«Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Նազարյանն այսօր առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանից հետաքրքրվեց՝ ի վերջո պարզվե՞ց, թե դիմակը կորոնավիրուսի տարածման վրա ինչ ազդեցություն ունեցավ, ինչո՞ւ մեկուսացման ժամկետը 14 օրից դարձավ յոթ օր, որքա՞ն է մահերի թիվը, որովհետեւ 8-ից 9 հազար մահերի մասին են խոսում, եւ, ի վերջո, վստա՞հ են, թե ինչ են ներարկում քաղաքացիներին՝ պատվաստանյութի անվան տակ։
«Այո, դիմակները կրում են լուրջ կանխարգելիչ բնույթ, կարեւոր դեր ունեն վարակի տարածումը կանխելու համար։ Արդյունավետության մասով մենք ականատես ենք եղել ԲԿ-ներում մոնիթորինգների արդյունքներն ամփոփելիս եւ այլ տվյալներով»,-պատասխանեց Անահիտ Ավանեսյանը։
Նրա խոսքով՝ վիրուսի դեմ պայքարի ՀՀ-ի քաղաքականությունը եղել է ճկուն, հիմնվել ապացուցողական հիմքեր ունեցող նյութերի վրա․ «Առաջիններից էինք, որ հրաժարվեցինք երկարատեւ լոկդաուններից, որովհետեւ հասկացանք՝ կորոնավիրուսը մեր հետ է երկար ժամանակով»։
Ինչ վերաբերում է պատվաստանյութերին, նախարարը վստահեցրեց, որ ներմուծվում են միայն ԱՀԿ-ի հաստատած եւ տվյալ երկրում հաստատում ստացած պատվաստանյութերը․ «Այսինքն, բոլոր պատվաստանյութերն անցել են երեք աստիճանի փորձաքննություն։ Հաստատվել է դրանց արդյունավետությունը։ ՀՀ-ում առկա բոլոր պատվաստանյութերը համապատասխանում են չափանիշներին։ Ինչ վերաբերում է մեկուսացման ժամկետին, ապա այս պահին առկա հիմքերը հուշում են, որ պատվաստված քաղաքացիները յոթ օր անց այլեւս վտանգ չեն ներկայացնում։ Այդ կարգավորումը միայն պատվաստվածներին է վերաբերում, եթե քաղաքացին հանձնում է թեստ, եւ պատասխանը բացասական է»։
Կարդացեք նաև
Գեղամ Նազարյանը նաեւ հարցրեց՝ ի՞նչ նպատակ էր հետապնդում 2020թ․-ի մարտին մարզահամերգային համալիրում մահճակալներով հայտնի լուսանկարի ակտիվ տարածումը։ Անահիտ Ավանեսյանը հարցին չանդրադարձավ։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ