Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռուբեն Հայրապետյանը հավաքականի գլխավոր մարզիչներին իր անձնական միջոցներից է վճարել, կես միլիոն դոլար պարգեւավճար է տվել հավաքականին Հայաստան-Մակեդոնիա խաղից հետ»

Փետրվար 09,2022 16:17

ՀՖՖ նախկին ղեկավար Ռուբեն Հայրապետյանի պաշտպան Ամրամ Մակինյանն այսօր հրավիրված ասուլիսում, որտեղ ներկայացրեց Հայրապետյանի հետ կապված քրեական գործով նոր հանգամանքներ, ուշագրավ բացահայտում ներկայացրեց։ Փաստաբանը ներկայացրեց որոշ փաստաթղթեր, ըստ որոնց` Ռուբեն Հայրապետյանն իր անձնական գումարներով ինչ ծախսեր է կատարել ֆեդերացիայի համար։

Հիշեցնենք, որ հարուցված քրեական գործի շրջանակներում, ըստ վարույթ իրականացնող մարմնի, Ռուբեն Հայրապետյանի կազմակերպմամբ իրականացվել է 562 մլն դրամի յուրացում՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պատվերով՝ Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Զեյթունի կահույքի ֆաբրիկայի» կողմից մարզադաշտերի կառուցման ընթացքում թույլ են տրվել չարաշահումներ, աշխատանքները չեն կատարվել՝ 562 մլն դրամը յուրացվել է։

Վարույթ իրականացնող մարմինն, ըստ փաստաբանի, Ռուբեն Հայրապետյանին մեղադրում է 18 մլն դրամ վատնման համար։

Ամրամ Մակինյանն ասաց, որ հունվար ամսին վարույթ իրականացնող մարմնին նամակ է ուղարկել, որով ցույց է տվել Ռուբեն Հայրապետյանի անձնական միջոցների հաշվին ֆեդերացիայի համար կատարված ծախսերն ու խնդրել դրանք պարզել։

Փաստաբանը ներկայացրեց այդ ծախսերը՝ 22 չարտերային թռիչք, որոնք իրականացվել են 2006-2015 թվականներին՝Հայաստանի ֆուտբոլի հավաքականի՝ այլ երկրներ տեղափոխելու եւ խաղերին մասնակցելու համար։ «Խնդրել եմ քննիչին պարզել՝ այս չարտերային թռիչքների համար ՀՖՖ մեկ դրամ ծախս կատարե՞լ է, թե՞ չի կատարել, որ Ռուբեն Հայրապետյանին մեղադրում են 18 մլն դրամի վատնում կատարելու մեջ։ Խնդրել եմ պարզել՝ 2002-2003-ին գլխավոր մարզիչ Օսկար Լոպեսի, օգնական Ռուբեն Բիետեսի, Ռուբեն Ֆլոտի, 2003-2004 -ին գլխավոր մարզիչ Միխայ Ստոյկիցայի, օգնական Ֆանեի, Ռուբեն Ֆլոտայի, 2004-2005-ին գլխավոր մարզիչ Բեռնար Կազոնիի, օգնական Ռուբեն Պարդոյի, 2005-2006-ին Հենկ Վիսմանի եւ նրա օգնական Յոհան Սթեհուրի աշխատավարձերը ո՞վ է վճարել։ Խնդրել եմ պարզել, մի հաշվապահական փաստաթուղթ վեր հանել, որտեղ կերեւա, որ այս մարդկանց աշխատավարձերը մեկ դրամ վճարվել է ՀՖՖ հաշվին։ Ռուբեն Հայրապետյանն է վճարել»։

Մակինյանը, ցույց տալով բանկային քաղվածք, ասաց՝ միայն Հենկ Վիսմանին Ռուբեն Հայրապետյանն իր անձնական միջոցներից որպես աշխատավարձ է փոխանցել է 96 հազար դոլար՝ մեկ տարվա վարձատրություն։

«Ռուբեն Հայրապետյանի անձական միջոցներից ՀՖՖ հաշվարկային հաշիվներին եւ դրամարկղ մուտքագրվել է 228 մլն դրամ՝ որպես նվիրատվություն եւ 103 հազար դոլար՝ չհաշված թռիչքներն ու այլ մարզիչների ծախսերը։ Քննիչին խնդրել ենք՝ հավաքականի ֆուտբոլիստներին քննել, պարզել՝ Ռուբեն Հայրապետյանն իր անձնական միջոցներից ձեզ պարգեւավճարներ տվե՞լ է, թե՞ ոչ, ամեն խաղից հետո, կանխիկ, հանդերձարանում։ Հայաստան-Մակեդոնիա խաղից հետո, երբ մեր հավաքականը հաղթեց, Ռուբեն Հայրապետյանը կես միլիոն դոլար կանխիկով պարգեւատրել է ամբողջ հավաքականին։ Հիմա զավեշտ չէ՞ այս 18 մլն վատնումի մեղադրանքը»,-ասաց Ամրամ Մակինյանը։

 Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28