Լրահոս
Օրվա լրահոսը

Բնակիչներն ահազանգում են՝ Վանաձորում ջուրը մի քանի ժամով են ստանում

Փետրվար 09,2022 16:45

Այսօր Վանաձորում դեռեւս կան թաղամասեր, որ ջուր են ստանում հատուկ գրաֆիկով, ընդամենը մի քանի ժամ տեւողությամբ։ «Ամոթ է իսկապես, ո՞ր թիվն է, որ մենք ջուր ենք ունենում 2 կամ 3 ժամ: Պետք է այդ ընթացքում հասցնես ջուր վերցնես, ճաշ պատրաստես ու լողանաս: Դա էլ, եթե բախտդ բերի, եթե չէ՝ ուրեմն պետք է սպասես հաջորդ օրվա գրաֆիկիդ»,- ասում է Երեւանյան խճուղի հասցեի բնակչուհի Անուշը:

Ինչպես նշում են զրուցակիցներս, որոշակի ժամանակ է, ինչ նույնիսկ իրենց մի քանի ժամ գրաֆիկով ջուրը չեն ստանում, իսկ շուրջօրյա ջրամատակարարման մասին խոսելն արդեն ավելորդ են համարում. «Նույնիսկ գրաֆիկով ջուրը չեն նորմալ տալիս, ի՞նչ շուրջօրյայի մասին է խոսքը: Ամբողջ աշխարհը ամենօրյա գրաֆիկով ջուր ունի, իսկ Վանաձորը դեռ շատ հեռու է այդ ամենից: Մենակ կարում են բակերը լավ քանդեն ու ոչ մի օգուտ չտան: Դա է իրենց գործը, աչքներիս թոզ են փչում, թե կկարգավորվի, բայց ես կարգավորվող բան չեմ տեսնում»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց տիկին Հերմինեն:

Փորձեցինք կապ հաստատել «Վիոլա ջուր» ընկերության հետ: Ընկերության Լոռի տեղամասի շահագործման տեղամասի պետ Ալիկ Բաղդասարյանը մեր զրույցում ասաց, ստեղծված իրավիճակը պայմանավորված է ջրագծերի ժամկետանց լինելու եւ եղանակային պայմանների հետ. «60-ական թվականների կառույցներ են եւ լրիվ մաշվել են: Բացի այդ, դրանք բաց ջրընդունիչներ են, այս եղանակներին, եթե ձյուն էլ չի լինում, սառում են: Սառցակալում են ջրերն ու չի հասցնում այդ քանակով ապահովի: Ամեն օր, առավոտյան ժամը 9-ից մեր աշխատակիցներն այնտեղ են, սառույց են ջարդում, բայց դա հիմնական լուծում չէ: Մինչեւ ջարդում են, մինչեւ ջուրը մի քիչ քանակ է ավելացնում, նորից օրը ցրտում է, ջերմաստիճանը նվազում է ու սառչում: Մինչեւ հողը տաքանա, արդեն կկարգավորվի»:

Ալիկ Բաղդասարյանի խոսքով՝ KFW բանկի ներդրումային ծրագրով դեռեւս 2018 թվականին պետք է ծրագիրն իրականանար, որը նախատեսում էր՝ աղբյուրներից ջրընդունիչների վերակառուցում, ինչպես նաեւ 2 թաղամասերի ցանցը պետք է փոխարինվեր նորով: Այնինչ ծրագիրը իրենց նշած ժամանակահատվածում չիրականացավ: Այդ իսկ պատճառով շուրջօրյա ջրամատակարարման հարցը կրկին մնաց օդում կախված. «2018 թվականից հետաձգվեց, կապիտալ ոչ մի ներդրումներ չարվեցին: Արդեն 2021 թվականից ծրագիրը մեկնարկել է, որոշակի աշխատանքներ արվել են: Ըստ իրենց ժամանակացույցի այս տարի ծրագիրը կավարտվի, որի դեպքում շուրջօրյա ջերմամատակարարում կապահովվի՝ «Դիմաց» եւ «Ջունգլիներ» թաղամասերում»:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28