Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայաստանի Հելսինկյան կոմիտեն հրապարակել է «Մարդու իրավունքները Հայաստանում 2021 թվականին» տարեկան զեկույցը

Փետրվար 09,2022 17:16

Նախաբան

2021 թ․ Հայաստանում շարունակվեց նախորդ տարվա ծանր պարտությունից հետո խորացած քաղաքական ճգնաժամը։ 2020 թ․ նոյեմբերի 9-ի հայ-ադրբեջանա-ռուսական եռակողմ հայտարարությունը նախատեսում էր ռազմագերիների վերադարձ, նաև պատերազմող կողմերի կողմից իրենց դիրքերի պահպանում։ Սակայն ադրբեջանական կողմը ոչ միայն չվերադարձրեց հայ ռազմագերիներին, այլև շարունակեց զորքերի առաջխաղացումը արդեն բուն Հայաստանի Հանրապետության տարածքում՝ գերեվարելով հայ սահմանապահ զինվորականներին։ Մայիսի 12-ից սկսած ադրբեջանական զինված ուժերը գրավել են Հայաստանի Հանրապետության տարածքից շուրջ 40 քառ․ կմ՝ պարբերաբար կրակահերթեր արձակելով խաղաղ բնակչության, գյուղերի ուղղությամբ։ Շատերն իրավացիորեն նշում են, որ Հայաստանն ապրում է մեկօրյա պերմանենտ պատերազմների մեջ։

2021 թ․ շարունակվեց ներքաղաքական ճգնաժամը։ Չնայած ընդդիմության կազմակերպած բողոքի բազմամարդ ցույցերին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական չտվեց։ Այնուհետև պայմանավորվածության գալով խորհրդարանական և որոշ արտախորհրդարանական ուժերի հետ՝ կազմակերպեց արտահերթ ընտրություններ։ Ընտրություններն անցան վարչական ռեսուրսի աննախադեպ կիրառությամբ՝ ներգրավելով հազարավոր ոստիկանների, ուսուցիչների, աշակերտների, ավտոբուսներով համակիրներին մարզից մարզ տեղափոխելով։ Աշնանը Հայաստանի մի շարք համայնքներում տեղի ունեցան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Հետաքրքրական է, որ այն համայնքներում, որտեղ իշխող կուսակցությունը հաջողության չհասավ, որպես կանոն, խոչընդոտվում էր հաղթող ուժի կողմից ՏԻՄ ղեկավարի ընտրությունը՝ երբեմն կալանավորելով համայնքի ղեկավարի թեկնածուին։ Զեկույցում ներկայացված են ինչպես նշված դեպքերը, այնպես էլ դատական համակարգում տեղի ունեցող բացասական զարգացումները, խաղաղ հավաքների դիտարկման արդյունքները, քաղաքական հետապնդումները և այլ խնդիրներ։

Ընտրական իրավունք

2020 թ․ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմն ավարտվեց նոյեմբերի 9-ի հայ-ադրբեջանա-ռուսական եռակողմ հայտարարությամբ։ Պատերազմի հետևանքով հայկական կողմը կրեց տարածքային և մարդկային կորուստներ։ Այս ամենը Հայաստանում առաջացրեց ներքաղաքական սուր ճգնաժամ։ Պատերազմի ավարտից հետո Հայաստանում ձևավորվեց մեկ տասնյակից ավելի քաղաքական ուժեր համախմբող «Հայրենիքի փրկության շարժում» ընդդիմադիր դաշինքը: Փողոցային պայքարի անցած ընդդիմադիրները պահանջում էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, անցումային ժամանակավոր կառավարության ձևավորում և շուրջ մեկ տարի անց արտահերթ ընտրությունների անցկացում։ Վարչապետի հրաժարականն էին պահանջում ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան, Երևանի պետական համալսարանը, ինչպես նաև Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին, Հայաստանի ՊՆ զինված ուժերի գլխավոր շտաբը, Սյունիքի մարզի համայնքների մեծ մասը։

Բողոքի ակցիաներն ընթանում էին հանրահավաքներով, երթերով, պիկետներով։ Սակայն Ն․ Փաշինյանը տեղի չտվեց ընդդիմության պահանջներին և, սեպարատ բանակցություններ վարելով խորհրդարանական և արտախորհրդարանական որոշ ուժերի հետ, ինքը նախաձեռնեց արտահերթ ընտրությունների կազմակերպումը՝ հայտարարելով, որ ստեղծված ներքաղաքական իրադրությունից լավագույն ելքն արտահերթ խորհրդարանական ընտրություններն են:

Արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար, ըստ ՀՀ Սահմանադրության, Ազգային ժողովը պետք է արձակվի, եթե վարչապետի հրաժարականից հետո երկու շաբաթում երկու անգամ անընդմեջ չի ընտրվում նոր վարչապետ, ապա ոչ շուտ, քան 30 և ոչ ուշ, քան 45 օր հետո նշանակվում են նոր ընտրություններ։ Ազգային ժողովի արձակման սահմանադրական հիմքերի ստեղծման համար 2021 թ․ ապրիլի 25-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց և երկու անգամ չընտրվեց վարչապետի պաշտոնում։ 2021 թ․ մայիսի 10-ին Ազգային ժողովն արձակվեց, և ՀՀ նախագահը նշանակեց արտահերթ ընտրությունները 2021 թ. հունիսի 20-ին։ Մի շարք ընդդիմադիր գործիչներ և իրավաբաններ պնդում էին, որ հրաժարականից հետո Ն․ Փաշինյանը չի կարող լինել վարչապետի պաշտոնակատար, մինչդեռ վերջինիս աջակիցները գտնում էին, որ Սահմանադրությունը նման հնարավորությունը չի բացառում։ Հատկանշական է, որ դեռևս 2018 թ․ Ն․ Փաշինյանը նույնպես այն կարծիքին էր, որ վարչապետը «հրաժարականի պարագայում չի կարող լինել վարչապետի պաշտոնակատար»։

Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցելու հայտ էին ներկայացրել 22 կուսակցություն և 4 կուսակցությունների դաշինք («Հայաստան», «Պատիվ ունեմ», «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք», «Ազատ հայրենիք»), թեկնածուների ցուցակում ներառվել է 2623 թեկնածու, այդ թվում՝ 965 կին (37 տոկոս): «Հայոց արծիվներ․ միասնական Հայաստան» կուսակցությունը թեև նախապես գրանցվել էր ընտրություններին մասնակցելու համար, սակայն հետագայում հրաժարվեց մասնակցելուց։

2016 թ. ընդունված ՀՀ ընտրական օրենսգիրքը փոփոխվեց 2021 թ. ապրիլ և մայիս ամիսներին՝ ընտրությունների նշանակումից կարճ ժամանակ առաջ: Խորհրդարանն ընդունեց փոփոխությունների երկու փաթեթ. 2021 թ․ ապրիլի 1-ին խորհրդարանի կողմից 82 կողմ ձայնով փոփոխությամբ անցում կատարվեց ամբողջական համամասնական ընտրակարգի: Այն նախատեսվում էր իրականացնել կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) կողմից ներկայացվող ցուցակների հիման վրա։ Հարկ է նշել, որ փոփոխությունների նախագիծը հիմնականում արժանացել էր Վենետիկի հանձնաժողովի հավանությանը։ Սակայն հանրապետության նախագահը նախընտրեց չստորագրել փոփոխությունները՝ վկայակոչելով դրանց ընդունման ժամանակը և խորհրդարանում կոնսենսուսի բացակայությունը, քանի որ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները չէին մասնակցել քվեարկությանը: Փոփոխությունների երկրորդ՝ ավելի ընդգրկուն փաթեթը, որը չէր կիրառվելու 2021 թ. հունիսի 20-ի արտահերթ ընտրություններում, ընդունվեց 2021 թ. մայիսի 7-ին:

ԱԺ արտահերթ ընտրություններին ընտրելու իրավունք ունեցող 2.595.512 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել են 1.281.997-ը կամ ընտրողների 49%-ը։

ԿԸՀ-ն 2021 թ. հունիսի 27-ին իր թիվ 183-Ա որոշմամբ արձանագրեց, որ 2021 թ. հունիսի 20-ին կայացած արտահերթ ընտրությունների նախապատրաստման և քվեարկության ընթացքում տեղի չեն ունեցել ՀՀ ընտրական օրենսգրքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրության արդյունքի վրա, և նույն օրն էլ ԿԸՀ-ն ընդունեց արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին թիվ 184-Ա որոշումը:

2021 թ․ հունիսի 20-ին կայացած քվեարկության արդյունքում ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված անցողիկ շեմը (կուսակցությունների դեպքում՝ 5%, կուսակցությունների դաշինքների դեպքում՝ 7%) հաղթահարեց երկու քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ ձայների 53.91%-ով՝ 71 մանդատ, և «Հայաստան» դաշինքը՝ 21.09%-ով՝ 29 մանդատ։ Հաշվի առնելով ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջը, որի համաձայն՝ խորհրդարանում պետք է ներկայացված լինեն առնվազն երեք քաղաքական ուժեր, ՀՀ 8-րդ գումարման ԱԺ մանդատներ ստացավ նաև 5.22% ձայն ստացած և պահանջվող շեմը չհաղթահարած «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 7 մանդատ։

 Չորս քաղաքական ուժեր՝ խորհրդարան անցած «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքները, ինչպես նաև անցողիկ շեմը չհաղթահարած «Հայոց Հայրենիք» կուսակցությունն ու «Զարթոնք» դաշինքը, դիմեցին Սահմանադրական դատարան` Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու կամ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու և մանդատների բաշխման կարգը սահմանելու կամ էլ ընտրությունների երկրորդ փուլ նշանակելու պահանջով, : ՍԴ-ն միավորեց բոլոր չորս դիմումները և քննեց մեկ գործով: Դատական նիստը մեկնարկեց հուլիսի 9-ին: Հուլիսի 21-ին ՍԴ-ն հրապարակեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների վիճարկման գործով որոշումը, ըստ որի անփոփոխ թողեց ընտրությունների արդյունքների վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը:

Նախընտրական քարոզչություն

ԱԺ արտահերթ ընտրությունների պաշտոնական քարոզարշավը, օրենքի պահանջին համապատասխան, սկսվեց 2021 թ. հունիսի 7-ին և տևեց 12 օր։ Քվեարկության նախորդող օրը քարոզչության արգելքը հիմնականում պահպանվել է, սակայն «Պատիվ ունեմ» դաշինքի բողոքին հետևելով՝ ԿԸՀ-ն նախազգուշացում է արել «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածու Նիկոլ Փաշինյանին ընտրությանը նախորդող օրը քարոզ իրականացնելու համար:

Մինչ ընտրությունների մասին պաշտոնական քարոզարշավի մեկնարկը՝ մարտ ամսից, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնարկել է վարչական ռեսուրսի օգտագործումը և չարաշահումը: Ըստ ՀՀ վարչապետի պաշտոնական կայքի՝ վարչապետը Նիկոլ Փաշինյանը 2021 թ. մարտ, ապրիլ մայիս ամիսներին այցելել է Արագածոտնի, Արմավիրի, Վայոց ձորի, Գեղարքունիքի մարզեր։ ՀՀ վարչապետի աշխատանքային այցերն ու հանդիպումները պարունակել են քարոզչության տարրեր: Ելույթների ընթացքում Փաշինյանն անդրադարձել է Արցախի հարցին, որը, վարչապետի խոսքով, լուծված չէ, ինչպես նաև տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը՝ դա ձեռնտու համարելով և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի համար: Շատերը պնդում են, որ սրանք նախընտրական քարոզարշավ են՝ ասելով, որ այսկերպ ստեղծվել է անհավասար պայքար մյուս ուժերի միջև: Ի դեպ, հանդիպումների ընթացքում Փաշինյանը նաև փաթեթներով նվերներ է բաժանել հավաքներին մասնակից երեխաներին:

Նախընտրական ժամանակահատվածում և՛ իշխանական, և՛ ընդդիմադիր կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) կողմից նկատելի ավելացել են (հատկապես համայնքների ղեկավարների, մարզպետների, հիմնադրամների և այլն) սոցիալական օգնության և բարեգործական գործունեության տարբեր դեպքեր, որն ակնհայտորեն միտված է եղել ներգործելու ընտրողների որոշման վրա։ Արձանագրվել են հետևյալ դեպքերը՝ «Տիգրան Արզաքանցյան» բարեգործական հիմնադրամի, «Իմ քայլը» հիմնադրամի, , «Վերածնվող Հայաստան» կուսակցության ղեկավար, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի կողմից, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի անունից, ԲՀԿ Գավառի տարածքային գրասենյակի համակարգող և կուսակցության ընտրական ցուցակով պատգամավորի թեկնածու Արամայիս Ապրոյանի կողմից և այլն։

Խոշոր հեռարձակողները նկատելի ջանքեր գործադրեցին ընտրություններին մասնակցող մրցակիցների լայն շրջանակ լուսաբանելու ուղղությամբ` նպաստելով ընտրողներին իրազեկված ընտրություն կատարելու համար անհրաժեշտ տեղեկատվության ապահովմանը: Հանրային հեռուստաընկերությունը մրցակիցների համար ապահովել է հիմնականում հավասարակշռված լուսաբանում, այնուամենայնիվ ալիքը վարկաբեկիչ խոսքի պատճառով խմբագրել է մի ընդդիմադիր կուսակցության գովազդային հոլովակը: Մի քանի լրատվամիջոցներ կազմակերպել են բանավեճեր, ներառյալ Հանրային հեռուստաընկերությունը: Մրցակցող կուսակցությունների և դաշինքների ղեկավարների կեսից ավելին հրաժարվեցին Հանրային հեռուստաընկերության և Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (NDI) կազմակերպած «Հայաստանն ընտրում է» բանավեճին մասնակցելուց՝ անընդունելի համարելով քաղաքական ուժերի առաջին համարների մասնակցության հաջորդականությունը և ընտրման կարգը։

Ապրիլի 28-ին Ազգային ժողովն ընդունեց Քրեական և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերում փոփոխություններ նախատեսող օրինագիծը: Այս փոփոխությունները արդեն գործեցին հունիսին անցկացված արտահերթ ընտրություններին: Ըստ այդ փոփոխությունների՝ ավելի խիստ պատասխանատվություն սահմանվեց նախընտրական քարոզչությունը խոչընդոտելու համար՝ հավաքին մասնակցելուն խոչընդոտելը, հարկադրելը, նյութապես շահագրգռելը քրեականացվեցին։

Հայաստանի գլխավոր դատախազությունն ամփոփեց 2021 թ. հունիսի 20-ին կայացած Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրական հանցագործությունների դեպքերի քննության արդյունքները: Ընդհանուր առմամբ, հարուցված ավելի քան 80 քրեական գործերով մեղադրանք է առաջադրվել 91 անձի, որոնցից՝ 67-ին՝ ընտրակաշառք տալու, ընտրակաշառք ստանալու, ընտրակաշառքի միջնորդության, ընտրակաշառք տալու փորձի, օժանդակության կամ կազմակերպման համար։ Այսինքն` ընտրակաշառքի հետ կապված հանցագործություններ կատարելու համար որպես մեղադրյալ ներգրավված անձանց թիվը կազմում է ընդհանուրի շուրջ 73,5 տոկոսը:

Մեղադրյալներից 8-ը եղել են արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցած կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի թեկնածուներ, մասնավորապես, 2-ը՝ «Հայաստան» դաշինքի, 4-ը՝ «Պատիվ ունեմ» դաշինքի, 1-ը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, 1-ը՝ «Վերելք» կուսակցության պատգամավորի թեկնածուների ցուցակներում ընդգրկված անձինք:

Հոկտեմբերի 15-ի դրությամբ ընտրական և ընտրությունների հետ կապված հանցագործությունների առթիվ քննված քրեական գործերից 22-ը մեղադրական եզրակացություններով ուղարկվել են դատարան: Դրանցով դատի է տրվել ընդհանուր 46 անձ։

ԱԺ արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավի մշտադիտարկում

ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածում դիտարկվել են վարչական ռեսուրսի չարաշահման դեպքեր: Քարոզարշավի հավաքների, հանդիպումների ընթացքում բազմիցս նկատվել է պաշտոնատար անձանց (այդ թվում՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի, մի շարք նախարարների պաշտոնակատարների, մարզպետների, համայնքների ղեկավարների և այլք), ձեռնարկությունների, դպրոցների, մշակույթի կենտրոնների ներկայացուցիչների, դպրոցականների մասնակցություն՝ հիմնականում աշխատանքային ժամերին կամ չգտնվելով արձակուրդում։ Որպես վարչական ռեսուրս օգտագործվել են ծառայողական ավտոմեքենաներ, եղել է ոստիկանական ուժերի անհամաչափ և անհարկի օգտագործում։ Նման դեպքեր արձանագրվել են «Քաղաքացիական պայմանագիր», «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների, «Հայաստան» դաշինքի կազմակերպած հավաքների ժամանակ։

Այդուհանդերձ, ԱԺ արտահերթ ընտրությունների նախընտրական փուլն ընդհանուր առմամբ ընթացել է մրցակցային պայմաններում։ Այս ընտրությունները աչքի են ընկել ավելի քիչ ծրագրային քննարկումներով և ավելի շատ անձնավորված քննադատությամբ, մեղադրանքներով, ինչպես նաև ատելության խոսքի ծայրահեղ դրսևորումներով։

Ընտրությունների նախաշեմին քաղաքական մրցակիցներ, հատկապես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները, օգտագործելով նախկինների և ներկաների հակամարտությունը, օգտագործել են վիրավորական արտահայտություններ, ելույթներ են ունեցել սպառնալից ենթատեքստերով։ Օգտագործվել են այնպիսի սպառնալիքներ, ինչպիսիք են՝ «վենդետա լինելու է», «քաղաքացիական վրեժ, վենդետա ու կադրային ջարդ է լինելու», «բոլոր քրեական թափթփուկները պառկելու են Ագարակի ասֆալտների վրա», «էս չագուչը ժողովրդի ձեռով իջնելու ա ձեր դատարկ գլուխներին իրավունքի և դիկտատուրայի ձևով», «փաստեր եմ հրապարակելու իր մասին, իր ընտանիքի մասին», «ձեռքներիս պետք է դագանակ ունենանք, որ ով մուրճով գա, դագանակով գլխին տանք»: Հանրահավաքների ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնակատարի կողմից ցուցադրաբար օգտագործվել է նաև մուրճ, որն էլ ավելի լարված մթնոլորտ է ստեղծել։

Թշնամանքի և ատելության տարածման համատեքստում սովորականից ավելի հաճախակի են եղել մրցակիցների քարոզչանյութերի կամ գույքի դիտավորյալ վնասման դեպքերը: Այսպես, ԶԼՄ-ներով հրապարակվել է դրվագ, որում ներկայացված է, որ Նիկոլ Փաշինյանի աջակիցները Չարենցավանում հարձակվել են Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբի վրա և ձվերով հարվածել շտաբի պատուհաններին:

Ի լրումն քաղաքական մրցակիցների նկատմամբ սպառնալիքների՝ քաղաքական ուժերից մեկը («Հայաստան» դաշինք) բազմիցս ատելության քարոզ է իրականացրել քաղաքացիական հասարակության կառույցների նկատմամբ՝ պիտակավորելով «սորոսական», և ուղղակիորեն սպառնացել է ընտրվելու պարագայում սահմանափակել ժողովրդավարական ու քաղաքացիական ազատությունները՝ արգելելով կամ սահմանափակելով միջազգային կառույցներից ֆինանսավորվող հասարակական կազմակերպությունների գործունեությունը։

Քվեարկության դիտորդություն

Մինչև հունիսի 5-ը, որը սահմանված վերջնաժամկետն էր, ԿԸՀ-ն ընտրությունները դիտարկելու համար հավատարմագրել է 19 քաղաքացիական հասարակության կազմակերպություններ (ՔՀԿ)՝ ընդհանուր թվով 8748 դիտորդով, 8 միջազգային կազմակերպություն և 20 դիվանագիտական ու արտաքին պատվիրակություն: Ընտրությունների լուսաբանման նպատակով ԿԸՀ-ում հավատարմագրվել է 49 օտարերկրյա և 68 տեղական զանգվածային լրատվության միջոցներ:

2021 թ․ հունիսի 20-ին կայացած Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ընթացքում Հայաստանի Հելսինկյան կոմիտեի 13 դիտորդները մշտական դիտորդություն են իրականացրել 6 ընտրատեղամասում՝ կեսօրից հետո։ Նշվածից բացի, շրջիկ դիտորդություն է իրականացվել շուրջ 10 ընտրատեղամասում։

Դիտորդության արդյունքում արձանագրվել են հետևյալ թերությունները և խախտումները։

  • 2 տեղամասի հարակից տարածքում կայանած ավտոմեքենաների վրա եղել են քարոզչական պաստառներ։
  • 2 տեղամասում եղել են կահավորման խնդիրներ քվեախցիկների տեղադրման հետ կապված, որը չէր ապահովում քվեարկության գաղտնիությունը։
  • 2 տեղամասում դիտարկվել է բաց քվեարկության 4 դեպք։
  • 2 տեղամասում արձանագրվել է 2-ական դեպք՝ միաժամանակ 2 քաղաքացու մուտք քվեախցիկ։
  • Քվեարկության ավարտից 10 րոպե առաջ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վստահված անձը բարձրաձայն հայտարարել է, որ շուտով 43 ընտրող է գալու:
  • 2 տեղամաս հասանելի և հարմարեցված չեն եղել ֆիզիկական հաշմանդամություն ունեցող անձանց համար։
  • Արձանագրվել է ոստիկանի պարբերաբար ելումուտը տեղամաս։
  • Արձանագրվել է տարբեր կուսակցությունների/դաշինքների վստահված անձանց կողմից ուղղորդում։
  • Դիտորդի կողմից նկատվել է քվեատուփին մոտեցող քաղաքացու ծրարի մի անկյան ծալված լինելը։
  • Ընտրողների ցուցակում մեկ քաղաքացու ստորագրության դիմաց բացակայել է հանձնաժողովի անդամի կնիքը։
  • Արձանագրվել է 4 դեպք, երբ ծրարում եղել է 1-ից ավելի քվեաթերթիկ։
  • Ձայների հաշվարկի ժամանակ դիտորդը արձանագրել է հարևան տեղամասից վստահված անձանց անընդհատ ելումուտ տեղամաս՝ առանց գրանցամատյանում գրանցվելու։
  • Նույն կուսակցության օգտին քվեարկած 4 թերթիկներ անկյունից ծալված են եղել։
  • Ինքնուրույն քվեարկելու կարողություն չունեցող անձին օգնողի տվյալները հանձնաժողովի անդամները չեն գրանցել։
  • Քվեաթերթիկների մի մասը չի եղել չհրկիզվող պահարանում։ Մեկ այլ սեղանի վրա քարտուղարը դասավորել է քվեաթերթիկների փաթեթը։
  • 2 տեղամասում գտնվելու իրավունք ունեցող ներկա անձանց վկայականները ոչ միշտ են եղել տեսանելի։
  • Արձանագրվել են դեպքեր ընտրողներին քվեաթերթիկների ամբողջական փաթեթ չտրամադրելու վերաբերյալ։
  • Դիտարկված տեղամասերից մեկում քվեատուփը պատշաճ կերպով կնքված չի եղել: Ձայների հաշվարկի փուլը սկսվել է ժամը 21։00-ի սահմաններում, «Անկախ դիտորդ» դաշինքի դիտորդ Դանիել Իոաննիսյանը դիտողություն է արել հանձնաժողովի նախագահին՝ կապված քվեատուփի կապարակնիքների հետ, նա պնդել է, որ նախագահը չի կնքել քվեատուփը և պահանջել է կնքել։ Իրավիճակը վերջնական շտկվել է թիվ 9 տարածքային ընտրական հանձնաժողովի անդամ Լևոն Ասատրյանի և հանձնաժողովի նախագահ Եղիշ Տերտերյանի միջամտությամբ, որոնք Դ Իոաննիսյանին տեղամասային կենտրոնից դուրս բերելուց կարճ ժամանակ անց այցելել են թիվ 9/21 տեղամասային կենտրոն։ Մոտավորապես ժամը 21։00-ին հանձնաժողովը սկսել է ձայների հաշվարկի փուլը։
  • Ձայների հաշվարկի ժամանակ արձանագրվել է վստահված անձի միջամտության դեպք։

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի իրականացրած դիտորդության արդյունքներին կարող եք ծանոթանալ Հելսինկյան կոմիտեի կայքում հետևյալ հղումով: Արձանագրված վերոնշյալ թերությունները և խախտումները կատարվել են տարբեր կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների կողմից («Բարգավաճ Հայաստան», «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություններ, «Պատիվ ունեմ», «Հայաստան» դաշինքներ, «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք» և այլն)։ Տեղամասային ընտրական հանձնաժողովները հիմնականում դիտարկված թերությունները և խախտումները գրանցել են տեղամասային գրանցամատյաններում։ Որոշ տեղամասերում նկատված թերությունները և խախտումները հանձնաժողովի նախագահին տեղեկացնելուց հետո մասամբ շտկվել են։ Քվեարկության արդյունքների ամփոփման արձանագրության քաղվածքը տրամադրվել է դիտորդներին։

Ընտրությունների ընթացքում տեղի ունեցած խախտումների և թերությունների մասին բարձրաձայնել են նաև դիտորդական առաքելություն իրականացնող այլ նախաձեռնություններ։ «Ականատես» դիտորդական նախաձեռնությունը, որին ներգրավված են եղել 580 կարճաժամկետ դիտորդներ, դիտորդություն է իրականացրել Հայաստանի ողջ տարածքում վիճակագրորեն ներկայացուցչական ընտրանքով առանձնացված 300 ընտրատեղամասում։ Ըստ «Ականատես» դիտորդական առաքելության զեկույցի՝ քվեարկության օրն ընդհանուր առմամբ անցել է քաղաքացիների շահագրգիռ և ակտիվ մասնակցության պայմաններում։ Արձանագրվել են հետևյալ ընտրախախտումները զգալի թվով տեղամասերում հիմնականում կողմնակի անձանց ներկայություն, ուղղորդման դեպքեր, տեղամասերում առանձին կուսակցությունների վստահված անձանց թույլատրելի թվի գերազանցում, ընտրողների անվան դիմաց առկա այլ անձի ստորագրություն կամ այլ անձի փոխարեն ընտրություն, բազմակի և բաց քվեարկության դեպքեր, ինչպես նաև նկատվել են ընտրողների կազմակերպված տեղափոխում ընտրատեղամաս, կուտակման դեպքեր, տարբեր նշումներով քվեաթերթիկներ, եղել են ընտրատեղամասեր, որոնք անմատչելի են եղել սահմանափակ հնարավորություններ ունեցող ընտրողների համար։

Ուշագրավ է հետևյալ դիտարկումը. «Թիվ 10/51 տեղամասում զինծառայողների քվեարկության ընթացքում հրամանատարները գտնվել են քվեարկության սենյակում այնքան ժամանակ, մինչև բոլոր զինծառայողները քվեարկել են: Քվեարկության ընթացքում հրամանատարը ցուցադրել է դատարկ ծրար՝ պարզաբանելով քվեարկության կարգը: Հանձնաժողովի նախագահը որևէ կերպ չի միջամտել, իսկ դիտորդի նկատած վերոնշյալ խախտումը/խախտման վերաբերյալ գնահատականը գրանցվել է տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում»:

Ընտրությունների ընթացքում բարձրաձայնվել են զինվորների կողմից պարտադրված, ուղղորդված քվեարկության մասին բազմաթիվ դեպքեր։ Օրինակ՝ տեսանյութում ակնհայտ երևում է, որ տեղամասում զինվորները քվեախցիկից արդեն պատրաստի քվեարկած քվեաթերթիկով ծրարը վերցնում, դուրս են գալիս։

Սյունիքի Գորիս քաղաքի թիվ 34/03 ընտրատեղամասում՝ «Հայաստան» դաշինքի վստահված անձը պնդել է, որ զինվորները դրսից ուղղորդված են գալիս քվեարկության: Զանգվածային խախտումներ են արձանագրվել Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի Սոթք վարչական շրջանում գտնվող թիվ 20/50 ընտրատեղամասում, որտեղ քվեարկել է Գեղարքունիքի բանակային կորպուսի զինծառայողների մի մասը։

Զինվորականների կողմից ուղղորդված քվեարկության մասնակցության խնդիրը առկա է եղել բոլոր անցած համապետական ընտրությունների ընթացքում։ Նման դեպքեր են արձանագրվել դեռևս 1996 թ․ նախագահական ընտրությունների ժամանակ՝ ԵԱՀԿ-ի կողմից կատարված դիտորդական առաքելության վերաբերյալ զեկույցում:

 Տեղական ինքնակառավարման մարմիններ և 2021 թ․ ՏԻՄ ընտրություններ

2018 թվականի իշխանափոխությունից հետո նոր ձևավորված իշխանությունների կողմից իրավապահ մարմինների միջոցով ճնշումներ են գործադրվել ՏԻՄ համայնքների ղեկավարների նկատմամբ՝ նրանց հրաժարականի պահանջով։ Իշխանությունների պահանջով, վարչական ապօրինի ներգործության և իրավապահ մարմինների վրա իրենց ազդեցության հետևանքով, հրաժարական են ներկայացրել մի շարք (հատկապես խոշոր) համայնքների ղեկավարներ, օրինակ՝ Արմավիրի, Հրազդանի, Էջմիածինի, Ուրցաձորի և այլն։

Համավարակի պատճառով 2020 թվականի մարտի 15-ից մինչև 2021 թվականի հոկտեմբերի 17-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ-ում ՏԻՄ ընտրություններ չեն անցկացվել, որի հետևանքով բազմաթիվ համայնքներում ավարտվել են ՏԻՄ-երի (համայնքների ղեկավարների և ավագանու անդամների) լիազորությունները՝ առաջացնելով նրանց կայացրած որոշումների լեգիտիմության խնդիրներ։

Լիազորությունների ժամկետն ավարտած համայնքների ղեկավարների դեպքում ՀՀ վարչապետի կողմից նշանակվել են քաղաքային, իսկ ՀՀ մարզպետներից կողմից՝ գյուղական համայնքների ղեկավարների պաշտոնակատարներ։ Հատկանշական է, որ և՛ ՀՀ վարչապետի, և՛ մարզպետների նշանակած համայնքային պաշտոնակատարները մեծ մասամբ եղել են նոր գործիչներ՝ իրենց քաղաքական թիմի ներկայացուցիչներ։

2021 թվականի սեպտեմբերին Ազգային ժողովն ընդունեց ՀՀ Կառավարության ներկայացրած համայնքների խոշորացման վերաբերյալ օրենքի նախագիծը, որը մշակվել էր առանց տեղական հանրաքվեների կազմակերպման և համայնքների կարծիքը լսելու։ Նախագծի համաձայն՝ 441 համայնքներ միավորվելով կդառնան 38, ընդհանուր Հայաստանում կլինի 79 համայնք, ներառյալ Երևանը։ Ընդդիմությունը չի մասնակցել օրինագծի քվեարկությանը՝ այն համարելով հակասահմանադրական։

Համայնքների խոշորացումը ենթադրում է նոր ՏԻՄ ընտրությունների անցկացում, ինչի պատճառով այն կարող է օգտագործվել որպես համայնքների անցանկալի ղեկավարներին պաշտոնազրկելու միջոց։ Որոշ համայնքների ղեկավարներ, քաղաքացիներ խոշորացման արդյունքում մտահոգված են, որ փոքր համայնքները միավորվելուց հետո կկորցնեն իրենց ինքնությունը և իրենց անունը չի հնչի որպես բնակավայր, կմեկուսանան, ավագանիում չեն ունենա ներկայացուցիչներ, կանտեսվեն, հաշվի չեն առնվի իրենց կարծիքը և խնդիրները, աշխարհագրական կտրտվածության պատճառով կդժվարանան փաստաթղթային ձևակերպումները և այլ գործառույթներ: Տրանսպորտի բացակայության կամ վատ աշխատանքի հետևանքով կխոչընդոտվեն ՏԻՄ-երի հետ հաղորդակցման հարցերը, ինչպես նաև հանրային տարածքների բացակայության պատճառով (համայնքային կենտրոններ, դպրոցներ, հիվանդանոցներ, մշակույթի տներ և այլն) բնակիչների միջև չեն ձևավորվի սոցիալ-մշակութային կապեր։

ՏԻՄ ընտրություններ

2021 թ․ հոկտեմբերի 17-ին Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզերի 9 համայնքներում, նոյեմբերի 14-ին՝ Լոռու, Սյունիքի, Տավուշի մարզերի 3 համայնքներում, իսկ դեկտեմբերի 5-ին՝ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերի 36 համայնքներում տեղի են ունեցել համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանիների հերթական ընտրություններ:

ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ տեղեկատվությունը ստացել ենք սոցիալական ցանցերի ու ԶԼՄ-ների մշտադիտարկման արդյունքում, ինչպես նաև «Ականատես» դիտորդական առաքելության զեկույցների ուսումնասիրությունից։

2021 թ․ հոկտեմբերի 17-ի ընտրություններում Դիլիջան և Տեղ համայնքներում հաղթել է «Քաղաքացիական պայմանագիրը», Գորիսում՝ «Առուշ Առուշանյան» դաշինքը, Մեղրիում՝ «Հանրապետություն» կուսակցությունը, մյուսներում՝ տարբեր ուժեր։ Գյումրի քաղաքում պայքարը եղել է «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցության և «Քաղաքացիական պայմանագրի» միջև։ Ձայների բաշխման արդյունքում առաջին տեղում եղել է «Բալասանյան դաշինքը», երկրորդում՝ «Քաղաքացիական պայմանագիրը»։ Գորիսում հիմնական պայքարը եղել է «Առուշ Առուշանյան» դաշինքի և «Քաղաքացիական պայմանագրի» միջև։ Ձայների գերակշռող առավելությամբ՝ 60,28%-ով, հաղթել է «Առուշ Առուշանյան» դաշինքը, որի ցուցակը գլխավորել է կալանքի տակ գտնվող Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը։ Սյունիքի մարզի Գորիս և Տեղ համայնքներում կայացած ընտրություններում արձանագրված խնդիրներից են եղել Տեղ համայնքում ենթադրյալ ընտրակաշառքի բաժանման հրապարակային տվյալները և Ոստիկանության կողմից Գորիս քաղաքում «Առուշ Առուշանյան» դաշինքի շտաբի խուզարկության և մուտքը փակելու հետ կապված դեպքերը։ Դեպքին անդրադարձել է Մարդու իրավունքների պաշտպանը։

2021 թ. նոյեմբերի 14-ի ընտրություններում Ստեփանավան և Իջևան համայնքներում հաղթել է «Քաղաքացիական պայմանագիրը», իսկ Կապան համայնքում՝ ձայների ճնշող թվով «Շանթ դաշինքը»։

2021 թ. դեկտեմբերի 5-ին 36 համայնքում կայացած ընտրություններում 14 համայնքում «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է 50%-ից ավելի ձայն, 12-ում «Քաղաքացիական պայմանագիրը» ոչ միայն 50%-ից ավելի ձայն չի ստացել, դեռ ավելին՝ որոշ համայնքներում՝ Վանաձոր, Փարաքար, Նոր Հաճն, Ապարան, Նաիրի և այլն, ստացել է 24-34%, իսկ 8 համայնքում առաջինն է եղել, բայց ընդդիմության՝ դաշինք կազմելու արդյունքում զրկվել է համայնքի ղեկավար ունենալու հնարավորությունից։

Ծովագյուղ և Սեմյոնովկա համայնքներում գրանցվել է ընտրողների զրոյական մասնակցություն։ Ոչ մի ընտրող չի մասնակցել քվեարկությանը՝ ի նշան խոշորացման գործընթացի դեմ բողոքի։

Նախընտրական քարոզչություն

Նախընտրական քարոզարշավի ընթացքում վերոնշյալ բոլոր համայնքներում արձանագրվել են մի շարք խնդիրներ, ներառյալ՝ վարչական ռեսուրսի չարաշահման, քաղաքական ճնշումների դրսևորումներ և այլ խախտումներ, հիմնականում իշխանության և իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից։

Վարչական ռեսուրսի չարաշահումներ

Ընտրությունների նախընտրական շրջանում համայնքների ղեկավարների, մարզպետարանների և ՀՀ Կառավարության կողմից կատարվել են սոցիալական աջակցության նպատակով հատկացումներ, որոնք ակնհայտորեն միտված են եղել ներգործելու ընտրողների որոշման վրա։ Օրինակ՝ Ստեփանավան, Կապան համայնքների ղեկավարների, Սյունիքի, Լոռու մարզպետարանների որոշումներով դրամական օգնություն են ստացել հարյուրավոր բնակիչներ։

Նախընտրական շրջանում հաճախացել են ՀՀ փոխվարչապետ, ինչպես նաև որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սուրեն Պապիկյանի մարզային այցերը, մասնավորապես, Լոռու մարզի Ստեփանավան և Սյունիքի մարզի Կապան համայնքներ։ Նախընտրական քարոզարշավի մարզային հանդիպումների, միջոցառումների ժամանակ ակտիվ մասնակցություն են ունեցել պատգամավորներ, մարզպետներ, համայնքների ղեկավարներ, դպրոցների տնօրեններ և ուսուցիչներ, հանրային ծառայողներ՝ ապահովելով իրենց ներկայությունը կամ հանդես գալով քարոզչական ելույթներով։ Օրինակ՝ նոյեմբերի 20-21-ին Արագածոտնի մարզպետ Ռազմիկ Պետրոսյանը ՀՀ ԱԺ պատգամավոր Մաթևոս Ասատրյանի, մարզպետի տեղակալ Տիգրան Եղիազարյանի, մարզպետարանի ոլորտային պատասխանատուների հետ այցելել է Արագածոտնի մարզի Ապարան խոշորացված համայնքի Լուսագյուղ, Եղիպատրուշ, Նիգավան, Կայք, Վարդենիս, Չքնաղ, Թթուջուր, Ձորագլուխ բնակավայրեր: Նրանց ուղեկցել են նաև դեկտեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում Ապարան համայնքի ղեկավարի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող, համայնքի ղեկավարի թեկնածու Էդգար Փարվանյանը և բնակավայրերի վարչական ղեկավարները։

Նոյեմբերի 27-ին ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնքի Նոր Խարբերդ բնակավայրում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական միջոցառմանը մասնակցել է Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը, որը ելույթ ունենալով՝ կոչ է արել ընտրել կուսակցության ընտրական ցուցակով համայնքի ղեկավարի թեկնածու հանդիսացող Սայեն Հայրապետյանին։ Միջոցառմանը մասնակցել են նաև պետական մարմինների ներկայացուցիչներ, ուսուցիչներ։

Դեկտեմբերի 3-ին՝ ժամը 17։00-ին, Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության եզրափակիչ հանդիպմանը մասնակցել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը և Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։

Քաղաքական ճնշումներ

Նախընտրական շրջանում դիտարկվել են ընտրողների և ընդդիմադիր թեկնածուների նկատմամբ քաղաքական ճնշումներ դեպքեր։ Նման դեպքերից էր Սյունիքի մարզպետարանի կրթության վարչության պետ Մերի Գանդալյանի նկատմամբ ճնշումների գործադրումը։ Ըստ Մ.Գանդալյանի՝ հոկտեմբերի 28-ին իրեն հորդորել են դիմում գրել և ազատվել աշխատանքից։ Հրաժարվելուց հետո իր դեմ սկսվել է ծառայողական քննություն։ Մ.Գանդալյանը տեղի ունեցածը կապել է Կապանի ավագանու ընտրությունների հետ, քանի որ խորհրդարանական ընտրություններին ինքն ընտրել է «Հայաստան» դաշինքը։ Մ.Գանդալյանի նկատմամբ սկսվել է ծառայողական քննություն, և մինչև նոյեմբերի 29-ը դադարեցվել են նրա լիազորությունները: Նրա նկատմամբ կիրառվել է «խիստ նկատողություն» կարգապահական տույժը, որի դեմ ներկայացված բողոքն ամբողջությամբ բավարարվել է։ Վարչության պետի շահերի լիազոր ներկայացուցիչ Ռոբերտ Հայրապետյանի խոսքով՝ Գանդալյանի դեմ իրականացվել է քաղաքական հետապնդում, որը վերջնական արդյունքի չի հասել։

 2021 թ․ հոկտեմբերի 29-ին Մարդու իրավունքների պաշտպանին գրավոր բողոքներ են հասցեագրել Կապանում գործող «Չաարատ Կապան» ՓԲ ընկերության մի քանի աշխատակիցներ այն մասին, որ իրենք ընդգրկված են «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցության ավագանու թեկնածուների ցանկում: Ըստ բողոքների՝ այդ մասին տեղեկանալուց անմիջապես հետո ընկերության ղեկավարությունն իրենցից պահանջել է կա՛մ հրաժարվել ավագանու թեկնածությունից և դուրս գալ կուսակցության ցուցակից, կա՛մ սեփական դիմումով ազատվել աշխատանքից: Համաձայն Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ներկայացված ահազանգերի՝ նշված ՓԲ ընկերության նկատմամբ ճնշումներ են գործադրել հանրային իշխանության առանձին մարմիններ ու պաշտոնյաներ՝ իրենց առաջադրած թեկնածուի օգտին բարենպաստ պայմաններ ապահովելու նպատակով:

«Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրեն Անժելա Մաքյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել, որ իր որդու` Գոռ Թադևոսյանի՝ «Շանթ դաշինքի» կազմով թեկնածու առաջադրվելու նախօրեին պետական վերահսկողական ծառայությունը մշտադիտարկում է իրականացրել «Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ում։ Հոկտեմբերի 20-ին տասնյակ ոստիկաններ քոլեջից առգրավել են փաստաթղթեր, իսկ հոկտեմբերի 28-ին՝ առավոտյան 8:30-ին, խուզարկություններ են կատարվել իր և 23 աշխատակիցների բնակարաններում։

2021 թ․ ՏԻՄ ընտրությունների հետընտրական զարգացումներ

2021 թ․ դեկտեմբերի 5-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից հետո իշխող քաղաքական ուժի կողմից տարբեր անհարկի միջամտություններով փորձեր են կատարվել ազդելու ՏԻՄ-երի ձևավորման վրա: Դիտորդական առաքելության կողմից նշվել են հետևյալ դրսևորումները՝ քվեարկության արդյունքները չընդունելու հիմքով ՏԻՄ-երի ձևավորումը բոյկոտելը, դաշինքների ձևավորման ընթացքում ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների նկատմամբ ճնշումների վերաբերյալ ահազանգերը, հաղթող թեկնածուների նկատմամբ՝ հատկապես հետընտրական ժամանակահատվածում կիրառվող քրեական հետապնդումները:

Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքում, չստանալով քվեների՝ օրենքով սահմանված 50%+1 մեծամասնությունը, դեկտեմբերի 16-ին «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունների ընտրական ցուցակների ավագանու բոլոր թեկնածուները տարածքային ընտրական հանձնաժողով ներկայացրել են ինքնաբացարկի դիմումներ՝ փաստացի տապալելով համայնքային իշխանության ձևավորման գործընթացը։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջին համար Գարիկ Սարգսյանն այս որոշումը հիմնավորել է նրանով, որ իրենց և «Հանրապետություն» կուսակցությանը չի հաջողվել դաշինք ձևավորել, ինչի պատճառով էլ նպատակահարմար են գտել վայր դնել մանդատները։ Ի հետևանք՝ Վեդի խոշորացված համայնքում տեղի կունենան նոր ՏԻՄ ընտրություններ։

Արագածոտնի մարզի Թալին խոշորացված համայնքում ընտրություններին մասնակցած ընդդիմադիր «Զարթոնք», «Հայք» և «Մեր համայնքը» քաղաքական ուժերը դաշինք են կազմել և առաջադրել համայնքի ղեկավարի միասնական թեկնածու՝ «Հայք» խմբակցությունից: Սակայն Թալին համայնքի ավագանու առաջին նիստում համայնքի ղեկավար է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն (մեկ ձայնի առավելությամբ), քանի որ «Հայք» խմբակցության ընտրական ցուցակի ներկայացուցիչը, նշված երեք քաղաքական ուժերի համագործակցության փաստաթղթին դեմ գնալով, քվեարկել է ՔՊ կուսակցության թեկնածուի օգտին։ Ի դեպ, ավագանու նիստի ողջ ընթացքում Թալինի համայնքապետարանի շենքը շրջափակված է եղել մեծաթիվ ոստիկանական ուժերով, և նույնիսկ խոչընդոտվել է լրագրողների մուտքը ավագանու նիստերի դահլիճ։ Ըստ ստացված ահազանգերի՝ ճնշումներ և սպառնալիքներ են կիրառվել ընդդիմադիր քաղաքական ուժերի նկատմամբ։

Լոռու մարզի Վանաձոր խոշորացված համայնքում դեկտեմբերի 5-ին անցկացված ՏԻՄ ընտրությունների արդյունքում 10 քաղաքական ուժերից անցողիկ շեմը հաղթահարել է 5 ուժ։ ՏԻՄ ընտրությունների արդյունքներով առաջատար է ճանաչվել «Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինքը, սակայն նրան չի հաջողվել կայուն մեծամասնություն ձևավորել։ Վանաձորի համայնքի ղեկավարի թեկնածու Մամիկոն Ասլանյանը 2021 թ. դեկտեմբերի 15-ին ձերբակալվել, իսկ 16-ին՝ կալանավորվել որպես մեղադրյալ՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման և պաշտոնեական կեղծիքի մեղադրանքներով։ Վանաձոր խոշորացված համայնքի ավագանու առաջին նիստը չի կայացել վարչական դատարանի որոշմամբ, որի մասին «Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինքի անդամները տեղեկացել են հենց նույն օրը՝ նիստերի դահլիճում։ Այդ նիստին չեն ներկայացել մյուս երեք քաղաքական ուժերի ներկայացուցիչները։

Նորընտիր ավագանու անդամները մանդատները ստացել են դեկտեմբերի 22-ին։ Մանդատները ստանալուց հետո ավագանին օրենքի ուժով պետք է գումարի իր առաջին նիստը։ Դեռևս հայտնի չէ՝ արդյոք առավելագույն ձայներ ստացած «Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինքը կմասնակցի՞ նիստին՝ հաշվի առնելով համայնքի ղեկավարի իրենց թեկնածուի՝ կալանքի տակ գտնվելու փաստը։

2021 թ․ դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններում Արմավիրի մարզի Փարաքար համայնքում 10 մանդատ է ստացել «Ապրելու երկիր» կուսակցությունը, 9 մանդատ՝ «Դավիթ Մինասյան» կուսակցությունների դաշինքը, 2-ը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Համայնքի ղեկավարի պաշտոնի համար առաջադրվել է «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Վոլոդյա Գրիգորյանը, որն ընտրվել է 10 ձայնով, բայց Դավիթ Մինասյանի թեկնածությունը պաշտպանողներն այլ քվեարկություն են կազմակերպել՝ նրան համայնքի ղեկավար ընտրելով 11 ձայնով։ Դեկտեմբերի 23-ին «Ապրելու երկիր» կուսակցության աջակիցները հավաքվել են Փարաքարի մշակույթի տան բակում, որտեղ պետք է տեղի ունենար իրենց թեկնածուի երդմնակալությունը, , սակայն ոստիկանները նրանց թույլ չեն տվել շենք մտնել։ Փարաքարում ոստիկանների և «Ապրելու երկիր» կուսակցության համակիրների միջև բախումներ են սկսվել։ Նույն օրը «Դավիթ Մինասյան» դաշինքը դատարան հայց է ներկայացրել՝ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու պահանջով: «Վարչական դատարանը որոշում է կայացրել անվավեր ճանաչել «Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավար ընտրելու մասին» համայնքի ավագանու՝ 20․12․2021 թ․ թիվ 1 որոշումը, այսինքն` անվավեր ճանաչել համայնքապետի ընտրության արդյունքները»,- նշված է փաստաթղթում։ Վճիռը վերջնական է, ենթակա չէ բողոքարկման, ուժի մեջ մտել հրապարակման պահից։

Գեղարքունիքի մարզի Վարդենիս խոշորացված համայնքում 2021 թ․ դեկտեմբերի 5-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում մրցակցող քաղաքական ուժերից ոչ մեկը չի ստացել 50%+1 ձայներ: Ընտրություններից երկու օր անց՝ դեկտեմբերի 7-ին, «Ահարոն Խաչատրյան» կուսակցությունների դաշինքն ու «Միասնական Վարդենիս» կուսակցությունը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որ դաշինք են կազմել և միասին ստանձնել քաղաքի կառավարումը։ Որպես համայնքի ղեկավարի թեկնածու նշվել է «Միասնական Վարդենիսի» ցուցակը գլխավորող, նախկին քաղաքապետ Արամ Հարությունյանի անունը։ Այդ երկու կուսակցությունների դաշինքները համաձայնության արդյունքում՝ վերահաշվարկից հետո, ունեցել են ձայների շուրջ 53%-ը և միավորվել են՝ ստանալով 14 մանդատ՝ ընդդեմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 13 մանդատի: Դրան հաջորդել է «Միասնական Վարդենիս» կուսակցությունների դաշինքի առաջնորդ և համայնքի ղեկավարի հիմնական թեկնածու Արամ Հարությունյանի ձերբակալությունը՝ ՀՀ քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով, ինչի պատճառով նա չի կարողացել մասնակցել ավագանու առաջին նիստին: 2021 թ․ դեկտեմբերի 30-ին կայացել է նորընտիր ավագանու առաջին նիստը, որին մասնակցել են երկու կուսակցությունների դաշինքի ավագանու անդամները և համայնքի ղեկավար են ընտրել Ահարոն Խաչատրյանին։ 2022 թ․ հունվարի 4-ին համայնքապետարանի շենքի առջև տեղի է ունեցել համայնքի նորընտիր ղեկավար Ահարոն Խաչատրյանի երդմնակալության արարողությունը, քանի որ համայնքապետարանի շենքը շրջապատված է եղել ոստիկանության ուժերի և մեծ թվով կարմիրբերետավորների պատնեշով՝ խոչընդոտելով ավագանու անդամների մուտքը համայնքապետարանի շենք։ Պատճառաբանությունն այն էր, որ 2021 թ․ ավագանու առաջին նիստը իրավաչափ չի եղել, ՔՊ-ի կողմից բողոքարկվել է վարչական դատարան։ Վարչական դատարանից որևէ որոշում չկար։

Ընտրական գործընթացների համատեքստում պետք է նաև դիտարկել Երևան քաղաքի ավագանու ընտրություններից երեք տարի անց քաղաքապետին փոփոխելու նպատակով սանձազերծված գործընթացը, որտեղ, ըստ Երևանի ավագանու մի շարք անդամների վկայության, գործող քաղաքապետին անվստահության հայտնելու և նոր քաղաքապետի ընտրության գործընթացն ուղեկցվել է Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների վրա ճնշումների գործադրմամբ և շանտաժի գործիքների կիրառմամբ:

Դատական համակարգ

2021 թ․ հունվարին Բարձրագույն դատական խորհուրդը (այսուհետ՝ նաև ԲԴԽ) համալրվեց երկու անդամով։ ՀՀ Ազգային ժողովը Գագիկ Ջհանգիրյանին և Դավիթ Խաչատուրյանին ընտրեց ԲԴԽ անդամ։ Թեև ՀՀ Սահմանադրությամբ և «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով նախատեսված է, որ դատավորները պաշտոնավարում են մինչև վաթսունհինգ տարին լրանալը, իսկ Գագիկ Ջհանգիրյանը արդեն բոլորել էր 65 տարին, սակայն դա չխանգարեց, որ ՀՀ Ազգային ժողովը նրան ընտրի որպես ԲԴԽ անդամ։ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքը սահմանում է, որ Բարձրագույն դատական խորհրդի անդամը չի կարող զբաղվել քաղաքական գործունեությամբ։ Այս առնչությամբ անհրաժեշտ է հիշատակել, որ Գագիկ Ջհանգիրյանը 2008 թ․, լինելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, նախագահական ընտրություններից հետո քաղաքական հայտարարություն է արել և մասնակցել ընդդիմության կողմից անցկացվող հանրահավաքներին։ Այն ժամանակ ընդդիմությանն անդամակցել է նաև ՀՀ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հետագայում՝ 2012 թ․, «Հայ ազգային կոնգրես» կուսակցության ցուցակով Գագիկ Ջհանգիրյանը և Նիկոլ Փաշինյանը դարձել են ՀՀ ԱԺ պատգամավոր։

Հետագայում ԲԴԽ աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունը տարածեց հայտարարություն, որի համաձայն 2021 թվականի ապրիլի 15-ին, դռնփակ նիստում, Բարձրագույն դատական խորհուրդը, հիմք ընդունելով գլխավոր դատախազի կողմից Բարձրագույն դատական խորհրդի նախագահ, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ ոչ իր լիազորությունների իրականացման կապակցությամբ քրեական հետապնդում հարուցելու մասին Բարձրագույն դատական խորհրդին տեղեկացնելը, որոշում է կայացրել Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները կասեցնել որպես դատավոր և որպես ԲԴԽ անդամ (նախագահ)՝ մինչև վերջինիս նկատմամբ հարուցված քրեական գործով վարույթի ավարտը: Օրենքի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պարտականությունները շարունակեց իրականացնել խորհրդի տարիքով ավագ անդամը՝ Գագիկ Ջհանգիրյանը:

Ռուբեն Վարդազարյանին Հատուկ քննչական ծառայությունը մեղադրանք է առաջադրել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 3-րդ մասի՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հատկանիշներով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։ Վարդազարյանի դեմ քրեական գործ է հարուցվել՝ առանց նրա անձեռնմխելիության հաղթահարման՝ նախկին դատավոր, ԱԱԾ տնօրենի նորանշանակ տեղակալ Անդրանիկ Սիմոնյանի հաղորդման հիման վրա։

Ռուբեն Վարդազարյանը 2020 թ․ նոյեմբերի 15-ին կոչով դիմել էր դատավորներին, ի թիվս այլնի դատավորի առաքելությունն իրականացնելիս առաջնորդվել բացառապես Սահմանադրությամբ և օրենքներով, հավատարիմ մնալ ժողովրդի առջև տված երդմանը և զերծ մնալ բոլոր տեսակի քաղաքական ճնշումներից և ազդեցություններից։ Նա իր կոչում նաև նշել էր հետևյալը․ «Այսօր է, թերևս, առարկայական ու վերջնական տրվելու շուրջ երկու տարի ողջ հանրությանը ալեկոծած և դատավորներիս համար ամոթալի չարաբաստիկ հարցի պատասխանը՝ մենք պատերի տակ վնգստացող դատավորնե՞ր ենք, թե՞ հայրենիքին նվիրված ազնիվ պրոֆեսիոնալներ»:

Իր նկատմամբ հետապնդման վերաբերյալ Ռուբեն Վարդազարյանը հայտարարել է, թե համոզված է, որ իշխանությունն այս ճանապարհով փորձում է իրեն հեռացնել ԲԴԽ նախագահի պաշտոնից։

Ապրիլի 22-ին դատավոր Ռուբեն Վարդազարյանը բողոք էր ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ գլխավոր դատախազի 2021 թվականի ապրիլի 14-ի «Անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին» որոշման դեմ: Մայիսի 31-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակել էր բողոքի վերաբերյալ որոշման եզրափակիչ մասը, որով դատարանը արձանագրել էր Ռուբեն Վարդազարյանի իրավունքների և օրինական շահերի խախտումները և պարտավորեցրել վարույթն իրականացնող մարմնին դրանք վերացնել: Ակտի համաձայն՝ Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ չէր կարող քրեական հետապնդում հարուցվել, այսինքն՝ մեղադրանք առաջադրվել՝ առանց ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախնական համաձայնության: Հետևաբար՝ առանց նման թույլտվության հաղթահարված չի եղել Ռուբեն Վարդազարյանի՝ որպես դատավորի, ընթացակարգային անձեռնմխելիությունը, իսկ մեղադրանք առաջադրելով խախտվել են վերջինիս իրավունքները և միջնորդավորված՝ նաև դատական իշխանության անկախությունը:

Դատախազության բողոքի հիման վրա Վերաքննիչ դատարանը բեկանել էր առաջին ատյանի դատարանի որոշումը՝ ամբողջությամբ բավարարելով դատախազության որոշումը։

2021 թ․ հուլիսին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը առգրավել էր վարչական, սնանկության, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանների համակարգիչները։ Դատախազությունից հայտնել են, որ քրեական գործը հարուցվել է դատավորների միջև համակարգչային ծրագրի միջոցով իրականացվող գործերի բաշխման գործընթացին ապօրինի միջամտելու հոդվածով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ և պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով դրվագով։ Սակայն նշված գործով դեռևս մեղադրյալ չկա։

Ի դեպ, համակարգչային ծրագրի միջոցով իրականացվող գործերի բաշխման գործընթացի ներմուծումը համարվում է առաջընթաց, համակարգիչներն առգրավվելուց հետո գործերի բաշխումն իրականացվում է դատարանի նախագահի կողմից։ Շատերի գնահատմամբ՝ նպատակն այն էր, որ քաղաքական դրդապատճառներով հարուցված, այդ անձանց վերաբերյալ կալանավորման գործերն ուղղորդվեն հպատակ դատավորներին՝ իշխանության համար ցանկալի արդյունք ապահովելու համար։

Եվրոպայի խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խումբը (ԳՐԵԿO) 2019 թ․ դեկտեմբերի 6-ին Հայաստանին վերաբերող պարտավորությունների կատարման վերաբերյալ երկրորդ զեկույցի 44-րդ կետում արձանագրել է հետևյալը․

«44. Հարկ է նշել, որ, համաձայն Պարտավորությունների կատարման զեկույցի, այս հանձնարարականը կատարվել է մասամբ: Առաջին մասի առնչությամբ իշխանությունները հայտնում են, որ արդարադատության նախարարի՝ դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իրավունքը պահպանվել է: ԳՐԵԿՕ-ն շեշտել է, որ գործադիր իշխանության մաս կազմող արդարադատության նախարարի ներգրավվածությունը դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու գործում կարող է համարվել դատական անկախության [սկզբունքի] հետ ոչ ամբողջությամբ համատեղելի։»:

Ըստ ՀՀ դատական իշխանության պաշտոնական կայքի՝ 2021 թ․ ընթացքում շուրջ երեք տասնյակ դատավորների նկատմամբ ընթացել են կարգապահական վարույթներ, այդ թվում՝ կարգապահական վարույթ հարուցված է եղել նաև Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ՝ ՀՀ արդարադատության նախարարության զեկուցագրի հիման վրա։ Դավիթ Գրիգորյանը 2019 թ․ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու որոշում կայացրած դատավորն է:

Դեռևս 2020 թ․ կրկին ՀՀ արդարադատության նախարարության միջնորդության հիման վրա կարգապահական վարույթ էր հարուցվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ։ Ալեքսանդր Ազարյանը, 2018 թ․ բեկանելով առաջին ատյանի դատարանի որոշումը, ազատ էր արձակել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ հաշվի առնելով, որ նախագահն անձեռնմխելի է։

2021 թ․ լրատվամիջոցներով տեղեկություն էր տարածվել, որ մի խումբ դատավորներ դիմել են ԲԴԽ` հրապարակային եղանակով տեղեկություն տրամադրելու վերաբերյալ։ Դիմումը ստորագրած դատավորներն իրենց մտահոգությունն են հայտնել դատարանների և դատավորների անկախությունն ու անաչառությունը ակնհայտորեն վտանգող քրեական հետապնդման մարմինների գործողությունների, այլ կերպ՝ անհամաչափ միջամտության և այն կանխելու ուղղությամբ ԲԴԽ-ի կողմից օրենքով և Սահմանադրությամբ նրան վերապահված գործիքակազմը չօգտագործելու, գործողություններին պատշաճ չարձագանքելու փաստի առթիվ, ինչը դատավորների տեսանկյունից հակադրվում է ԲԴԽ սահմանադրական առաքելությանն ու դերին:

2021 թ․ կրկին մի խումբ դատավորներ դիմել են ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին՝ ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և ««Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքների նախագծերի առնչությամբ՝ ներկայացնելով իրենց դիտողություններն ու առաջարկությունները:

Դատավորները համոզմունք են հայտնել, որ նախագծով առաջարկվող փոփոխությունն անթույլատրելի է, ուղղակիորեն հակասում է թե՛ իրավական որոշակիության և թե՛ օրենքի հետադարձ ուժի կիրառման անթույլատրելիության սկզբունքին, իսկ դրա ընդունումը կվտանգի դատավորների ու դատական համակարգի անկախությունը:

Խոսքի ազատություն

Դեռևս 2020 թ. սեպտեմբերին ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ներկայացրել էր օրենսդրական նախաձեռնություն, որով առաջարկվել է վիրավորանքի և զրպարտության համար նախատեսվող դրամական փոխհատուցման առավելագույն չափերը հնգապատկել՝ հասցնելով, համապատասխանաբար, 5 և 10 միլիոն դրամի: Թեև իշխանության ներկայացուցիչները պնդել են, թե նախագիծն ուղղված չէ կոնկրետ լրատվամիջոցներին, այլ ընդհանուր առմամբ՝ ֆիզիկական անձանց կողմից տարածվող վիրավորանքի ու զրպարտության դեմ է, այնուամենայնիվ, փաստաթուղթը լուրջ մտահոգություն էր առաջացրել հայաստանյան և միջազգային լրագրողական հանրության շրջանում։

Հրապարակվեցին տարբեր միջազգային և տեղական կազմակերպությունների հայտարարություններ, որոնք կոչ էին անում իշխանություններին չընդունել օրինագիծը, սակայն ոչինչ չփոխվեց: Ազգային ժողովը 2021 թ. փետրվարի 11-ին առաջին ընթերցմամբ ընդունեց օրենքի նախագիծը, թեպետ արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանն առաջարկել է վիրավորանքի դեպքում ոչ ավելի, քան 2 միլիոն դրամի փոխհատուցում սահմանել, իսկ զրպարտության դեպքում` ոչ ավելի, քան 3 միլիոն դրամ:

Մարտի 17-ին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում օրենսդրական նախաձեռնության քննարկման ընթացքում արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը նորից նշեց, որ կառավարությունն այդ շեմին կողմ չէ, և առաջարկեց սահմանափակվել մինչև 2 և 3 միլիոն դրամ տուգանքով: Ալեն Սիմոնյանը չհամաձայնելով՝ առաջարկեց տուգանքի նվազեցված իր սահմանաչափը՝ վիրավորանքի համար սահմանել 3 միլիոն դրամ, զրպարտության համար` 6 միլիոն: Կառավարության առաջարկը հանձնաժողովականները մերժեցին՝ ընդունելով Ալեն Սիմոնյանի առաջարկած փոփոխությունները:

Մարտի 24-ին ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց օրենքի նախագիծը և, ըստ ընթացակարգի՝ մարտի 26-ին ուղարկեց ՀՀ նախագահին՝ ստորագրելու այն: Մարտի 27-ին Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը Հայաստանի իշխանություններին կոչ արեց չեղարկել զրպարտության և վիրավորանքի համար փոխհատուցման չափը բարձրացնող օրենքը: Ապրիլի 15-ին ՀՀ նախագահը դիմեց Սահմանադրական դատարան՝ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու հարցով, իր հայտարարության մեջ նշելով, որ օրենքն առերևույթ խնդրահարույց է սահմանադրականության տեսանկյունից: ՍԴ-ն քննելով դիմումը՝ հոկտեմբերի 5-ին որոշեց որ օրենքը համապատասխանում է Սահմանադրությանը և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

Նույն օրը Հայաստանի ժուռնալիստների միությունը և լրագրողական միջազգային մի քանի կազմակերպություններ հայտարարություն տարածեցին՝ դատապարտելով ընդունած օրենքը, մասնավորապես՝ Լրագրողների միջազգային ֆեդերացիայի (IFJ) գլխավոր քարտուղար Էնթոնի Բելանջերն ասել է. «Մենք Հայաստանի ժուռնալիստների միության կողքին ենք ընդդեմ մի օրենքի, որն ունի հստակ քաղաքական նպատակ և դրամատիկ հետևանքներ կունենա մամուլի և լրատվամիջոցների աշխատողների վրա»: Իսկ Լրագրողների եվրոպական ֆեդերացիայի (EFJ) գլխավոր քարտուղար Ռիկարդո Գուտիերեզն իր հերթին նշել է. «Այլ երկրների փորձառությունից մենք գիտենք, որ նման բարձր տուգանքները օգտագործվում են լրագրողներին վախեցնելու և լռեցնելու համար։ Մենք խստորեն կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին վերանայել օրինագիծը՝ մեր գործընկերների հետ երկխոսելով»:

2021 թ ընդհանուր առմամբ արձանագրվել է լրագրողների ու լրատվամիջոցների իրավունքների տարատեսակ խախտումների 224 դեպք։ Դրանցից 18-ը ֆիզիկական բռնության դեպքեր են, 107-ը՝ ԶԼՄ-ների և դրանց աշխատակիցների նկատմամբ ճնշումների, 99-ը՝ տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումներ։

Հունվարի 13-ին Ազգային ժողովում իշխող կուսակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը հրել է Yerevan.today կայքի լրագրող Սյուզի Բադոյանին՝ խոչընդոտելով նրա աշխատանքը։ Ապա պատգամավորը հայտարարել է, որ չի պատասխանելու լրագրողի հարցերին, ձեռքից խլել ու իր հետ աշխատասենյակ է տարել խոսափողը՝ քիչ անց վերադարձնելով այն։ Մի քանի օր անց մերժվել է Ս․ Բադոյանի հավատարմագրումը ՀՀ ԱԺ 7-րդ գումարման 6-րդ նստաշրջանի աշխատանքների լուսաբանման համար: Հատուկ քննչական ծառայությունը որոշել է քրեական գործ չհարուցել՝ հանցակազմի բացակայության հիմքով։

Հունվարի 29-ին ՀՀ Կառավարության շենքի դիմաց մի կին հարձակվել է Yerkir.am-ի թղթակից Լիանա Սարգսյանի վրա` խոչընդոտելով նրա աշխատանքը։ Լրագրողը ՀՀ վարչապետի առաջարկով գրավոր ձևակերպել էր իր հարցը և նախընտրել այն ներկայացնել պաստառով, ինչը դուր չի եկել Նիկոլ Փաշինյանի կողմնակից քաղաքացիներին։ Վերոնշյալ կինը բռնությամբ խլել և պատռել է պաստառը, իսկ լրագրողին՝ հրել։ Դեպքի վերաբերյալ հարուցվել է քրեական գործ, սակայն ապրիլի 14-ին այդ քրեական գործով վարույթը կասեցվել է՝ որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձն անհայտ լինելու հիմքով։

Փետրվարի 23-ին Երևանում ընդդիմադիր ուժերի կազմակերպած բողոքի ակցիայի ընթացքում քաղաքացիներին բերման ենթարկելիս հարված է հասցվել «Sputnik Արմենիա» կայքի օպերատոր Արամ Ներսիսյանին, ինչից նա վայր է ընկել։

Նույն օրը տեղի ունեցած ընդդիմության երթի ժամանակ ցուցարարները թիրախավորված հարձակվել են «Ազատություն» ռադիոկայանի աշխատակիցների վրա, վիրավորել, հայհոյել ու սպառնացել, որ ռադիոկայանը փակելու են։ Ապա ոտքերով հարվածներ են հասցրել լրագրող Արտակ Խուլյանին ու օպերատոր Կարեն Չիլինգարյանին, վնասել տեսախցիկը։ Դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ, սակայն օգոստոսի 16-ին այն կասեցվել է՝ հիմնավորելով, թե՝ հայտնի չէ անձը, որը կարող է ներգրավվել որպես մեղադրյալ։

Փետրվարի 24-ին Yerkir.am կայքի լրագրող Լիանա Սարգսյանը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն այն մասին, որ Երևանի Ազատության հրապարակում իր մասնագիտական գործունեությունն իրականացնելիս երկու անձ խոչընդոտել են իր աշխատանքը, իսկ նրանցից մեկը հարվածել է իրեն: Մարտի 3-ին ՀՀ դատախազությունը հայտնել է, որ նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և փետրվարի 26-ին ուղարկվել ՀՀ քննչական կոմիտե, որտեղ և նախաքննություն է իրականացվում, որն էլ ապրիլի 26-ին կասեցրել է վարույթը՝ որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձն անհայտ լինելու հիմքով։

Փետրվարի 26-ին Երևանի Բաղրամյան պողոտայում ընդդիմադիր ուժերի կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ որոշ քաղաքացիներ նախ վիրավորել, ապա ֆիզիկական բռնություն են կիրառել «Հրապարակ» օրաթերթի լրագրող Վահե Մակարյանի նկատմամբ, երբ վերջինս փորձել է աջակցություն ցուցաբերել «Ազատություն» ռադիոկայանի գործընկերներին՝ պաշտպանելով քաղաքացիների վիրավորական արտահայտություններից։

Մարտի 18-ին երևանյան սրճարաններից մեկում Irakanum.am կայքի խմբագիր Փայլակ Ֆահրադյանը, նկատելով ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանին, մոտեցել և հարցրել է, թե ինչու է նա սրճարանում աշխատանքային ժամին։ Ըստ մամուլի հրապարակումների՝ զրույցը երկուստեք ոչ կոռեկտ է եղել, որից հետո նախարարը հարվածներ է հասցրել լրագրողին, վնասել նրա համակարգիչն ու հեռախոսը։ Դեպքից հետո ՀՀ դատախազությունը միջադեպի հետ կապված հրապարակումներն ուղարկել է ՀՔԾ, որը ապրիլի 12-ին որոշում է կայացրել մերժել քրեական գործի հարուցումը՝ հանցակազմի բացակայության հիմքով։ Ապրիլի 22-ին ՀՀ դատախազությունը, վերացնելով ՀՔԾ-ի որոշումը, ինքն է քրեական գործ հարուցել միջադեպի առնչությամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով (Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը)։ Գործը կրկին ուղարկվել է ՀՔԾ, որն էլ կարճվել է օգոստոսի 19-ին ՀՔԾ-ի կողմից՝ հանցակազմի բացակայության հիմքով։

Ապրիլի 9-ին Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ի պատասխան «5-րդ ալիք» հեռուստաընկերության թղթակից Կարինե Մանգասարյանի՝ գերիների մասին հնչեցրած հարցի՝ ասել է․ «Ես ձեզ հոսանքազրկել եմ»։ Այսինքն՝ պաշտոնյան խտրական և արհամարհական վերաբերմունք է դրսևորել լրագրողի նկատմամբ։

Ապրիլի 14-ին Tert.am կայքի լրագրող Անի Գևորգյանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին՝ տեղեկացնելով, որ իր մասնագիտական գործունեության հետ կապված սպառնալիքներ է ստացել անհայտ անձանցից։ Այսպես՝ թիրախավորելով սոցիալական ցանցերի տարբեր էջերում, այդ օգտատերերը տարածել են իր և իր մանկահասակ երեխայի լուսանկարը՝ ուղեկցող վիրավորական ու արժանապատվությունը նվաստացնող տեքստերով։ Երևան քաղաքի դատախազությունն այդ մասին հրապարակումներն ուղարկել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչություն։ Դեպքի առնչությամբ հայտարարություն են տարածել նաև լրագրողական կազմակերպությունները։ ԽԱՊԿ-ի հարցմանն ի պատասխան՝ Ոստիկանությունից հայտնել են, որ ապրիլի 26-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին հոդվածի հատկանիշներով և ուղարկվել է Քննչական կոմիտե, որտեղ էլ իրականացվում է նախաքննություն։

Ապրիլի 21-ին Սյունիքի Կապան քաղաքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցի ժամանակ խոչընդոտվել է «5-րդ ալիքի» թղթակից Անուշ Միրզոյանի մասնագիտական գործունեությունը։ Ինչպես հայտնել է լրագրողը, իրեն խանգարել են աշխատել վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը, ոստիկաններն ու ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ պարբերաբար «դիմացը կտրելով» և փորձելով վերցնել հեռախոսը։ Կատարվածի տեսագրությունը տեղադրվել է համացանցում։

Մայիսի 10-ին Araratnews.am-ի լրագրող Նանե Արզումանյանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին և տեղեկացրել, որ մայիսի 9-ին Եռաբլուրում նկարահանած և հրապարակած տեսանյութի առնչությամբ իրեն թիրախավորել են սոցիալական ցանցերի կեղծ և իրական օգտատերեր, նրանցից ստացվել են անձնական բնույթի սպառնալիքներ, վիրավորանքներ, արժանապատվությունը նվաստացնող նամակներ։ Լրագրողը նշել է, որ թիրախավորել են նաև իր ընտանիքի անդամներին՝ շահարկման առարկա դարձնելով պատերազմում զոհված իր եղբորը։ Դեպքի առնչությամբ ՀՀ ոստիկանությունում նախապատրաստվել են նյութեր, բացատրություն է վերցվել նաև լրագրող Նանե Արզումանյանից: Մայիսի 24-ին վարույթն իրականացնող մարմինը որոշում է կայացրել հանցակազմի բացակայության հիմքով քրեական գործի հարուցումը մերժելու մասին:

Մայիսի 12-ին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն անհարգալից վերաբերմունք է դրսևորել Aravot.am կայքի լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի նկատմամբ: Հատելով էթիկայի սահմանները՝ պաշտոնյան, նեղ անձնական հարցեր հնչեցնելով, վիրավորել է լրագրողին:

Մայիսի 27-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի անվտանգությունն ապահովող ծառայողները խոչընդոտել են PARA TV-ի աշխատակիցներին նկարահանումներ իրականացնել։ Ինչպես հայտնել է լրատվամիջոցը, նկարահանող խմբին ոչ միայն արգելվել է ընտրողների հետ հանդիպումը լուսաբանել, այլև մուտք գործել Կութ գյուղ, որտեղ գտնվում էր Փաշինյանը։

Նույն օրը 168․am կայքի նկարահանող խումբը նույնպես հայտնել է, որ իրենց արգելվել է մտնել Կութ գյուղ՝ գյուղապետի հետ խոսելու։ ՊՆ աշխատակիցն արգելքը հիմնավորել է անվտանգության հետ կապված խնդիրներով։

Մայիսի 28-ին Հանրապետության տոնի առթիվ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այցելել է Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, իսկ ԶԼՄ-ների աշխատակիցների մուտքն այնտեղ սահմանափակվել է։ Պաշտոնական բացատրություն այս առիթով չի ներկայացվել։ Խնդրին անդրադարձել է նաև Մարդու իրավունքների պաշտպանը։ Ավելի ուշ պարզվել է, որ լուսաբանման իրավունք ստացել է միայն Հանրային հեռուստաընկերությունը։

Հունիսի 3-ին «Հրապարակ» օրաթերթի թղթակից Անուշ Դաշտենցը փորձել է հարց ուղղել ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանին, երբ վերջինս փողոցում քայլելիս է եղել ընկերների հետ: Պատգամավորն ի պատասխան խլել է հեռախոսն ու հեռացել՝ ասելով, թե այն չի վերադարձնի, քանի դեռ «լրագրողը խելքը գլուխը չի հավաքել»։ Դեպքից ժամեր անց հեռախոսը վերադարձվել է ապակոդավորված և տեսագրությունը ջնջված: Ոստիկանությունը լրագրողին հրավիրել է բաժին՝ հաղորդում ներկայացնելու: Հունիսի 18-ին Հատուկ քննչական ծառայությունը որոշում է կայացրել մերժել քրեական գործի հարուցումը՝ հանցակազմի բացակայության հիմքով։ Այս և բուն միջադեպի առնչությամբ ԽԱՊԿ-ը գործընկեր կազմակերպությունների հետ հանդես է եկել հայտարարություններով՝ դատապարտելով թե՛ պատգամավորի պահվածքը, թե՛ ՀՔԾ-ի տարօրինակ որոշումը, որով արարքը լրագրողի մասնագիտական օրինական գործունեության խոչընդոտում չի համարվել, ինչպես նաև անտեսվել են հեռախոսը խլելու և տանելու, այն ապակոդավորելու և տեսանյութերը ջնջելու փաստերը։

Հունիսի 4-ին Արարատի մարզի Արտաշատ քաղաքում ընտրողների հետ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հանդիպումների լուսաբանման ժամանակ ներկաներից մի քանիսը խլել են Tert.am լրատվական կայքի թղթակից Անի Գևորգյանի հեռախոսը, վիրավորել ու ապտակել նրան: Քննչական կոմիտեում հարուցված քրեական գործն ուղարկվել է դատարան։ Մեղադրյալները քույր և եղբայր Սոնա և Վահագն Հակոբյաններն են։ Առաջինը մեղադրվել է լրագրողի հեռախոսը խլելու, երկրորդը՝ նկարահանելու ժամանակ լրագրողին հարվածելու համար։ Սեպտեմբերի 6-ին քրեական գործն ընդունվել է վարույթ։

Հունիսի 8-ին Ապարանում վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին սատարող մի խումբ մարդիկ վիրավորել են Yerevan.today կայքի թղթակից Սյուզի Բադոյանին, խոչընդոտել նրա աշխատանքը, իսկ նրանցից մեկը բռնություն է կիրառել լրագրողի նկատմամբ։ Տարածքում գտնվող ոստիկանները համապատասխան միջոցներ չեն կիրառել՝ ապահովելու նրա անվտանգությունը։ Ըստ Քննչական կոմիտեի՝ հունիսի 24-ին ՀՀ ոստիկանության Ապարանի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով նոյեմբերի 18-ին որոշում է կայացվել վարույթը կարճելու մասին՝ կասկածվող 2 անձի արարքում հանցակազմի բացակայության հիմքով։

Հունիսի 14-ին Վեդիում վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի քարոզարշավի ժամանակ մի խումբ քաղաքացիներ վիրավորական արտահայտություններ են թույլ տվել Yerevan.today կայքի թղթակից Սյուզի Բադոյանի հասցեին, հրմշտել են ու գցել խոսափողը։ Լրագրողը նույնականացվել է կոնկրետ քաղաքական ուժի հետ, որից, ըստ քաղաքացիների, նա վարձատրվում է՝ կողմնակալ լրատվություն մատուցելու համար։ ԽԱՊԿ-ի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ դատախազությունից տեղեկացրել են, որ դեպքի առթիվ հաղորդում, ահազանգ չի ստացվել, և այդ կապակցությամբ քրեական վարույթ չի նախաձեռնվել:

Օգոստոսի 24-ին Ազգային ժողովում սահմանափակվել է զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների աշխատանքը՝ նաև նրանց նկատմամբ բռնություն կիրառելով։ Այն պահին, երբ ԱԺ տարբեր խմբակցությունների պատգամավորների թեժ բանավեճը վերածվել է ծեծկռտուքի, անվտանգության աշխատակիցները լրագրողներին բռնի ուժով հեռացրել են իրենց աշխատանքի համար նախատեսված վայրից՝ մամուլի օթյակից։

Նույն օրը ԱԺ նիստերի դահլիճում տեղի ունեցած ծեծկռտուքի ընթացքում, երբ լրագրողները հեռացվել են մամուլի օթյակից ու փորձել են նկարահանումներ իրականացնել նիստերի դահլիճի մուտքի մոտից, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանը, հրմշտելով, քաշքշելով փորձել է լրագրողներին հեռացնել այնտեղից:

Օգոստոսի 25-ին Ազգային ժողովում խորհրդարանականների ծեծկռտուքին ականատես չլինելու և նկարահանումներ թույլ չտալու նպատակով ԶԼՄ-ների ներկայացուցիչները դարձյալ բռնի ուժով հեռացվել են մամուլի համար նախատեսված օթյակից։ Մասնագիտական գործունեության խոչընդոտումները շարունակվել են նաև նիստերի դահլիճի մուտքի մոտ։

Այս միջադեպերի կապակցությամբ ԽԱՊԿ-ն ու գործընկեր լրագրողական կազմակերպությունները հանդես են եկել հայտարարություններով՝ դատապարտելով ապօրինի սահմանափակումներն ու բռնությունները լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ։

ՀՀ գլխավոր դատախազությունից ԽԱՊԿ-ի հարցմանն ի պատասխան հայտնել են, որ օգոստոսի 24-ին և 25-ին լրագրողների աշխատանքը խոչընդոտելու մասին ԶԼՄ-ների հրապարակումները ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու հանձնարարությամբ։ Սեպտեմբերի 6-ին ՀՔԾ-ն որոշում է կայացրել հանցակազմի բացակայության հիմքով քրեական գործ հարուցելը մերժելու մասին։ Այս որոշման դեմ սեպտեմբերի 28-ին դատախազությանը բողոք է ներկայացրել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը՝ խնդրելով վերացնել այն ու քրեական գործ հարուցել, ինչը մերժվել է: Նոյեմբերի 10-ին բողոք է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որի քննությունը չի ավարտվել:

ԶԼՄ աշխատակիցների մասնագիտական գործունեության խոչընդոտման դեպքեր ԱԺ արտահերթ ընտրությունների ընթացքում

Ըստ ԽԱՊԿ և լրագրողական մի քանի կազմակերպությունների տարածած հայտարարության՝ հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընթացքում արձանագրվել է ԶԼՄ-ների աշխատակիցների մասնագիտական օրինական գործունեության խոչընդոտման 4 դեպք։

Մասնավորապես՝ 29/45 ընտրատեղամասում, որտեղ պետք է քվեարկեր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ընտրական հանձնաժողովը Հանրային հեռուստաընկերության և 168.am լրատվական կայքի օպերատորներ Դավիթ Մաճկալյանին և Հենրիկ Սարգսյանին արգելել է նկարահանումներ իրականացնել՝ պատճառաբանելով, որ ԿԸՀ-ի հավատարմագրման վկայականի հետ պարտադիր է անձնագրի առկայությունը։ Այս պահանջը հակասում է Ընտրական օրենսգրքի 32-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերին, որոնց հղում կատարելով՝ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեին հաջողվել է խնդիրը հարթել։

Գորիսի 34/03 ընտրատեղամասի բակում անհիմն սահմանափակվել է ParaTV-ի լրագրող Գրիգոր Գևորգյանի աշխատանքը․ նրան արգելել են նկարահանել արկղի մեջ լցված քվեաթերթիկները։

Կապանի 35/37 ընտրատեղամասում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վստահված անձն իր հեռախոսով նկարել է «Զանգեզուր TV»-ի լրագրող Անուշ Միրզոյանի գործողությունները, ցուցաբերել անհարգալից վերաբերմունք և կաշկանդել աշխատանքը։

Երևանի 9/21 ընտրատեղամասում «Հայաստան» դաշինքի վստահված անձինք վիրավորական, ագրեսիվ պահվածք են դրսևորել FreeNews.am լրատվական կայքի լրագրող Դիանա Դավթյանի նկատմամբ, խաթարել նրա ազատ գործունեությունը։

Ընտրություններին նախորդող քարոզարշավը նույնպես ուղեկցվել է լրագրողների և լրատվամիջոցների իրավունքների խախտումներով․ հունիսի 7-18-ին արձանագրվել է ֆիզիկական բռնության 2, տարատեսակ այլ ճնշումների 5 դեպք։

Հոկտեմբերի 22-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը դիմել է Սահմանադրական դատարան ԱԺ-ում հավատարմագրված լրագրողների աշխատանքի սահմանափակումների ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցով։

Նոյեմբերի 16-ին Hraparak.am կայքի լրագրող Լուսինե Շահվերդյանը հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող բախումների վերաբերյալ հարցեր է ուղղել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանին, ապա ավելացրել, որ ժամանակին լուրեր կային այն մասին, որ վերջինս ՀՀ-ում ընտրակեղծարարության ու ընտրակաշառք բաժանելու հիմնադիրներից է։ Այս խոսքերից հետո պատգամավորը «անդաստիարակ» է անվանել լրագրողին, ասել, որ նա զբաղված է «խարդախությամբ», մարդկանց ուղեղները լվանալով ու զրպարտությամբ։ Ապա պատգամավորը սպառնացել է լրագրողի «հարցերը լուծել»։

Նոյեմբերի 17-ին Yerevan.Today լրատվական կայքի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը կայքում լուր է հրապարակել, ըստ որի՝ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը կայքի թղթակից Սյուզի Բադոյանին վիրավորել է, երբ վերջինս հարց է հղել սահմանին զոհերի թվի, պատերազմի դադարեցման պայմանների և այլնի մասին։ Պատասխանի փոխարեն պաշտոնյան լրագրողին ասել է՝ գնա վարսավիրանոց։

Նոյեմբերի 30-ին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը խտրական վերաբերմունք է դրսևորել «5-րդ ալիք» հեռուստաընկերության նկատմամբ՝ ԱԺ-ում ճեպազրուցի ժամանակ լրագրողին ասելով՝ «5-րդ ալիքի» կամերան տարեք էն կողմ, հարցին չեմ պատասխանում, որովհետև «5-րդ ալիքն» է»։ Պաշտոնյան այս վերաբերմունքը դրսևորել է մի քանի անգամ։

Դեկտեմբերի 16-ին Aravot.am լրատվական կայքի լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանը Ֆեյսբուքում ահազանգել է, որ Ազգային ժողովի նիստերի դահլիճին հարակից տարածքից, որտեղ աշխատում են լրագրողներն ու օպերատորները, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրահանգով հեռացվել են աթոռները։ Ի հետևանք լրագրողները ստիպված են եղել աշխատել հատակին նստած։ Ինչպես հետո պարզվել է, Սիմոնյանի որոշման պատճառը եղել է այն, որ նրան դուր չի եկել, թե իր անցնելու պահին ինչ դիրքով են աթոռներին նստած եղել օպերատորները։ Բացի այդ, ԱԺ նախագահն ավելի ուշ հայտարարել է, որ պատգամավորներին տեսնելիս լրագրողները պարտավոր են կանգնել։ Օրվա վերջում, լրագրողների բողոքներից հետո աթոռները վերադարձվել են։

Դեկտեմբերի 28-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը տեղեկություն է հրապարակել այն մասին, որ Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» թողարկումը շարունակում է առավելագույնն անտեսել ՄԻՊ հրապարակումները երկրում տեղի ունեցող կարևոր իրադարձությունների վերաբերյալ, գործում է Պաշտպանի գործունեության եթեր հեռարձակելն առավելագույնը բացառելու սկզբունքով։ Այս գործելաոճին ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն անդրադարձել էր դեռ 2021 թ. մայիսի 6-ին՝ Ազգային ժողովում տարեկան հաղորդմանը նվիրված եզրափակիչ ելույթում։ Պաշտպանի այդ հայտարարության հիմքում էին ամիսների մշտադիտարկման արդյունքները։ ԱԺ-ում այդ ելույթից հետո հատկապես են սահմանափակվել ՄԻՊ գործունեության լուսաբանումները: Հաշվի առնելով այս վիճակը՝ ՄԻՊ աշխատակազմն իրականացրել է նոր մշտադիտարկում, որի արդյունքները փաստում են, որ պատկերն ավելի մտահոգիչ է, քան մայիսի 6-ից առաջ էր:

2021 թ. հուլիսի 1-ից մինչև դեկտեմբերի 2-ի ժամանակահատվածում Youtube-ում հրապարակված «Լուրերի» բոլոր թողարկումների (10:00, 13:00, 15:00, 17:00, 19:00, 21:00, Օրը՝ 60 վայրկյանում) մշտադիտարկումը հաստատում է, որ լրջորեն խախտված է մարդկանց օբյեկտիվ ու բազմակողմանի ինֆորմացիայի տրամադրումը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության լուսաբանման, այդ առումով մարդու իրավունքների խնդիրները հանրությանը ներկայացնելու և այլակարծությունը խթանելու տեսանկյունից։

Հանրային հեռուստաընկերության նկարագրված քաղաքականությունը կոպտորեն ոտնահարում է տեղեկություններ ստանալու, երկրում տեղի ունեցող կարևոր իրադարձություններին ծանոթ լինելու յուրաքանչյուրի իրավունքը:

Հ1-ի «Լուրերի» պահվածքից տպավորություն է ստեղծվում, թե Հայաստանում կա՛մ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատություն գոյություն չունի ընդհանրապես, կա՛մ այն մատնված է տոտալ անգործության: Սա էլ տանում է նրան, որ Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը հասանելի չի լինում հանրության լայն շերտերի համար, հատկապես մարզերում:

Լուսաբանման անտեսումը (արդեն տևական ժամանակ) հնարավորություն չի տալիս արդյունավետ աշխատանքներ տանել նաև համակարգային խնդիրների լուծման հարցերում (օրինակ՝ հանրային իրազեկումներով ատելության խոսքի դեմ պայքարը և այլն): Այսինքն՝ ակնհայտ է, որ խոսքը Մարդու իրավունքների պաշտպանի սահմանադրական առաքելության խոչընդոտների մասին է: Ընդ որում, նկարագրվածն ուղղակիորեն կապված է Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության միջազգային հավատարմագրման հետ: Այսինքն՝ Հ1-ի այս քաղաքականությամբ ոտնահարվում է նաև Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը ստանալու ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված յուրաքանչյուրի իրավունքը, որ ենթակա չէ սահմանափակման որևէ պարագայում:

Նշվածը հատկապես մտահոգիչ է՝ հաշվի առնելով, որ «Լուրերի» թողարկումն է ողջ երկրի տարածքով գլխավոր լուրեր մատուցողը ինչպես Հայաստանում, այնպես էլ սփյուռքում ու Արցախում: Այսինքն՝ խոսքը թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում, թե՛ սփյուռքում բնակվող մեր հայրենակիցների իրավունքների մասին է:

Այլ կերպ՝ նկարագրված քաղաքականությամբ Հանրային հեռուստաընկերությունը, լինելով Կառավարության կողմից հիմնադրված, ոտնահարում է նաև պետության պոզիտիվ պարտավորությունները, լուրջ վնասներ է հասցնում երկրում խոսքի ազատությանն ու ժողովրդավարության հիմքերին, ստեղծում է վտանգավոր նախադեպեր:

Գրանցվել են նաև դեպքեր, երբ քաղաքացիները հետապնդումների են ենթարկվել սոցիալական ցանցերում արտահայտած իրենց կարծիքի համար:

 Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից Մանուել Մանուկյանը հրավիրվել է Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժին։ Մանուել Մանուկյանը ծանուցագրից է իմացել, որ իր նկատմամբ քրեական գործ է հարուցված՝ անձին ծանր վիրավորանք հասցնելու, հայհոյելու կամ նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ, անպարկեշտ եղանակով վիրավորելու դեպքի առիթով: Ի դեպ, նոյեմբերի 12-ին քննչական վարչություն ներկայանալու մասին ծանուցագիրը Մանուել Մանուկյանը ստացել է նոյեմբերի 18-ին: Քրեական գործը հարուցված է իր ֆեյսբուքյան գրառումներից մեկի հիմքով, որում նա Նիկոլ Փաշինյանին է անվանարկել:

Նոյեմբերի 16-ին Հանրապետության հրապարակից քաղաքացիական հագուստով ոստիկանները բառացիորեն առևանգել են ռեժիսոր Հովհաննես Իշխանյանին՝ առանց ծանուցման, առանց իրավական ընթացակարգերի բերման ենթարկելով ոստիկանություն։ Ոստիկանությունում պարզաբանել են, որ ռեժիսորի ազատությունները սահմանափակվել են իշխանության յուրացման փորձ նախապատրաստելու կասկածանքով, ինչը ՀՀ քրեական օրենսգրքում համապատասխանում է 300-րդ հոդվածին և համարվում է ծանր հանցագործություն՝ 10-15 տարվա ազատազրկմամբ։ Պարզաբանումը հիմնավորել են Հ. Իշխանյանի ֆեյսբուքյան գրառմամբ: Հովհաննես Իշխանյանն ավելի ուշ ազատ է արձակվել։

Խաղաղ հավաքների ազատություն

2021 թ․ Հայաստանի Հելսինկյան կոմիտեն շարունակել է խաղաղ հավաքների մշտադիտարկումը։ Արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզչության ընթացքում Կոմիտեն իրականացրել է հավաքների անմիջական դիտորդություն, որի արդյունքները ներկայացվել են Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների վերաբերյալ զեկույցում։ Այնուհետև Կոմիտեն հրապարակել է 2021 թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին տեղի ունեցած հավաքների մշտադիտարկման, ինչպես նաև հավաքների ազատության իրավունքին առնչվող իրավական դաշտի փոփոխությունների վերաբերյալ առանձին զեկույց։ Մյուս ժամանակահատվածներում տեղի ունեցած հավաքները ուսումնասիրվել են լրատվամիջոցների հրապարակումների հիման վրա։

Առաջին կիսամյակ

2021 թ․ առաջին կեսին անցկացված հավաքների հիմնական կազմակերպիչն էր մի շարք ընդդիմադիր ուժերի նախաձեռնած «Հայրենիքի փրկության շարժումը», որի պահանջը ՀՀ վարչապետի հրաժարականն էր և անցումային կառավարության ձևավորումը։ Փետրվարի 3-ին շարժման մի խումբ անդամներ ՀՀ Ազգային ժողովի նստավայրի առջև իրականացրեցին բողոքի ցույց՝ կապված «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Անուշ Բեղլոյանի կողմից հարցազրույցի ընթացքում Շուշի քաղաքի անվան փոխարեն դրա ադրբեջանական անվանումը օգտագործելու հետ։ Հավաքի մասնակիցները ԱԺ նստավայրի առջև և դարպասներից ներս նետեցին աթարով լցված պարկեր ու թռուցիկներ, որոնց վրա գրված էր «դավաճան», պատկերված էին Ա․ Բեղլոյանի լուսանկարը և Ադրբեջանի զինանշանը։ Որոշ ժամանակ անց ոստիկանության հատուկ գումարտակի ծառայողները ժամանեցին հավաքի վայր և բերման ենթարկեցին մասնակիցներին։ Ոստիկանների թիվը մի քանի անգամ գերազանցել է հավաքի մասնակիցների թվից։

Փետրվարի 20-ից «Հայրենիքի փրկության շարժումը» նոր թափով վերսկսեց բողոքի գործողությունները ՀՀ վարչապետի հրաժարականի պահանջով։ Շարժման համակարգողները քաղաքացիներին կոչ արեցին իրականացնել անհնազանդության գործողություններ՝ արգելափակելով փողոցները։ Փետրվարի 23-ին շարժման անդամները փորձեցին շրջափակել Կառավարության երրորդ մասնաշենքը՝ Ն․ Փաշինյանի մուտքը խափանելու համար։ Ոստիկանության զորքերը միջամտեցին հավաքի ընթացքին՝ բերման ենթարկելով 57 մասնակցի։

2020 թ․ առաջին կիսամյակում ներքաղաքական իրադրությունը շարունակել է լարված մնալ։ Փետրվարի 24-ին Ն․ Փաշինյանի նախաձեռնությամբ պաշտոնից ազատվեց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը։ Իրադարձությանը նախորդել էր Yerevan.today լրատվամիջոցի հրապարակումը, որում ներկայացված էր, որ Տ․ Խաչատրյանը ծիծաղել է Ն․ Փաշինյանի՝ «Իսկանդեր» հրթիռների արդյունավետության վերաբերյալ տված գնահատականի մասին լրագրողի հարցի վրա։ Հաջորդ օրը՝ փետրվարի 25-ին, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբը պահանջեց ՀՀ վարչապետի հրաժարականը։ Հայտարարության տեքստում ասվում էր, որ «ՀՀ վարչապետը և կառավարությունն այլևս ի վիճակի չեն ընդունելու ադեկվատ որոշումներ՝ հայ ժողովրդի համար այս ճգնաժամային և ճակատագրական իրավիճակում»։ Հայտարարությամբ գլխավոր շտաբը նաև նախազգուշացնում էր «ձեռնպահ մնալ ժողովրդի դեմ ուժ կիրառելուց, ում զավակները զոհվել են՝ պաշտպանելով Հայրենիքն ու Արցախը»։ «Հայրենիքի փրկության շարժումն» անմիջապես հավաք հրավիրեց Ազատության հրապարակում։ Միաժամանակ, Ն․ Փաշինյանը գլխավոր շտաբի հայտարարությունը որակեց ռազմական հեղաշրջման փորձ և կոչ արեց իր աջակիցներին հավաքվել Հանրապետության հրապարակում։ Գլխավոր շտաբի հայտարարությանը հաջորդել էին նաև «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական և «Սասնա ծռեր» կուսակցությունների կազմակերպած հավաքները։

«Հայրենիքի փրկության շարժման» հավաքը Ազատության հրապարակից տեղափոխվեց Բաղրամյան պողոտա՝ դեպի Ազգային ժողովի նստավայրի առջևի հատված։ Երեկոյան Ն․ Փաշինյանի աջակիցները երթով մոտեցան Բաղրամյան պողոտայի սկզբնամասին, սակայն ոստիկանությունը, մի քանի շարք պատ կազմելով, թույլ չտվեց երկու հավաքների մասնակիցներին իրար հանդիպել։ «Հայրենիքի փրկության շարժման» կազմակերպիչները Բաղրամյան պողոտայում տեղադրեցին վրաններ և բեմահարթակ։ Հավաքները դարձան շուրջօրյա և հաջորդող ժամանակահատվածում անցկացվում էին Բաղրամյան պողոտայում։

Մարտի 3-ին՝ Ազգային ժողովի նիստին Ն․ Փաշինյանի մասնակցելու ընթացքում, նստավայրի պատշգամբում տեղակայվել էին դիպուկահարներ՝ նշանոցները ուղղելով դեպի Բաղրամյան պողոտայում գտնվող ցուցարարները։ «Հայրենիքի փրկության շարժման» կողմից մարտ-ապրիլ ամիսներին կազմակերպված հավաքների ընթացքում թեև էական միջադեպեր և ընդհարումներ չեն եղել, սակայն ոստիկանությունը տարբեր օրերին բերման է ենթարկել հավաքների առանձին մասնակիցների։ Օրինակ՝ մարտի 10-ին մի քանի ցուցարարներ պաղպաղակ են տարել ՀՀ նախագահի նստավայր՝ հղում անելով 2018 թ․ Ա․ Սարգսյանի՝ երեխաների հետ հանդիպման ընթացքում պաղպաղակ ուտելու միջոցառմանը։ Ոստիկանությունը բերման ենթարկեց ցուցարարներին՝ պատճառաբանելով, որ վերջիններս աղտոտում են հասարակական վայրը։

Մարտի 18-ին՝ ԲՀԿ ղեկավար Գ․ Ծառուկյանի հետ հանդիպումից հետո, Ն․ Փաշինյանը հայտարարեց, որ հունիսի 20-ին կանցկացվեն արտահերթ ընտրություններ։ ԲՀԿ-ն «Հայրենիքի փրկության շարժման» մասնակից քաղաքական ուժերից մեկն էր։ Հայտարարությունից հետո, ընդդիմության ընթացիկ ցույցերին զուգահեռ, Ն․ Փաշինյանը նախաձեռնեց մարզային այցելություններ, թեև նախընտրական քարոզչությունը պաշտոնապես չէր մեկնարկել։ Մարզային այցելությունները որակվեցին որպես վարչական ռեսուրսի չարաշահում, քանի որ հանդիպումների ընթացքում տրվել են խոստումներ, օրինակ՝ համայնքային ճանապարհների ասֆալտապատման վերաբերյալ։

Սպասվող արտահերթ ընտրությունների հանգամանքը էականորեն փոխեց ներքաղաքական իրավիճակը, և քաղաքական ուժերը սկսեցին քննարկել ընտրություններին մասնակցելու ձևաչափերը։ Մարտի 23-ին «Հայրենիքի փրկության շարժումը» հեռացրեց վրանները Բաղրամյան պողոտայից՝ բացելով երթևեկությունը, սակայն մինչև ապրիլի 3-ը շարունակեց փակ պահել Դեմիրճյան փողոցը։ Այնուհետև, ապրիլի 3-ից շարժման ղեկավարները նույնպես սկսեցին մարզային հանդիպումներ։

Ապրիլի 21-ին Ն․ Փաշինյանի նախապես չհայտարարված այցը Սյունիք ուղեկցվել էր իր դեմ բողոքի ցույցերով։ Ընդդիմադիր ցուցարարները Ն․ Փաշինյանից պահանջել են լքել Սյունիքը, ընթացքում հնչել են վերջինիս ուղղված հայհոյանքներ։ Նույն օրը մի խումբ քաղաքացիներ հավաքվել են Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկին՝ կառավարական առանձնատների մուտքի մոտ՝ սպասելով Ն․ Փաշինյանի վերադարձին Սյունիքի մարզից։ Մասնակիցները ձվեր են նետել առանձնատների մուտքի ուղղությամբ, որտեղ շղթա կազմած կանգնած էին մեծաքանակ ոստիկանական ուժեր։ Տեղի է ունեցել բախում ոստիկանների և ցուցարարների միջև, որի հետևանքով հավաքի մասնակիցների մի մասը բերման է ենթարկվել։

Հաջորդ օրը «Ազատագրում» ընդդիմադիր նախաձեռնության մի քանի անդամներ ձեռքերը ձեռնաշղթաներով ամրացրել էին ՀՀ Կառավարության նստավայրի մուտքի դարպասին։ Ոստիկանները էլեկտրական սղոցի միջոցով կտրեցին ձեռնաշղթաները և բերման ենթարկեցին ցուցարարներին։

Նախընտրական քարոզչություն

Հունիսի 7-ից մեկնարկեց նախընտրական քարոզարշավը, որի ընթացքում Հայաստանի Հելսինկյան կոմիտեի դիտորդների կողմից դիտարկվել է ընտրությունների մասնակից ուժերի կազմակերպած 14 հավաք Երևանում և 23 հավաք՝ մարզերում։ Երևանում դիտարկված հավաքների մեծ մասը կազմակերպել է «Հայաստան» դաշինքը (6 հավաք), «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (3 հավաք)։ Դիտարկվել են նաև «Ազգային-ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցության կազմակերպած 3 հավաք, ինչպես նաև «Բարգավաճ Հայաստան», «Արդար Հայաստան» կուսակցությունների և «Մեր տունը Հայաստանն է» դաշինքի կազմակերպած 1-ական հավաքներ։ Դիտարկված հավաքներից 10-ն անցկացվել են որոշակի վայրում, 4-ի դեպքում տեղի է ունեցել նաև երթ։ 2 հավաք անցկացվել է միայն երթի տեսքով՝ հունիսի 13-ին և 14-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Ն․ Փաշինյանի գլխավորած երթերը Շենգավիթ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում։

Առավել մեծ թվով մասնակիցներ են դիտարկվել «Հայաստան» դաշինքի հունիսի 18-ին և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հունիսի 17-ին կազմակերպած հավաքների ընթացքում՝ համապատասխանաբար, շուրջ 30․000-ից և 20․000-ից ավելի մասնակից։ Այլ քաղաքական ուժերի պարագայում մեծ թվով մասնակիցներ են եղել Ազատության հրապարակում «Բարգավաճ Հայաստան» և «Ազգային-ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցությունների հավաքներին։

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի դիտորդներն իրականացրել են նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից ՀՀ մարզերում անցկացված հավաքների շրջիկ դիտորդություն, որի ընթացքում դիտարկվել է 23 հավաք։ Նշված հավաքներն անցկացվել են Արմավիրի, Արագածոտնի, Շիրակի, Լոռու, Տավուշի և Գեղարքունիքի մարզերում։ Հավաքները հիմնականում անցկացվել են տվյալ համայնքի կենտրոնական հրապարակներում՝ համայնքապետարանների հարևանությամբ, ինչպես նաև համայնքի մշակույթի տան մոտ։ Նշված գրեթե բոլոր հավաքների ընթացքում դիտարկվել է միկրոավտոբուսներով մասնակիցների տեղափոխում մեկ վայրից մյուսը։ Հավաքների մասնակիցների թիվը գյուղական համայնքներում եղել է միջինը մոտ 180, իսկ քաղաքներում՝ մոտ 1300 մարդ։ Գյուղական համայնքներում անցկացվող հավաքների ընթացքում եղել են մոտ 40, իսկ քաղաքներում՝ մոտ 60 ոստիկանության ծառայողներ։ Հավաքների ընթացքում ծառայություն իրականացնող ոստիկանները, որոշ բացառություններով, մշտապես կրել են ոստիկանության ծառայողին անձնապես նույնականացնելու հնարավորություն տվող տարբերանշաններ։ Ոստիկանական մահակներից բացի, այլ սպառազինություն չի դիտարկվել։ Անցկացված որոշ հավաքների ժամանակ, օրինակ՝ հունիսի 10-ին Վանաձորում և հունիսի 11-ին Դիլիջանում, հավաքի հարակից տարածքում դիպուկահարներ են եղել։

Երկրորդ կիսամյակ

Հունիսի 20-ին անցկացված արտահերթ ընտրություններին անմիջապես հաջորդած ժամանակահատվածում բողոքի գործողություններ չեն ծավալվել։ Ընդդիմադիր ուժերը փորձեցին վիճարկել ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանում, որը, սակայն, անփոփոխ թողեց դրանք։ Տևական ժամանակահատված ընդդիմադիր ուժերի կողմից հավաքներ չէին անցկացվում։

Օգոստոս-սեպտեմբեր ամիսներին մի շարք հավաքներ են կազմակերպել Երևանի ֆիզիկայի ինստիտուտի գիտական ավանի բնակիչները։ Օգոստոսի 19-ին գիտական ավանի տարածքում սկսվեցին բարձրահարկ շենքի կառուցապատման նախապատրաստման աշխատանքները, որի դեմ էին արտահայտվում բնակիչները՝ պնդելով, որ շինարարության թույլտվությունը ձեռք է բերվել օրենքի խախտումներով։ Հաջորդող օրերին ավանի բնակիչները փորձել են կանգնեցնել շինարարական աշխատանքները, որի հետևանքով վերջիններիս և ոստիկանության ծառայողների միջև բախումներ են տեղի ունեցել։ Բազմաթիվ բնակիչներ բռնի ուժի կիրառմամբ բերման են ենթարկվել, որոնցից մի քանիսի ինքնազգացողությունը վատացել է։ Բախումների ընթացքում ոստիկանության ծառայողը բռունցքով հարվածել էր անչափահաս տղայի որովայնին, որի պատճառով վերջինս տեղափոխվել էր բժշկական հաստատություն։ Սեպտեմբերի 14-ին ավանի բնակիչները հավաք են անցկացրել Երևանի քաղաքապետարանի առջև՝ պահանջելով հանդիպում քաղաքապետի հետ։ Արձագանք չստանալով՝ հավաքի մասնակիցները ի նշան բողոքի փակել են փողոցի երթևեկությունը։ Ոստիկանության ծառայողները պահանջել են բացել ճանապարհը և անմիջապես բերման ենթարկել հավաքի մասնակիցներին։

2020 թ․ երկրորդ կիսամյակում խստացել է ընդդիմադիր հավաքների նկատմամբ ոստիկանության վերաբերմունքը։ Նման վերաբերմունքի դրսևորումներից էր օգոստոսի 27-ին ՀՀ Կառավարության նստավայրի հարակից տարածքից քաղաքացուն բերման ենթարկելը, որը մի քանի անգամ բացականչել է «Նիկոլ, հեռացի՛ր»։ Վանկարկումից մի քանի ակնթարթ հետո ոստիկանության հատուկ գումարտակի 9-10 ծառայող մոտեցել են քաղաքացուն և բերման ենթարկել։ Լրագրողի հարցին, թե ի՞նչ հիմքով է բերման ենթարկվել քաղաքացին, ոստիկանները պատասխան չեն տվել։

Սեպտեմբերի 8-ին Ն․ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀՀ անկախության 30-ամյակին «Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու մասշտաբային և գունագեղ տոնակատարություն»։ Ձևակերպումն առաջացրել էր հանրության տարբեր շերտերի զայրույթը՝ հաշվի առնելով Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքները, դեռևս բազմաթիվ անհետ կորած զինծառայողների առկայությունը և հայ ռազմագերիների՝ Ադրբեջանում գտնվելու հանգամանքները։ Սեպտեմբերի 18-ին մի խումբ քաղաքացիներ իրականացրեցին բողոքի ցույց՝ պահանջելով չեղարկել նախատեսված տոնակատարությունները։ Մասնակիցները փորձեցին Շառլ Ազնավուրի հրապարակից երթով շարժվել դեպի Հանրապետության հրապարակ, որտեղ այդ ընթացքում կահավորվում էր միջոցառման համար նախատեսված բեմահարթակը։ Ոստիկանության ծառայողները խափանեցին երթը՝ բիրտ ուժի միջոցով բերման ենթարկելով հավաքի մասնակիցների մի մասին։ Գործողությունների ընթացքում մի քանի մասնակցի ինքնազգացողությունը վատացել էր։ Մասնակիցներից մեկը հայտնեց, որ բերման ենթարկելու ընթացքում ոստիկաններն իրեն հարվածներ են հասցրել:

Հոկտեմբերի 7-ին ՀՀ Կառավարության նստավայրի առջև ՀՅԴ մի շարք անդամներ իրականացրել են բողոքի ցույց՝ Շուշիի անկման 1-ին տարելիցին ընդառաջ՝ քննադատելով Ն․ Փաշինյանի կողմից այն «դժբախտ, դժգույն» որակելը։ Հավաքի մասնակից Տարոն Ղազարյանը բարձրախոսով քննադատել է Ն․ Փաշինյանի խոսքը և ներկայացրել անկախության ընթացքում Շուշի քաղաքում կատարված բարեկարգումները, երբ մոտեցել են ոստիկանության հատուկ գումարտակի ծառայողները և անմիջապես բերման ենթարկել նրան։

Ինչպես Ֆիզիկայի ինստիտուտի գիտավանի բնակիչների, այնպես էլ ընդդիմադիր ուժերի իրականացրած հավաքների ընթացքում առավել կոպիտ միջամտություններ կատարվել են ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողների կողմից (կարմիրբերետավորներ)։

Նոյեմբերի 8-ին և 9-ին՝ Արցախյան երկրորդ պատերազմի տարելիցին ընդառաջ, Ազատության հրապարակում բազմամարդ հավաքներ կազմակերպեցին, համապատասխանաբար, «Հայաստան» դաշինքը և «Ազգային-ժողովրդավարական բևեռը»։ «Հայաստան» դաշինքը հայտարարեց «համազգային դիմադրության մեկնարկը» և կոչ արեց մասնակիցներին կամավորագրվելով միանալ իրենց՝ հետագա գործողությունների համար։

Նոյեմբերի 11-ին ՀՀ Կառավարության նստավայրի առջև շտապ հավաք կազմակերպեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ Հավաքի առիթը նախօրեին ՀՀ իշխանությունների հայտարարությունն էր, որ Գորիս-Կապան ավտոճանապարհին Ադրբեջանը մաքսակետեր է տեղադրելու։ Առավոտյան ժամը 11։00-ին մասնակիցները հավաքվել են ՀՀ Կառավարության նստավայրի մոտ, որտեղ արդեն տեղակայված էին ոստիկանական ուժեր։ Հավաքի մասնակիցների թիվը մոտ 120 էր, ներկա էին ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների պատգամավորներ։ Նրանք փորձել են անցնել ոստիկանության կազմած շղթան և մուտք գործել Կառավարության նստավայր, որտեղ ընթանում էր Կառավարության նիստը։ Ոստիկանությունը կանխել է նրանց գործողությունները, տեղի ունեցել հրմշտոց, որի հետևանքով հավաքի մի քանի մասնակից բերման են ենթարկվել։

Նոյեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ի սահմաններում, ադրբեջանական զինված ուժերը հարձակում նախաձեռնեցին ՀՀ Սյունիքի մարզի արևելյան հատվածի ուղղությամբ։ Ռազմական գործողությունների ընթացքում կիրառվեցին հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Ի հետևանս հայկական կողմը կրեց ինչպես մարդկային ուժի, այնպես էլ մարտական դիրքերի կորուստներ, եղան նաև գերեվարվածներ։ Նույն օրը Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ կրակը դադարեցվեց։ Կրակի դադարեցումից անմիջապես հետո՝ երեկոյան ժամը 20։00-ից, Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ ինքնաբուխ հավաք։ Հավաքի մասնակիցների մի մասը իշխանություններից պահանջել է պարզաբանումներ՝ կապված Սյունիքում տեղի ունեցած իրադարձությունների հետ, մյուս մասը պահանջել է վարչապետի հրաժարականը և սոցիալական ցանցերով կոչ արել քաղաքացիներին միանալ իրենց։ Հավաքը չուներ փաստացի ղեկավար։ Մասնակիցների թիվը հասել է մոտ 500-ի, հրապարակի տարբեր հատվածներում եղել են ոստիկանության մեծաքանակ ուժեր (առնվազն 120 ոստիկան): Հավաքի ընթացքում տեղի են ունեցել մի շարք միջադեպեր ինչպես մասնակիցների և ոստիկանների, այնպես էլ մասնակիցների և հրապարակում գտնվող այլ անձանց միջև։ Ոստիկանությունը բերման ենթարկեց հավաքի մի քանի մասնակիցների։

2021 թ․ վերջին ամիսներին հավաքների առավել ակտիվ նախաձեռնողներից էր «Ազգային-ժողովրդավարական բևեռը», որը պարբերաբար կազմակերպել է հանրահավաքներ, երթեր և ֆլեշմոբներ։ «Ազգային-ժողովրդավարական բևեռի» հավաքների հիմնական բովանդակությունը վերաբերել է ինչպես Հայաստանի Հանրապետության ներկա և նախկին իշխանությունների, բայց առավելապես՝ Ռուսաստանի Դաշնության քննադատությանը։ Հավաքների ընթացքում ՀՀ պետական դրոշների հետ մասնակիցները ծածանել են Եվրոպական միության, Հնդկաստանի, ԱՄՆ-ի Վրաստանի, Հունաստանի, Ֆրանսիայի, Իրանի դրոշները։ ԱՄՆ դեսպանատան առջև նոյեմբերի 22-ին անցկացված հավաքի ընթացքում մասնակիցները ծածանել են ԱՄՆ զինված ուժերի դրոշը։ «Ազգային-ժողովրդավարական բևեռի» կազմակերպած հավաքների մասնակցության թիվը տատանվել է 100-500-ի սահմաններում, իսկ առավելագույն մասնակիցների թիվը դիտարկվել է նոյեմբերի 9-ին Ազատության հրապարակում անցկացված հավաքի ընթացքում՝ մոտ 1200 մասնակից։

Նոյեմբերի 21-ին մի շարք հանրային գործիչների կողմից ստեղծվեց «Ազատագրական շարժում» նախաձեռնությունը։ Շարժման փաստացի ղեկավարներից էին ՀՀ փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանը, «5165 շարժում» նախաձեռնության հիմնադիր Կարին Տոնոյանը, լրագրող Նաիրի Հոխիկյանը, ԱԺ նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանը։ Նոյեմբերի 22-ից մինչև 28-ը շարժումը նախաձեռնեց ամենօրյա հավաքներ։ Նախաձեռնության կազմակերպիչները իշխանություններից պահանջել են չիրականացնել Ադրբեջանի հետ սահմանագծման և սահմանազատման ծրագիրը, հրապարակել հայ-ադրբեջանական հարաբերություններին առնչվող ստորագրման ներկայացված փաստաթղթերը, թույլ չտալ միջանցքի տրամադրումը Ադրբեջանին, լիարժեք զինել առաջնագիծը և պաշտպանել ՀՀ տարածքային ամբողջականությունը: Հանրապետության հրապարակում ամենօրյա հավաքներից զատ վերջիններս Երևանի տարբեր հատվածներում իրականացրել են իրազեկման ակցիաներ։ Նոյեմբերի 27-ին հավաքի կազմակերպիչները ելույթների ընթացքում նշել են, որ այդ օրվանից իրենք պահանջում են Ն․ Փաշինյանի հրաժարականը, ինչպես նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականը։ Հաջորդ օրը նախաձեռնության կազմակերպիչներից Կարին Տոնոյանը հայտարարեց, որ «Ազատագրական շարժումը» և «5165 շարժումը» պայքարը շարունակելու են այլ ձևաչափերով։ Նշված նախաձեռնության հիմնական հավաքների մասնակցությունը տատանվել է 100-500-ի սահմաններում՝ առավելագույնը հասնելով 800-ի՝ նոյեմբերի 23-ին անցկացված հավաքի ընթացքում։ Հարկ է նշել, որ «Ազատագրական շարժում» նախաձեռնության հավաքների ընթացքում նկատվել է ակնհայտ խուսափում՝ առկա քաղաքական ուժերի հետ ասոցացվելուց։ Կազմակերպիչները պարբերաբար նշել են, որ իրենց շարժումը ապակուսակցական և ապաքաղաքական է, չի սպասարկում որևէ այլ պետության շահեր։

2021 թվականին բազմաթիվ հավաքներ են անցկացրել 2020 թ․ Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում անհետ կորած և գերեվարված զինծառայողների ծնողները։ Նրանք պահանջել են վերադարձնել ռազմագերիներին, ինչպես նաև ավարտին հասցնել որոնողական աշխատանքները և գտնել անհետ կորածներին։ Հավաքների ընթացքում մասնակիցները պահանջել են հանդիպում Ն․ Փաշինյանի, իսկ դեկտեմբերի 7-ին և 8-ին՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։ Պահանջը պայմանավորված էր համացանցում հրապարակված տեսանյութով, որում Ա․ Սիմոնյանը ռազմագերիներին անվանել է դասալիք և համարել, որ «գերիներն արդեն չկան, [իր] համար չկան»։

2021 թ․ բազմաթիվ հավաքներ են կազմակերպել Արցախի Հանրապետության Հադրութի, Քաշաթաղի և գրավված կամ հանձնված այլ վայրերից տեղահանված քաղաքացիները, որոնք Կառավարության առջև բարձրացրել են իրենց բնակարանով ապահովելու, փախստականի կարգավիճակ տրամադրելու հարցերը, ինչպես նաև փորձել են միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել խնդրի վրա՝ հավաքներ անցկացնելով տարբեր դեսպանատների և միջազգային կազմակերպությունների գրասենյակների առջև։ Տարեվերջին մի շարք հավաքներ են կազմակերպվել «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին և քաղաքական դրդապատճառներով կալանավորված այլ անձանց ազատ արձակման պահանջով։

Քաղաքական հետապնդումներ

2021-ին ակնհայտ իրականացվող քաղաքական հետապնդումները նոր թափ ստացան՝ կալանավորումների տեսքով: 2018 թ. իշխանափոխությունից հետո սկիզբ առած հետապնդումներին ավելացան նորերը, մասնավորապես՝ 2020 թ. 44-օրյա պատերազմից հետո իշխանական օղակները լծվեցին իրենց դեմ արտահայտվող նորանոր անձանց նկատմամբ քաղաքական հետապնդումներ իրականացնելուն:

Փետրվարի 20-ին Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել, որով «Հայրենիքի փրկության շարժման» ղեկավար Վազգեն Մանուկյանը ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով: Նա մեղադրվել է 2021 թ. փետրվարի 12-ին և 20-ին Ազատության հրապարակում անցկացված հանրահավաքների ժամանակ իշխանությունը զավթելու, սահմանադրական կարգը բռնի տապալելու, բռնություն գործադրելու հրապարակային կոչեր կատարելու համար:

2021 թ. մարտի 9-ին Վազգեն Մանուկյանին առաջադրված մեղադրանքը լրացվել է 2021 թ. փետրվարի 26-ին Բաղրամյան պողոտայում անցկացված հանրահավաքի ժամանակ Վազգեն Մանուկյանի հնչեցրած կոչերով, որոնք ևս իբր պարունակում են իշխանությունը զավթելու և սահմանադրական կարգը տապալելու բռնի կոչեր: Մարտի 17-ին գործն ուղարկվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարան: 2021 թ. ավարտին գործը դեռ դատաքննության փուլում էր:

 

ԱԱԾ-ն փետրվարին խուզարկություն է կատարել ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Արա Սաղաթելյանի, «Քառյակ մեդիա»-ի համահիմնադիր, վերլուծաբան Կարեն Բեքարյանի, ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի, սահմանադրագետ Գոհար Մելոյանի աշխատասենյակներում, առգրավել հեռախոսներ և համակարգիչներ, ապա նրանց բերման ենթարկել:

Անժելա Էլիբեգովան և Գոհար Մելոյանն ազատ էին արձակվել, իսկ Կարեն Բեքարյանը, Արա Սաղաթելյանը, Մհեր Ավագյանը, Արամ Սարգսյանը՝ ձերբակալվել։ Ըստ քրեական գործի՝ մեղադրյալներն օգտվել են VPN հավելվածից, և IP հասցեների համընկնում է տեղի ունեցել Gagik Shoghomonyan օգտատիրոջ հասցեի հետ։ Մհեր Ավագյանն ու Կարեն Բեքարյանը հետագայում ազատ են արձակվել, Արամ Սարգսյանն ու Արա Սաղաթելյանը՝ կալանավորվել։ Մարտի 5-ին Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել է Արա Սաղաթելյանի կալանավորման մասին առաջին ատյանի դատարանի որոշումը՝ ազատ արձակելով Սաղաթելյանին, իսկ Սարգսյանը կալանքից ազատվել է մարտի 15-ին:

Նկատենք, որ Վերաքննիչ քրեական դատարանը դատական ակտով հետագայում արձանագրել է, որ առաջին ատյանի դատարանը կայացրել է անհիմն որոշում և անհիմն է թույլատրել խուզարկել Կարեն Բեքարյանի բնակարանը:

Սյունիքի համայնքների ղեկավարների նկատմամբ քաղաքական հետապնդումներն սկսվել էին դեռևս 2020 թ. 44-օրյա պատերազմից հետո, երբ համընդհանուր դժգոհության մթնոլորտում վերջիններս հանդես էին եկել վարչապետի և կառավարության հրաժարականի պահանջի կոչով: Տարեվերջին ձերբակալվել էին Գորիս և Կապան համայնքների ղեկավարները, սակայն մի քանի օր անց ազատ արձակվել:

Հետապնդումները վերսկսվեցին ԱԺ արտահերթ ընտրություններից հետո: Դա պայմանավորված էր նրանով, որ մի քանի համայնքների ղեկավարներ և նախկին մարզպետը միավորվելով ստեղծել էին «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը և «Հայաստան» դաշինքի կազմում մասնակցել ԱԺ արտահերթ ընտրություններին:

Կարճ ժամանակում իրար հաջորդելով տարբեր մեղադրանքներով նախ ձերբակալվել, ապա կալանավորվել են Մեղրի համայնքի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը, Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը, Որոտանի համայնքապետ Սուրեն Օհանջանյանը, Քարահունջի ղեկավար Լուսինե Ավետյանը, Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանը, Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը:

Հուլիսի 5-ին ձերբակալվել, ապա հուլիսի 8-ին կալանավորվել է ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանը: Մեղադրանքում նշվել է, որ նա գումար է տրամադրել որոշ քաղաքացիների և հարկադրել մասնակցել ԱԺ արտահերթ ընտրությունների կապակցությամբ «Հայաստան» դաշինքի կողմից 2021 թ. հունիսի 7-ին Գորիս քաղաքում կազմակերպվելիք քարոզարշավին, ինչպես նաև հարկադրել է մասնակցել հունիսի 20-ին նշանակված ԱԺ արտահերթ ընտրություններին և կողմ քվեարկել «Հայաստան» դաշինքի օգտին:

Ավետյանին կալանավորելուց հետո մամուլում հրապարակումներ եղան այն մասին, որ վերջինս գործարքի է գնացել իրավապահների հետ՝ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի դեմ ցուցմունք տալու և ազատ արձակվելու վերաբերյալ։ Լ. Ավետյանը հուլիսի 20-ին գրավի դիմաց ազատ արձակվեց՝ հաշվի առնելով Ավետյանի կողմից ինքնախոստովանական ցուցմունք տալու, քննությանը և հանցագործության բացահայտմանն օժանդակելու հանգամանքը:

Գորիսի քաղաքապետ, «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 32-րդ համարը զբաղեցնող Առուշ Առուշանյանը մեղադրվել է ընտրություններին մասնակցելու և «Հայաստան» դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար երկու կամ ավելի ընտրողի կաշառք տալու, ինչպես նաև «Հայաստան» դաշինքի օգտին կողմ քվեարկելուն հարկադրելու մեջ: Հուլիսի 16-ին Առուշ Առուշանյանը կալանավորվեց: Մինչ Առուշանյանին մեղադրանք առաջադրելը, նրա անձեռնմխելիությունը հաղթահարելու հարցով ՀՀ գլխավոր դատախազությունը դիմել էր Կենտրոնական ընտրական հանձնաժողով, որն էլ տվել էր համաձայնությունը։

Այս քրեական գործին միացվել է Առուշ Առուշանյանի վերաբերյալ արդեն առկա քրեական գործը, որի շրջանակում Առուշանյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել գրավը՝ 2 մլն դրամի չափով։

Ըստ մեղադրող կողմի՝ գրավի գումարը պետք է փոխանցվեր պետական բյուջե, քանի որ Առուշանյանը խախտել է խափանման միջոցի պայմանը՝ կատարելով նոր հանցանք։ Եվ նոյեմբերի 6-ի կայացած նիստում Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի կողմից 2020 թ. դեկտեմբերի 30-ին դատախազության դեպոզիտ հաշվին փոխանցված 2 մլն դրամի չափով գրավը փոխանցվեց պետական բյուջե:

Գտնվելով կալանքի տակ՝ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը մասնակցեց ՏԻՄ ընտրություններին «Վերածնվող Հայաստան» և «Ազգային օրակարգ» կուսակցությունների կազմած դաշինքով, որը կրում է «Առուշ Առուշանյան» անունը, և հոկտեմբերի 17-ին կայացած ավագանու ընտրություններում հաղթեց՝ ստանալով ձայների 60,28%-ը: Դաշինքը քաղաքապետի պաշտոնում վերընտրեց Առուշ Առուշանյանին։

Ընտրությունների օրը ոստիկանությունը խուզարկություն էր կատարել «Առուշ Առուշանյանի» նախընտրական շտաբում՝ փակելով շտաբի մուտքը։ Դեպքին անդրադարձել էր Մարդու իրավունքների պաշտպանը՝ նշելով, որ ոստիկանության հանրային պարտավորությունն է ցույց տալ, թե ինչ ծանրակշիռ հիմնավորումներով են նշված արարքները հենց քվեարկության օրն իրականացվում ոստիկանների այդ քանակի մասնակցությամբ՝ ուղեկցվելով ողջ շտաբի մուտքը փակելով ու նախընտրական շտաբի աշխատանքները սահմանափակելով:

Արդեն նոյեմբերի 3-ին Առուշ Առուշանյանը կալանավայրից հայտարարություն է տարածել, ըստ որի՝ պատգամավորի մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել՝ Գորիսի քաղաքապետի պաշտոնը ստանձնելու նպատակով:

Նոյեմբերի 29-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում ելույթի ժամանակ Քարահունջ համայնքի ղեկավար Լուսինե Ավետյանը նշեց, որ Առուշանյանն ընդունել է բնակիչներին, լսել նրանց սոցիալական խնդիրների մասին, դրա հիման վրա օգնություն հատկացնելու մասին որոշում կայացրել՝ ասելով. «Բազմաթիվ անգամ Առուշանյանը նույն բնակիչներին օգնել է, և դա ընտրակաշառք դիտել անընդունելի է, զղջում եմ, որ սուտ ցուցմունք եմ տվել Առուշանյանի դեմ»: Սակայն Լ. Ավետյանի այս խոստովանանքը չազդեց դատարանի վրա. դեկտեմբերի 28-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը խափանման միջոցը թողեց նույնը, և Առուշ Առուշանյանը շարունակում է կալանավորված մնալ:

2021 թ. օգոստոսի 16-ին Քննչական կոմիտեում որոշումներ էին կայացվել Գորիս համայնքի ղեկավարի պաշտոնակատար Իրինա Յոլյանին, համայնքապետարանի երկու աշխատակիցներին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Յուրացնելը կամ վատնելը պաշտոնեական դիրքն օգտագործելով, առանձնապես խոշոր չափերով), իսկ համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետերով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու համար որպես մեղադրյալներ ներգրավելու մասին:

2021 թ. օգոստոսի 17-ին հիշյալ 4 մեղադրյալները կալանավորվել են: Օգոստոսի 18-ին Իրինա Յոլյանը և երկու աշխատակիցներ Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ ազատ են արձակվել, իսկ Մենուա Հովսեփյանը Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ կալանավորվել է 2 ամիս ժամկետով:

Հոկտեմբերի 14-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ 30 մլն դրամ գրավի դիմաց Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը ազատ է արձակվել, իսկ Վերաքննիչ քրեական դատարանի նոյեմբերի 11-ի որոշմամբ՝ կալանավորվել: Արդեն դեկտեմբերի 17-ին Մենուա Հովսեփյանը նորից ազատ արձակվեց Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նույն դատավորի դեկտեմբերի 16-ի որոշմամբ, ըստ որի՝ նրա խափանման միջոց կալանքը փոխարինվեց գրավով:

Նշենք, որ Մենուա Հովսեփյանը հոկտեմբերի 17-ին կայացած Գորիսի ավագանու ընտրություններին առաջադրված «Առուշ Առուշանյան» դաշինքի ցուցակի երկրորդ համարն էր։

Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանին մեղադրանք էր առաջադրվել դեռևս 2020 թ. դեկտեմբերի 23-ին՝ «խմբակային առևանգության» գործով, սակայն դատարանը մերժել էր կալանավորման միջնորդությունը: Իսկ ապրիլի 26-ին փոխել են մեղադրանքը, ըստ որի՝ Մ. Փարամազյանը իբր կազմակերպել է ինչ-որ անձի առևանգում: Փարամազյանը հուլիսի 8-ին բերման էր ենթարկվել և ձերբակալվել, նրան մեղադրանք էր առաջադրվել խարդախության օժանդակելու կամ կազմակերպելու, կաշառք ստանալու և ընտրողներին կաշառք տալու հատկանիշներով, 2 օր անց՝ հուլիսի 10-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշել է, որ ձերբակալումը ոչ իրավաչափ է եղել, բայց գտել է, որ խոչընդոտելու ռիսկն է առկա, և երկու ամսով կալանքի որոշում կայացրել:

2021 թ. դեկտեմբերի 17-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ Քաջարանի համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանն ազատ արձակվեց 70 մլն դրամ գրավի դիմաց։ Բացի Մանվել Փարամազյանից, այս գործով ևս 6 ամբաստանյալ կա։

Կապան համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը ԱԺ արտահերթ ընտրություններում «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 17-րդ համարն էր ներկայացնում և ընտրություններից հետո հուլիսի 9-ին համայնքի ղեկավարի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել՝ մտադիր լինելով վերցնել Ազգային ժողովի պատգամավորի մանդատը։ Սակայն մինչ այդ արդեն լուրեր էին պտտվում, որ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում նրա դեմ: Եվ արդեն հուլիսի 13-ին Մխիթար Զաքարյանը կալանավորվեց՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեղադրանքով:

Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանը ևս ներկայացվել և ընտրվել էր պատգամավոր «Հայաստան» դաշինքի կողմից: ՀՀ քննչական կոմիտեն նրա աշխատանքային պրակտիկայում ևս գտել էր փաստեր, ըստ որոնց՝ նրան մեղադրանք էր առաջադրվել նույն՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեղադրանքով: Արթուր Սարգսյանը ձերբակալվել էր հուլիսի 15-ին, երբ ԿԸՀ-ն բավարարել էր ՀՀ գլխավոր դատախազության՝ Ա. Սարգսյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը:

Հոկտեմբերի 14-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ 20 մլն դրամ գրավի դիմաց Արթուր Սարգսյանն ազատ էր արձակվել և հոկտեմբերի 25-ին առաջին անգամ մասնակցել ԱԺ նիստին ու ստանձնել պատգամավորի լիազորությունները: Սակայն նոյեմբերի 15-ին Արթուր Սարգսյանը նորից կալանավորվել է՝ արդեն Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ։

Հունիսի 18-ին Փաստերի ստուգման հարթակը հայտարարություն էր տարածել կից ձայնագրությամբ՝ բարձրաձայնելով այն մասին, որ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արմեն Չարչյանը բժշկական կենտրոնի աշխատակիցների նկատմամբ սպառնալիքներ է հնչեցրել՝ պարտադրելով մասնակցել ընտրություններին։

Հիմք ընդունելով հայտարարությունը՝ նույն օրը ՀՔԾ-ն քրեական գործ է հարուցել և ձերբակալել Ա. Չարչյանին: Դատարանը բավարարել է ձերբակալման դեմ նրա պաշտպանների բողոքը, և Չարչյանը հունիսի 20-ի վաղ առավոտյան՝ մինչև ընտրությունների մեկնարկը, ազատ է արձակվել։

Հունիսի 23-ին ՀՔԾ-ն նորից մեղադրանք է առաջադրել Ա. Չարչյանին՝ հանրորեն վտանգավոր արարք կատարելու համար, այն է` ծառայողական կախվածությունն օգտագործելով ընտրություններին մասնակցելուն և կուսակցությունների դաշինքի օգտին կողմ քվեարկելուն հարկադրելը, և արդեն պատգամավորի մանդատը վերցրած Արմեն Չարչյանը նորից ձերբակալվեց:

Մեկ ամիս անց՝ հուլիսի 21-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանը փոխեց Չարչյանի խափանման միջոց կալանավորումը, և բժիշկն ազատ արձակվեց՝ չհեռանալու մասին ստորագրության և 15 միլիոն դրամ գրավի դիմաց:

Դատախազությունը բողոքարկեց առաջին ատյանի դատարանի որոշումը, ինչը օգոստոսի 23-ին Վերաքննիչ քրեական դատարանը բավարարեց, և Արմեն Չարչյանը նույն օրը ներկայացավ կալանավայր:

Կալանավայրում գտնվելու ժամանակ վատացել էր Արմեն Չարչյանի առողջական վիճակը, նրան տեղափոխել էին հիվանդանոց, այդ ընթացքում նա սուր ինֆարկտ էր տարել: Ըստ պաշտպանի՝ Արմեն Չարչյանի ինսուլինի օրական դոզան 106 միավոր է, և կալանավորման պայմաններում հնարավոր չէ նրա նկատմամբ պատշաճ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնել: Սեպտեմբերի 25-ին նշանակվել էր դատաբժշկական փորձաքննություն:

Դեկտեմբերի 7-ին Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի կողմից (ներկայացուցիչ Արամ Վարդևանյան) դիմում էր ներկայացվել ՀՀ Սահմանադրական դատարան՝ քննելու ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, 295-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերության՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը: Դեկտեմբերի 9-ին ՍԴ-ն հրապարակել էր որոշում, ըստ որի անազատության մեջ գտնվող պատգամավորի կարգավիճակ չունեցող անձը պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից, բացառությամբ Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի, չի կարող պահվել անազատության մեջ, և որ որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

Հաջորդ օրն արդեն՝ դեկտեմբերի 10-ին, ազատ արձակվեցին Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արմեն Չարչյանը, Մխիթար Զաքարյանն ու Արթուր Սարգսյանը:

ԱԺ արտահերթ ընտրություններից հետո՝ հունիսի 22-ին, Լոռու մարզպետը Օձուն համայնքի ղեկավար Արսեն Տիտանյանին հրավիրել էր մարզպետարան և պահանջել հրաժարականի դիմում ներկայացնել (Տիտանյանը ԱԺ ընտրություններին սատարել է «Հայաստան» դաշինքին): Նա մերժել էր, ինչից հետո միջանցքում մի խումբ անձինք ծեծի են ենթարկել նրան: Այդ մասին համայնքապետը հաղորդում է ներկայացրել, որի արդյունքում հունիսի 23-ին քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով), և Ա. Տիտանյանը ճանաչվել է տուժող: Թեպետ Լոռու մարզպետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Արամ Խաչատրյանը հերքել է կատարվածը՝ ասելով, թե քաղաքական նպատակներով իրեն վարկաբեկելու փորձ են անում, սակայն դեպքից ընդամենը մի քանի օր հետո՝ հունիսի 30-ին, կարծիք է հայտնել, որ պետք է հրաժարական տան մարզի այն համայնքապետերը, որոնց սատարած քաղաքական ուժերը Ազգային ժողովի ընտրություններում պարտություն են կրել։ Ըստ մարզի ղեկավարի՝ այդ համայնքապետերն իրենց համայնքներում վստահություն չունեն, և ընտրություններին մասնակցած կուսակցությունների պարտությունը նաև նրանց պարտությունն է։ Եվ ընտրություններից մեկ ամիս անց մարզի 4 համայնքապետեր հրաժարական տվեցին:

2021 թ. դեկտեմբերի 1-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ «Սիսական» ջոկատի հրամանատար, Արցախյան երեք պատերազմների մասնակից Աշոտ Մինասյանը կալանավորվեց։ Դատավորը բավարարել էր քննիչի՝ դեռևս 2020 թ. նոյեմբերի 15-ի միջնորդությունը:

Հիշեցնենք, որ դեռևս 2020 թ. նոյեմբերի 14-ին «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը ձերբակալվել էր ՀՀ քրեական օրենսգրքի 35-300-րդ հոդվածի 1-ին մասի՝ իշխանության յուրացման և 35-305-րդ հոդվածի՝ պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով սպանության նախապատրաստման և 235-րդ հոդվածի՝ ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով։ Նոյեմբերի 16-ին Աշոտ Մինասյանը ազատ էր արձակվել` ձերբակալության 72 ժամը լրանալու հիմքով: Դեկտեմբերի 24-ին Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել էր առաջին ատյանի դատական ակտը և հաստատել, որ Աշոտ Մինասյանի ձերբակալությունը ոչ իրավաչափ է եղել:

2021 թ. արդեն ինչպես Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը, այնպես էլ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժել էին Աշոտ Մինասյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ վարույթն իրականացնող մարմնի և դատախազության միջնորդությունները՝ հիմնավոր կասկածի բացակայության պատճառաբանությամբ: Սակայն ՀՀ Վճռաբեկ դատարանը 2021 թ. հոկտեմբերի 4-ին ընդունած որոշմամբ մասնակիորեն բավարարել էր 2020 թ. նոյեմբերի 13-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործով ՀՀ դատախազության կողմից ներկայացված վճռաբեկ բողոքը և գործն ուղարկել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության: Նոյեմբերի 21-ին պարզ դարձավ, որ առաջին ատյանի դատարանը կրկին քննել է Մինասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունը և կրկին մերժել այն, բայց այս անգամ՝ կալանավորման հիմքերի բացակայության հիմքով։ Առաջին ատյանի դատարանը գտել էր, որ Մինասյանը, գտնվելով ազատության մեջ, չի խոչընդոտի գործի քննությունը, սակայն դատախազությունը վերաքննիչ բողոք էր ներկայացրել, ինչն էլ ի կատար ածվեց:

Դեկտեմբերի 1-ի ձերբակալումից հետո բազմաթիվ կազմակերպություններ, բարձրաստիճան սպաներ են հանդես եկել հայտարարություններով, որոնցով դատապարտել են Աշոտ Մինասյանի կալանավորումն ու պահանջել նրան ազատ արձակել: Իսկ 2021 թ. դեկտեմբերի 13-ին Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ, Եպիսկոպոս Բագրատ Սրբազան Գալստանյանը, ՀՀ ԶՈՒ պահեստազորի գեներալ-մայոր, «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր Գրիգորի Խաչատուրովը, ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը, պատրաստակամություն են հայտնել Աշոտ Մինասյանի խափանման միջոցը անձնական երաշխավորությամբ փոխելու դեպքում հանդիսանալ անձնական երաշխավոր:

Դեռևս 2020-ի հունիսի 14-ին ԱԱԾ-ն խուզարկություն իրականացրեց գործարար, այդ ժամանակ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի առանձնատանը: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրա դեմ 3 քրեական գործ է հարուցվել` ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, ընտրակաշառք բաժանելու և հողատարածքների օտարման փաստերով։ ՀՀ Ազգային ժողովը համաձայնություն տվեց, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը զրկվի ազատությունից։ Սեպտեմբերի 25-ին Ծառուկյանը կալանավորվեց, ապա հոկտեմբերի 22-ին, 100 մլն գրավի դիմաց ազատ արձակվեց: Նա նորից կալանավորվեց նոյեմբերի 11-ին՝ օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու մեղադրանքով, ապա ազատ արձակվել նոյեմբերի 13-ին՝ ձերբակալումը ոչ իրավաչափ ճանաչելու հիմքով:

2021 թ. մայիսի 6-ին Ազգային ժողովում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը` պատասխանելով պատգամավորների հարցերին, հայտարարել է, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գործը փակված չէ։ Նա ասել է, որ ԲՀԿ նախագահի գործը հասկանալի պատճառով երկար է քննվելու, որովհետև խոսքը հազարավոր անձանց ներգրավմամբ մեծ ծավալներ ստացած հանցավոր դրսևորումների մասին է։ Պարզ է, որ քննությունը պետք է ավարտի այդ ամեն ինչը, ու դրան տրվի իրավական գնահատական:

Հետաքրքրական է, որ 2018 թ.-ից հետո հարուցվեցին բազմաթիվ հասարակական հնչեղություն ունեցող քրեական գործեր, որոնք սակայն անհարկի ձգձգվում էին: Եվ առ այսօր դեռևս հնչեղություն ունեցող ոչ մի գործով վճիռ չկա, և տպավորություն է, որ դրանք սառեցվել են՝ հարմար ժամանակի նորից ընթացք տալու համար:

2021 թ. նոյեմբերի 10-ին կալանավորվել է Կոտայքի մարզի Քասախ համայնքի ղեկավար Արա Մկրտչյանը։ Նա ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի հայրն է։ Վերաքննիչ քրեական դատարանը որոշում է կայացրել բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը, որը մերժել էր կալանավորելու միջնորդությունը, և որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը։

Արա Մկրտչյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիքի, պետական կամ համայնքային uեփականություն հանդիսացող հողամաuերի ինքնակամ զավթման, ինչպես նաև շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելու հատկանիշներով։ Հիշեցնենք, Արա Մկրտչյանն այն համայնքապետների թվում էր, որոնք պահանջել են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Արա Մկրտչյանի կալանավորմանը նախորդել էր օգոստոսի 24-ին ԱԺ-ում կատարված միջադեպը, երբ ԱԺ պատգամավոր Աննա Մկրտչյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղելիս ասել էր. «Հիմա այս անձնավորությունը իր հետ դահլիճ է բերել «ախռաննիկներ», որոնք երբևէ ԱԺ չեն մտել», որից հետո անվտանգության աշխատակիցները ԱԺ նախագահի պահանջով Աննա Մկրտչյանին հեռացրել էին նիստերի դահլիճից։

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 137.1-րդ հոդվածի՝ ծանր վիրավորանքի հատկանիշներով, որի շրջանակներում էլ 2021 թ. դեկտեմբերի 14-ին Սամսոնյանը բերման է ենթարկվել։

Սամսոնյանի ձերբակալումը ոչ իրավաչափ է ճանաչվել մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության և օպերատիվ հետախուզական միջոցառումների գործով մասնագիտացված դատարանի կողմից, և Նարեկ Սամսոնյանն ազատ է արձակվել դեկտեմբերի 16-ին:

«Այլընտրանք» ՀԿ ղեկավար, «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Նարեկ Մանթաշյանը կալանավորվել է 2021 թ. դեկտեմբերի 15-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ:

Դեռևս 2020 թ. նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը, երբ ստորագրվեց Արցախում պատերազմը դադարեցնելու եռակողմ հայտարարությունը, Նարեկ Մանթաշյանն այլ քաղաքացիների հետ գիշերը մուտք էր գործել Կառավարության շենք:

Այդ ժամանակ հարուցվել էր քրեական գործ՝ քաղաքացիների գործողությունները որակելով որպես զանգվածային անկարգություն: Նարեկ Մանթաշյանին մեղադրանք էր առաջադրվել զանգվածային անկարգություններին մասնակցելու, ինչպես նաև Կառավարության շենքից հափշտակություն կատարելու համար, ըստ Մանթաշյանի՝ խոսքը, իբրև թե, դրոշ գողանալու մասին է: Մեկ տարի առաջ Մանթաշյանը ձերբակալվել էր, և նրան կալանավորելու միջնորդություն էր ներկայացվել դատարան, սակայն դատարանը միջնորդությունը մերժել էր` հիմնավոր կասկածի բացակայության հիմքով: Այժմ Մանթաշյանի մեղադրանքը նույն դեպքի շրջանակներում է, սակայն փոփոխված մեղադրանքով՝ ոչ թե զանգվածային անկարգություններին մասնակցելու, այլ դրանք կազմակերպելու հիմքով:

Եվս մեկ քրեական գործ կա, որով Մանթաշյանը մեղադրվել է բժշկական գաղտնիք հայտնելու համար, քանի որ հրապարակայնացրել է, որ ՀՀ երրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված քրգործով դատավոր Աննա Դանիբեկյանը քթի պլաստիկ վիրահատության է ենթարկվել` Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը քննարկելու փոխարեն։ Ըստ պաշտպանի՝ դատարանը հաշվի չի առել այն փաստը, որ երբ Դանիբեկյանը դատարան է գնացել, նրա դեմքի փոփոխությունը տեսանելի է եղել։ Եվ նրա խոսքով՝ «քթի գործը» գտնվում է դատաքննության փուլում։

«Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինքի Վանաձորի համայնքապետի թեկնածու Մամիկոն Ասլանյանը 2021 թ. դեկտեմբերի 15-ին ձերբակալվել, ապա 16-ին կալանավորվել է: Քննչական կոմիտեն հայտարարել է, որ առերևույթ տվյալներ են ձեռք բերվել 2016 թ. հոկտեմբերի 10-ից մինչև 2021 թ. հոկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Մամիկոն Ասլանյանի կողմից իր պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և անցնելու, անձնական այլ դրդումներով պաշտոնեական կեղծիք կատարելու՝ հանրորեն վտանգավոր արարքներ գործելու մի շարք հանգամանքների վերաբերյալ:

«Մարդու իրավունքների եզդիական կենտրոն» ՀԿ նախագահ Սաշիկ Սուլթանյանին մեղադրանք է առաջադրվել ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելուն, ռասայական գերազանցությանը կամ ազգային արժանապատվությունը նվաստացնելուն ուղղված գործողություններ կատարելու հիմքով: Սաշիկ Սուլթանյանը 2020 թ. հունիսի 8-ին Իրաքի Հանրապետությունում գործող yezidinews.com կայքին տված հարցազրույցում ասել է, որ եզդիների իրավունքները Հայաստանում պաշտպանված չեն, առկա է խտրական վերաբերմունք նրանց նկատմամբ, եզդիներն ունեզրկվում են ազգային պատկանելության պատճառով, հայ «օլիգարխները», օգտվելով պետության հովանավորչությունից, եզդիներին զրկում են իրենց հողամասերից: Ըստ Սուլթանյանի՝ 1988-2006 թվականների ընթացքում Հայաստանում եղել է շովինիստական շարժում, որի պահանջն է եղել, որ Հայաստանում բնակվեն միայն հայերը, եզդիներին գնդակահարել են և վռնդել իրենց տներից: Նրա խոսքով՝ եզդիներին փաստացի արգելված է աշխատել Հայաստանի պետական համակարգում: Հայերի և եզդիների համատեղ բնակության գյուղերում փաստացի արգելված է, որ գյուղապետը եզդի լինի: Սուլթանյանն ասել է նաև, որ եզդիերեն լեզուն չի դասավանդվում: Հայաստանում չկա եզդիական մշակութային կենտրոն, առկա է մեկ տաճար, որը չի գործում և այլն:

Ներկայումս քրեական գործը դատարանում է: Կարևոր է ընդգծել, որ իրականում ՀՀ-ում եզդիների գնդակահարումներ չեն եղել, իսկ նմանատիպ գործելաոճ ունեցող որևէ շարժում երբևէ գոյություն չի ունեցել։

ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումների մասին՝ տե՛ս «Դատական համակարգ» բաժնում:

Սույն զեկույցում ներկայացված քաղաքական հետապնդումների դրվագները, ինչպես նաև քաղաքական հետապնդումների ենթարկված անձանց ցանկը սպառիչ չեն։

Հայրենադարձված զինծառայողների նկատմամբ քրեական հետապնդումներ

Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում և հրադադարից հետո գերեվարված զինծառայողների և քաղաքացիական անձանց հիմնախնդիրները շարունակում են չլուծված մնալ։ Ռազմագերիների մի մասը Բաքվի դատարանի կողմից դատապարտվել է 6, 16 և 20 տարվա ազատազրկման։ 2021 թ․ դեկտեմբերի դրությամբ ադրբեջանական կողմից հաստատված ռազմագերիների թիվը շուրջ 50 է, մինչդեռ, ըստ Եվրոպական դատարանում հայ գերիների շահերի պաշտպան Սիրանուշ Սահակյանի՝ ոչ պաշտոնապես նրանց թիվը 80-ով ավելի է։

Նոյեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ի սահմաններում, ադրբեջանական զինված ուժերը հարձակում նախաձեռնեցին ՀՀ Սյունիքի մարզի արևելյան հատվածի ուղղությամբ։ Ռազմական գործողությունների ընթացքում կիրառվեցին հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Ի հետևանք հայկական կողմը կրեց ինչպես մարդկային ուժի, այնպես էլ մարտական դիրքերի կորուստներ, եղան նաև գերեվարվածներ։

Ըստ ՀՀ պաշտպանության նախարարության նախնական տեղեկության` հայկական կողմը ուներ 1 զոհ, 13 հոգի գերեվարվել էր, իսկ 24-ը՝ անհետ կորել, սակայն հետագայում Ն․ Փաշինյանը հայտնեց, որ գերեվարվածների թիվը 32 է։

Նոյեմբերի 17-ին ՀՀ Ազգային ժողովում Ն․ Փաշինյանը հայտարարեց, որ «Ժամանակն է, որ գերեվարման ամեն դեպքը պատշաճ հետաքննենք, որովհետև ամեն ծառայող ունի պարտականություններ, և պետք է բոլոր դեպքերով հստակ․․․ գուցե սխալ ենք վարվել զգացմունքային ֆոնի վրա։ Պետք է քննվի, թե ինչ է նշանակում գերի ընկնել, ի՞նչ հանգամանքներում»։ Այնուհետև՝ դեկտեմբերի 4-ին հայրենադարձված 10 զինծառայողներից 5-ը ձերբակալվեցին, ներկայացվեց նրանց կալանավորելու միջնորդություն։ Սա առաջին դեպքն էր, երբ հայրենադարձված գերիները ազատությունից զրկվեցին։

Ն․ Փաշինյանի հայտարարությանը անդրադարձան ինչպես իրավապաշտպաններ, այնպես էլ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը։ Ըստ իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանի՝ անգամ հանցագործության առկայության պայմաններում խնդրահարույց է նման հայտարարություններ անելը, ինչպես հայկական կողմի հանրային ընկալումների տեսանկյունից, այնպես էլ ադրբեջանական կողմի հնարավոր չարաշահումներից խուսափելու նպատակով։ Իրավապաշտպանը նշել է, որ Ադրբեջանը նախկինում ևս իր մոտ պահվող գերիներին փորձել է համոզել, թե հայկական կողմը հետաքրքրված չէ իրենցով։ Ն․ Փաշինյանի հայտարարությունից հետո այն կարող է օգտագործվել գերիներին ստիպելու համար հրաժարվել Հայաստան վերադառնալուց։

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը հայրենադարձվածների կալանավորման իրավաչափությունը համարել է ոչ համոզիչ։ Ըստ նրա՝ դա պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ գերեվարվածների կողմից հանցանք կատարած լինելու, նրանց նկատմամբ քրեական գործեր հարուցելու անհրաժեշտության մասին հրապարակային հայտարարություններ են արել «քրեական դատավարության հետ կապ չունեցող՝ ՀՀ գործադիր և օրենսդիր մարմինների մի շարք բարձրաստիճան ներկայացուցիչներ»։

Հատկանշական է, որ մինչև 2020 թ․ հունիսի 20-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները, Ն․ Փաշինյանի հռետորաբանությունը գերեվարված անձանց վերաբերյալ կտրուկ տարբեր էր։ Քարոզարշավի ընթացքում՝ հունիսի 8-ին, Ն․ Փաշինյանը հայտարարել էր, թե պատրաստ է իր որդուն փոխանակել Ադրբեջանում պահվող բոլոր գերիների հետ։ Հունիսի 12-ին Ադրբեջանից հայրենադարձված 15 ռազմագերիների լուսանկարը հրապարակելով ֆեյսբուքյան իր էջում՝ Ն․ Փաշինյանը գրառում էր կատարել՝ «Մեր 15 եղբայրները վերադառնում են»։

Խոշտանգումներ

2021 թվականին, նախորդ տարիների նման, ՀՀ-ում գրանցվել են ոստիկանության աշխատակիցների կողմից անձանց նկատմամբ խոշտանգումների և բռնությունների դեպքեր։ Ըստ ՀՀ գլխավոր դատախազության տրամադրած տեղեկության՝ 2021 թ․ ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 309․1-րդ հոդվածով (Խոշտանգումը) նախատեսված հանցագործության վերաբերյալ դեպքերով նախապատրաստվել է 79 նյութ, որից 63-ով որոշում է կայացվել քրեական գործ հարուցելու մասին։ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով) նախատեսված հանցագործության վերաբերյալ դեպքերով նախապատրաստվել է 109 նյութ, որից 75-ով որոշում է կայացվել քրեական գործ հարուցելու մասին։

2021 թ․ ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության համաձայն, 2020 թ․ ընթացքում քաղաքացիներին ոստիկանության և այլ մարմինների բաժիններում ապօրինի պահելու, նրանց փաստացի ազատությունից զրկելու, խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից մարդու իրավունքների այլ ենթադրյալ խախտումների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստվել է 47 նյութ: Դրանց արդյունքում հարուցվել է 37 քրեական գործ: 2020 թ. մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել քննված 6 քրեական գործ՝ 11 անձի վերաբերյալ, որոնցից 2-ը՝ 4 անձի վերաբերյալ, եղել է ՀՀ քրեական օրենսգրքի 309․1-րդ հոդվածով (Խոշտանգումը), 4-ը՝ 7 անձի վերաբերյալ՝ 309-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով):

Սյունիքի մարզի Շուռնուխ համայնքի ղեկավարի՝ Հակոբ Արշակյանի եղբորը՝ Արարատ Աղաբեկյանին, ոստիկանության աշխատակիցները գիշերով բերման էին ենթարկել ոստիկանություն՝ նախօրեին ՀՀ վարչապես Նիկոլ Փաշինյանի Սյունիք կատարած այցի ժամանակ բողոքի ակցիաներին մասնակցելու համար։ Տարածված տեսանյութում երևում է, թե ինչպես են ոստիկանության շենքում երկու ոստիկան Արարատ Աղաբեկյանի ձեռքերը ոլորած, վերջինիս ծնկաչոք վիճակում քաշքշելով տանում միջանցքներով։ Տեսանյութում երևում է նաև, որ Արարատ Աղաբեկյանը հայտնում է, որ ինքը վատառողջ է, ոչ մի բողոքի ակցիայի չի մասնակցել, 10 օր է՝ թոքաբորբով պառկած է, ունի բարձր ջերմություն, դեղահաբերը մոտը չեն։ Սենյակ մտցնելուց հետո երևում է, որ վերջինիս ձեռքերին հագցված են ձեռնաշղթաներ՝ հետևի կողմից։ Միայն մի կնոջ պահանջից հետո, որը ներկայացել է որպես իրավապաշտպան, հանել են Արարատ Աղաբեկյանի ձեռնաշղթաները և հայտարարել, որ կանչել են շտապօգնություն։

Երևան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի երեք օպերլիազորներին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերի հատկանիշներով այն բանի համար, որ 2020 թ. սեպտեմբերի 6-ին՝ ժամը 01:00-ին, Երևան քաղաքի բնակիչ Վ. Օ.-ին և վերջինիս ծանոթ, ծանրամարտիկ Ա. Ղ.-ին փաստացի բերման են ենթարկել ոստիկանության Նոր Նորքի բաժին, որտեղ վերջիններիս խոշտանգել են՝ կատարած արարքների համար պատժելու նպատակով: 2021 թ. դատախազության տարածած հաղորդագրության համաձայն՝ հիշյալ գործով ավարտվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործը, և այն մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։

Ըստ ՀՀ հատուկ քննչական ծառայության տարածած հաղորդագրության՝ 2020 թ․ ճանապարհային ոստիկանության տեսուչներ Սարգիս Մնացականյանը և Սահակ Խաչատրյանը Ա․Մ․-ի կողմից ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորելու համար վերջինիս օրենքով սահմանված պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու փոխարեն, դուրս գալով իրենց լիազորությունների շրջանակից, բռնություն են գործադրել նրա նկատմամբ` ձեռքերով ու ոտքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել նրա մարմնի տարբեր մասերին, պատճառել մարմնական վնասվածքներ: Այդ ընթացքում Տ․Մ․-ն փորձել է միջամտել, սակայն Սարգիս Մնացականյանը իր մեկ այլ գործընկերոջ՝ ՃՈ տեսուչ Սեյրան Սարգսյանի հետ բռնություն է գործադրել նաև Տ․Մ․-ի նկատմամբ՝ ձեռքով ու ոտքով հարվածներ հասցնելով նրա մարմնի տարբեր մասերին: Ճանապարհային ոստիկանության երեք տեսուչներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով): 2021 թ․ գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։

Ամենայն հավանականությամբ խոսքը 2020 թվականի օգոստոսի 22-ին Ճանապարհային ոստիկանության վարչության շենքում մի խումբ ոստիկանների և քաղաքացիական հագուստով անձանց կողմից անձին ծեծի ենթարկելու միջադեպի մասին է։ Տարածված տեսանյութում հստակ երևում է, թե ինչպես են տասնյակի հասնող ոստիկաններ ձեռքերով ու ոտքերով ծեծի ենթարկում անձին, նույնիսկ գետնին ընկնելուց հետո։ Ծեծը դադարում են, երբ անձը ուշագնաց է լինում։ Բռնությունը դրսևորվում է այն աստիճան դաժանությամբ, որ կարելի է որակել որպես խոշտանգում։ Տեսանյութում նաև երևում է, որ բուժաշխատողները փորձում են ուշքի բերել այդ անձնավորությանը, որին նստեցրել են սայլակին, սակայն վերջինս որևէ կերպ չի արձագանքում։ Խնդրահարույց է նաև այն, որ տեսանյութում երևացող տասնյակից ավելի անձինք այդ ծեծկռտուքին անմիջապես մասնակցել կամ ներկա են եղել և իրենց լռելյայն համաձայնությամբ թույլ են տվել դա, սակայն քրեական գործը հարուցվել է ընդամենը 3 անձի նկատմամբ, այն էլ՝ ոչ թե խոշտանգման, այլ պաշտոնեական լիազորություններն անցնելու մեղադրանքով, որը նախատեսում է ավելի մեղմ պատիժ։

ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակից Ա. Հովհաննիսյանին մեղադրանք էր առաջադրվել կատարած արարքի համար պատժելու նպատակով ՔԿՀ խուզարկության համար նախատեսված սենյակում մի խումբ աշխատակիցների հետ դատապարտյալ Ա. Աղաջանյանին ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցնելու, նրան դիտավորությամբ ֆիզիկական ուժեղ ցավ պատճառելու և խոշտանգման դեպքը թաքցնելու համար իբրև թե խուզարկության ժամանակ Ա. Աղաջանյանի կողմից ագրեսիան կանխելու նպատակով նրա նկատմամբ ֆիզիկական ուժ կիրառելու վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող կեղծ արձանագրություն կազմելու համար:

Դատական քննության արդյունքում Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, վերաորակելով արարքը, կիրառել էր համաներում՝ մեղադրյալին ազատելով պատժի կրումից։ ՀՀ վերաքննիչ դատարանը առաջին ատյանի դատարանի վճիռը թողել էր անփոփոխ։ Բողոքների քննության արդյունքում 2021 թ․ ՀՀ Վճռաբեկ դատարանը բեկանել է ստորադաս դատարանի դատական ակտը։ Վճռաբեկ դատարանը ընդունելի չի համարել առաջին ատյանի դատարանի այն պնդումները, թե բռնությունը խոշտանգում որակելու համար անհրաժեշտ պայման է, որ դեպքին նախորդած լինի տուժողի կողմից հակաօրինական արարքի կատարում: Անընդունելի է համարել նաև արարքը վերաորակելու հիմքում դրված այն փաստարկը, թե ծեծի ընթացքում հատուկ միջոցներ չեն կիրառվել, ծեծը չի ուղեկցվել մշակված հատուկ մեթոդների կիրառմամբ, դաժան վերաբերմունքը երկար չի տևել, չի կրկնվել և այլն: Դատարանը նշել է, որ նշված հանգամանքներն իրենց համակցության մեջ չեն կարող բացառել քրեաիրավական իմաստով խոշտանգման հանցակազմի հատկանիշների առկայությունը, խոշտանգման հետևանքով անձի առողջությանը կարող է նույնիսկ առհասարակ վնաս չպատճառվել, տվյալ դեպքում կարևոր է ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը։ Վճռաբեկ դատարանը բեկանել է վերաքննիչ դատարանի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:

Դեռևս 2019 թ. մարտի 2-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր Բ. Ա.-ն և օպերլիազոր Ա. Հ.-ն, լինելով քաղաքացիական հագուստով, Երևանի մետրոպոլիտենի «Շենգավիթ» կայարանի դիմացի տարածքում տեսել են իրար հետ վիճող երիտասարդների, մոտեցել, բռնել են նրանցից երկուսին և չներկայանալով, որ ոստիկանության ծառայողներ են, քաշքշել են նրանց՝ պահանջելով հեռանալ: Ոստիկանների գործողությունների արդյունքում երիտասարդները, կարծելով, թե նրանք իրենց հետ վիճաբանող տղաների ընկերներն են, ի պատասխան քաշքշել են նրանց, ինչից հետո ոստիկանները, ուժ գործադրելով, տղաներին նստեցրել են ավտոմեքենան: Ոստիկանության Շենգավիթի բաժին տեղափոխելու ընթացքում ոստիկանության նշված աշխատակիցները տղաներից մեկին՝ վերջինիս դեմքով դեպի առաջ կռացրած վիճակում, նրա կողմից դրսում իրենց քաշքշելու, իսկ ավտոմեքենայում պատասխան հայհոյելու համար պատժելու նպատակով բռունցքներով բազմաթիվ հարվածներ են հասցրել նրա մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով ֆիզիկական ուժեղ ցավ և միջին ծանրության մարմնական վնասվածքներ: 2021 թ. դեկտեմբերի 28-ին դատարանը կայացրել է մեղադրական դատավճիռ, որով ոստիկանության նշված երկու աշխատակիցները մեղավոր են ճանաչվել խմբի կազմում խոշտանգում կատարելու՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու համար և դատապարտվել ազատազրկման 7 տարի ժամկետով՝ պետական մարմիններում, տեղական ինքնակառավարման մարմիններում, դրանց կազմակերպություններում պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելով 3 տարի ժամկետով։ Սա, ըստ էության, խոշտանգման հոդվածով առաջին դատավճիռն է:

2021 թ․ «Սասնա ծռեր» խմբավորման չորս անդամներին՝ Արայիկ Խանդոյանին, Գագիկ Եղիազարյանին, Մխիթար Ավետիսյանին և Արեգ Կյուրեղյանին, ծեծի ենթարկելու գործով քրեական վարույթը կասեցվել է։ «Սասնա ծռեր» խմբի անդամներին ծեծի ենթարկելու դեպքով 2018 թվականին մեղադրանք էր առաջադրվել ոստիկանության փոխգնդապետ Արմեն Ղազարյանին՝ խոշտանգման մեղադրանքով, 2021 թ․ նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է։

Այս ամենով հանդերձ պետք է արձանագրել, որ Հայաստանում դեռևս չկա օրինական ուժի մեջ մտած դատավճիռ, որով որևէ ոստիկան դատապարտված լինի խոշտանգման համար։ Շատ հաճախ խոշտանգման գործերը որակվում են պաշտոնեական լիազորություններն անցնելու հոդվածով, որը զուգորդվել է բռնություն գործադրելով։ Հիշյալ արարքի համար նախատեսվում է շատ ավելի մեղմ պատիժ, քան խոշտանգման համար։

2021 թվականի հունիսի 30-ին ընդունվեց ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգիրքը, որն ուժի մեջ է մտնելու 2022 թ․ հուլիսի 1-ին։ Հիշյալ օրենսգրքի 181-րդ հոդվածը սահմանում է քննչական ենթակայությունը։ Նշված հոդվածի համաձայն՝ խոշտանգման վերաբերյալ վարույթներով քննությունն այլևս կատարելու են Ազգային անվտանգության ծառայության քննիչները:

COVID 19

Հայաստանում կորոնավիրուսի համավարակին հակազդելու նպատակով 2020 թ․ սեպտեմբերի 11-ին դադարեցվել է արտակարգ դրության իրավական ռեժիմը և ուժի մեջ է մտել կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված կարանտին սահմանելու մասին ՀՀ Կառավարության 1514-Ն որոշումը, համաձայն որի` Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի սեպտեմբերի 11-ից սահմանվել է կարանտին, և կիրառվել են մի շարք սահմանափակումներ։ Որոշումը ենթարկվել է մի քանի փոփոխության՝ երկարաձգելով կարանտինի գործողությունը առայժմ մինչև 2022 թ․ հունիսի 20-ը։

Հայտարարված կարանտինի պայմաններում կայացվել են մի շարք որոշումներ և հրամաններ, որոնք պարունակում են իրավունքների անհամաչափ սահմանափակում կամ հակասում են գործող օրենսդրությանը։

2021 թ․ օգոստոսի 20-ին ուժի մեջ մտավ ՀՀ առողջապահության նախարարի թիվ 65-Ն հրամանը, որի համաձայն ներդրվեց քաղաքացիների՝ աշխատավայր ներկայանալու համար 14 օրը մեկ (իսկ դեկտեմբերի 1-ից՝ 7 օրը մեկ) կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունք ներկայացնելու պահանջը։ Բացառություն կազմեցին առողջական հակացուցում ունեցող և պատվաստման առնվազն 1 դեղաչափ ստացած անձինք։ Թեև կարգավորումը նպատակ ուներ խթանելու պատվաստում ստացող անձանց թիվը, սակայն պահանջը չկատարող անձանց համար ենթադրվող հետևանքները հակասում են գործող աշխատանքային օրենսդրությանը։ Մասնավորապես, Աշխատանքային օրենսգրքում բացակայում է համապատասխան կարգավորում, համաձայն որի՝ ՀՀ առողջապահության նախարարի հրամանը չկատարելու դեպքում աշխատողի համար կարող են վրա հասնել անցանկալի հետևանքներ։ Բացի այդ, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 134-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն՝ աշխատողի անձնական տվյալները փոխանցելիս գործատուն պետք է չպահանջի աշխատողի առողջության վերաբերյալ տեղեկություններ, բացառությամբ այն տվյալների, որոնք վերաբերում են աշխատողի կողմից աշխատանքային գործառույթ իրականացնելու հնարավորությանը: Հետևաբար, գործատուն չի կարող աշխատողից պահանջել նրա առողջության վերաբերյալ տեղեկություններ և փաստաթղթեր: Այս անհամապատասխանության հետևանքով բազմաթիվ հայցադիմումներ են ներկայացվել դատարան և առնվազն մեկ կոլեկտիվ հանրագիր՝ ՀՀ վարչապետին՝ ՀՀ առողջապահության նախարարի թիվ 65-Ն հրամանի՝ քաղաքացու հաշվին 14 օրը մեկ կորոնավիրուսային հիվանդության ՊՇՌ հետազոտության սերտիֆիկատ և ամբողջական պատվաստման սերտիֆիկատ ներկայացնելու պահանջն անվավեր ճանաչելու պահանջով, որին միացել են ավելի քան 10 հազար անձ։

Աշխատանքային օրենսգրքի համապատասխան փոփոխությունները մշակվեցին և ընդունվեցին ԱԺ-ի կողմից միայն 2021 թ․ դեկտեմբերին։ Միևնույն ժամանակ, առաջարկվել է սահմանել վերոհիշյալ պահանջից բացառություններ՝ բացառությունների մեջ ներառելով բարձրաստիճան պաշտոնատար անձանց, որոնց վրա հրամանում ներկայացված պահանջը չի տարածվում։ Սույն մոտեցումը պարունակում է ակնհայտ խտրական մոտեցում և հակասում է օրենքի համաչափության սկզբունքներին։

Զեկույցը պատրաստել են՝

 Ավետիք Իշխանյան (զեկույցի պատասխանատու)

Սիրվարդ Մամիկոնյան (ընտրական իրավունք)

Ռոբերտ Ռևազյան (դատական համակարգ, խոշտանգումներ)

Հասմիկ Հովհաննիսյան (խոսքի ազատություն, քաղաքական հետապնդումներ)

Ռաֆայել Իշխանյան (խաղաղ հավաքների ազատություն)

Մարիամ Վարդանյան (COVID 19)

 Դիտորդ

Հայաստանի Հելսինկյան կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28