«Ինչպես հայտարարել էի, ՀՀ-ի եւ Ադրբեջանի ղեկավարների մակարդակով ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու վերականգնման, կառուցման մասին։ Տրվել են հանձնարարականներ։ Աշխատանքային խումբ եմ ձեւավորել, որն արդեն զբաղվում է երկաթուղու կառուցման աշխատանքը կազմակերպելու գործով»,-կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ այսօր հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա տեղեկացրեց․ «Հիմա քննարկում ենք տեխնիկական աշխատանքի, նախագծման, կառուցման աշխատանքների ֆինանսավորման հարցը։ Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածությամբ՝ այն թղթի վրա պետք է դառնա պայմանավորվածություն։ Պայմանավորվել ենք, որ երկաթուղին գործելու է միջազգային չափանիշներով՝ երկու երկրների օրենսդրության, սուվերենության շրջանակներում։ Սահմանային անցման կետերում իրականացվելու է սահմանային, մաքսային հսկողություն։ Երկաթուղիները պետք է կպնեն իրան, ուստի պարամետրերը պետք է համաձայնեցնենք, որ կառուցենք»։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այդ երկաթուղին դառնալու է միջազգային բեռնափոխադրումների ուղի․ «Կարեւոր է, որ փաստաթուղթն արագ ստորագրվի։ Մեր գնահատականով՝ վավերացման կարիք չկա, բայց եթե կարիք լինի, խորհրդարանում պետք է վավերացվի։ Ինչ վերաբերում է ավտոտրանսպորտային երթուղիներին, ապա վերականգնման, կառուցման գործընթացը սկսելու համար սպասում ենք Ադրբեջանի արձագանքին»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ