«Ադրբեջանն անընդհատ ասում է, որ առաջին պատերազմից հետո մոտ չորս հազար անհետ կորած ունի։ Հայկական կողմն էլ ունի՝ 777։ Պաշտոնական թիվն է։ Փորձ է արվում ներկայացնել, թե հայկական կողմը նաեւ այս հարցում կոնկրետ քայլեր չի արել»,- կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ այսօր հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Տեղեկացնեմ, որ մեկ տարում ադրբեջանական կողմին է փոխանցվել առաջին պատերազմից անհետ կորած համարվող 108 անձի մարմին, այս դեպքում տերմինը ճիշտ է օգտագործել։ Առաջիկա օրերին պատրաստվում ենք եւս երկու մարմին փոխանցել։ Այս թեմայով ՀՀ-ի աշխատանքը սկսվել է դեռեւս 2020թ․-ի մեկնարկին, երբ ԱԽ նիստում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջնորդությամբ քննարկեցինք, տվեցի հանձնարարական, որ հումանիտար հարցերը պետք է կարգավորվեն»,-նշեց Փաշինյանը։
Նա հավելեց․ «Ակնկալում ենք, որ ոչ միայն առաջին պատերազմի, այլեւ 44-օրյա պատերազմի մեր անհետ կորածների ճակատագրերը պարզելու հարցում կհաջողվի համագործակցել։ 217 անհետ կորած ունենք 44-օրյա պատերազմից։ Այո, պայմանավորվածություն է ձեռքբերվել գործակցել անհետ կորածների ճակատագրերը պարզելու հարցում»։
Ապա Փաշինյանը շեշտեց՝ նախկինում չեն հայտարարել, որ ադրբեջանական կողմին այդքան մասունքներ են վերադարձրել, որովհետեւ գտնում են, որ դա հումանիտար հարց է․ «Միջազգային դիվիդենտներ հավաքելու հարց չկա։ Հուսամ՝ ադրբեջանական կողմն էլ կոնկրետ քայլեր կանի»։
Կարդացեք նաև
Այս թեմայով հարց հնչեցրած ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը հետաքրքրվեց՝ սակարկության մասին կարո՞ղ ենք փաստել, գուցե Ադրբեջանը գերիներին վերադարձնելու դիմաց պահանջո՞ւմ է առաջին պատերազմում անհետ կորածների մասունքները։ Փաշինյանը պատասխանեց․ «Մենք 108 մարմին վերադարձրել ենք առանց նախապայմանի։ Ճիշտ չենք համարում, որ հումանիտար հարցը դառնա սակարկության առարկա։ Նույն կերպ վերաբերվել ենք ականապատ քարտեզներին։ Մարդկանց ճակատագրով չեն սակարկում»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ