Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստան-Իրան հարաբերություններում ՀՀ-Իրան սահմանի արժեքը ավելին է, քան որեւէ այլ սահմանինը». Վարդան Ոսկանյան

Փետրվար 09,2022 16:37

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկել է «Հայաստան-Իրան. պատմական անցյալը և ներկան» խորագրով միջազգային գիտաժողովը, որը նվիրված է Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին:

«Հայ-իրանական հարաբերություններն աչքի են ընկնում մի քանի առանձնահատկություններով, որոնք, ըստ էության, բնորոշ չեն որեւէ երկու այլ երկրի, այլ քաղաքակրթության կամ որեւէ երկու այլ մշակույթի: Դրանցից առաջինն այն է, որ մեր տարածաշրջանում Բեհիսթունյան արձանագրությամբ Դարեհ Մեծի թողած էթնիկական ցանկից այժմ ներկա են միայն հայերը եւ իրանցիները»,- գիտաժողովի ժամանակ նշեց Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը:

«Մյուս կարեւոր հանգամանքը, որ, ըստ էության, բնորոշում է մեր հարաբերությունների ոչ միայն պատմական խորքը, այլ նաեւ ներկա հարթությունը: Հայաստանի եւ Իրանի միջեւ սահմանը պատմական փոփոխություններով հանդերձ` աշխարհի հնագույն սահմաններից մեկն է: Աշխարհում շատ քիչ տերություններ կան, որոնք ունեն նման հնագույն սահման, եւ այդ հնագույն սահմանը նաեւ երկու պետությունների անվտանգության ապահովման կարեւորագույն բաղադրիչներից մեկն է»,-հավելեց պարոն Ոսկանյանը:

Նրա ձեւակերպմամբ. «Հաճախ անցյալ 30 տարիների ընթացքում չէինք գիտակցում այդ սահմանի կարեւորությունը, այդ սահմանին մոտենում էինք որպես խորքային մի տարածք, Երեւանից հեռու, ինչպես մեղրեցիներն են ասում` Հայաստանի ծայրամասում գտնվող մի հաղորդակցության գծի, որը չէր օգտագործվում ըստ հարկի, ըստ անհրաժեշտության` ապահովելու Հայաստանի եւ Իրանի անվտանգությունը: Այդ սահմանն ուներ երկու բաղադրիչ. Հայաստան-Իրան բաղադրիչը եւ Արցախ-Իրան բաղադրիչը, որոնցից մեկը, ցավոք, կորցրինք: Հետեւաբար Հայաստան-Իրան հարաբերություններում այդ սահմանի արժեքը շատ ավելին է, քան Հայաստանի Հանրապետության որեւէ այլ սահմանի արժեքը:

Մյուս կարեւոր յուրահատկությունը, որ ունեն մեր երկրու պետությունները, ժողովուրդները եւ մեր երկու քաղաքակրթությունները, այն է, որ գործ ունենք երկու ավանդական հասարակությունների հետ, որոնք հիմնված են` Իրանի պարագայում, իրանական մշակույթի եւ իսլամի իրանական դրսեւրում հանդիսացող շիայական ուղղության վրա, Հայաստանի պարագայում` կրկին մեր մշակույթի եւ ըստ էության քրիստոնեության հայկական ուղղություն հանդիսացող Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցու հավատանքի վրա: Հետեւաբար հայ-իրանական հարաբերությունները սահմանագիծ են նաեւ Իսլամի եւ Քրիստոնեության միջեւ: Մեր երկու ժողովուրդներն այն լավագույն օրինակն են, որը կարող է լինել համաշխարհային հարթության մեջ, թե ինչպես երկու տարբեր միաստվածական կրոններ դավանող ժողովուրդներ, երկու տարբեր մշակութային համակարգեր եւ քաղաքակրթություն ստեղծած ժողովուրդներ, երկու տարբեր, բայց միասնական ավանդականությանը տուրք տվող ժողովուրդներ կարող են ունենալ նման եղբայրական հարաբերություններ: Ես այդ հարաբերությունները համարում եմ եղբայրական, որի ողջ պոտենցյալը ցավալիորեն չի օգտագործվել եւ չի օգտագործվում»:

Գիտնականի խոսքով, հայ-իրանական ռազմավարական դաշինքի կնքումը անհրաժեշտություն է. «Դա է մեզ պարտադրում այս տարածաշրջանում առկա մարտահրավերների հսկայական բույլը` սկսած ահաբեկչական խմբավորումների ներկայությունից, որոնք անմիջականորեն հարձակում գործեցին Հայաստանի եւ Արցախի վրա եւ փորձում են հարձակումներ գործել նաեւ Իրանի վրա, թեւ ոչ ուղղակիորեն, բայց Իրանի շահերի վրա` Մերձավոր Արեւելքով մեկ, մեր տարածաշրջանում կան ծավալապաշտությունն իրենց համար հիմնական ուղենիշ դարձրած պետական կազմավորումներ, ռասիզմն իրենց համար պետական գաղափարախոսություն դարձրած պետություններ: Եվ հենց մենք ենք այս տարածաշրջանի հնագույն քաղաքակրթական ավանդույթներ ունեցող երկու պետություններն ու ժողովուրդները, որ պետք է հաղթահարենք այս մարտահրավերները»:

Հավելենք, որ գիտաժողովի նիստերի ժամանակ հայ և իրանցի գիտնականները ներկայացրին գիտական զեկուցումներ՝ նվիրված Հայաստան-Իրան հարաբերությունների պատմությանը և զարգացմանը, Թուրքիայի քաղաքականությանը Իրանի նկատմամբ, ՀՀ հասարակության վերաբերմունքի փոփոխության դինամիկային Իրանի նկատմամբ, լրատվամիջոցների դերին Հայաստանի և Իրանի հարաբերություններում, հայ ազգային փոքրամասնության իրավունքներին Իրանում, Իրանի հայ համայնքի մասնակցությանը ՀՀ-ԻԻՀ միջպետական հարաբերությունների հաստատման և զարգացման գործընթացում, Իրանի և Հայաստանի տնտեսաքաղաքական հարաբերություններին 2020 թ-ի Արցախյան պատերազմից հետո:

Գիտաժողովի աշխատանքները կշարունակվեն նաեւ փետրվարի 10-ին:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28