիտներ:
Նախատեսվում է WC-Co-C(ալմաստ) կոմպոզիտների համար ստանալ այնպիսի օպտիմիզացված ֆազային բաղադրություն և միկրոկառուցվածք, որոնք կպայմանավորեն դրանց մեխանիկական հատկությունների (կարծրություն, ճկման և սեղմման ամրություն, մաշման դիմադրություն) բարելավումն ավանդական WC-Co կոմպոզիտների մեխանիկական հատկությունների համեմատությամբ:
Թեմայի գիտական ղեկավար, ԵՊՀ ֆիզիկայի ԳՀ ինստիտուտի պինդ մարմնի ֆիզիկայի ԳՀ լաբորատորիայի առաջատար գիտաշխատող Վալերի Հարությունյանի խոսքով, ստացված կոմպոզիտները կարող են կիրառվել հատող գործիքների կտրող տարրերի պատրաստման համար՝ դրանց շահագործման պիտանելիության ժամկետը երկարացնելու նպատակով:
Նշված մեթոդով ստացված կոմպոզիտներից պատրաստված կտրող տարրերից ակնկալվում է բարձր աշխատանքային արդյունավետություն հատկապես կարծր երկրաբանական ապարների (գրանիտ, բազալտ, դացիտային տուֆ և այլն) հատման տեխնոլոգիայում:
Թեման ֆինանսավորման է երաշխավորել ԿԳՄՍՆ-ն:
Կարդացեք նաև
ԵՊՀ