Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Վահան Տերյանը գրական արեւելահայերենի սահմանադիրն է». Գեւորգ Էմին-Տերյան

Փետրվար 09,2022 16:02

«Հայաստանի վիճակն այսօր զբաղեցնում է ոչ միայն հայերին, այլեւ օտարներին: Հայկական հարցը նորից վիճաբանությունների առարկա է դարձել, նորից ամբողջապես կլանել է հայ հասարակության բոլոր խավերի լարված ուշադրությունը, միեւնույն ժամանակ քննության առարկա է դարձել օտար, մանավանդ ռուս մամուլի մեջ: Ամեն մի հայ ներկա տագնապալի ու աղետավոր ժամին բնականաբար ջանում է թափանցել մշուշոտ ու անհայտ ապագայի խորքը՝ իր հիվանդագին տարակուսանքների լուծումը որոնելով… Հայության համար չափազանց կարեւոր, կյանքի եւ մահու խնդրի բնավորություն ստացած այդ տարաբախտ հարցն իրերի ներկա դասավորությամբ դրված է հրապարակի վրա իր ամբողջ ծանրությամբ՝ անթիվ հույսերի, ցնորքների, մտահոգությունների, գուշակությունների եւ դատողությունների ժխոր ստեղծելով…»,-սա ոչ թե այսօր է գրվել, այլ 1914թ` նույնքան բախտորոշ ու տագնապալի ժամանակներում, «Հոգեւոր Հայաստան» հոդվածի հեղինակն էլ մեծանուն բանաստեղծ, հասարակական-քաղաքական գործիչ Վահան Տերյանն է։

Պոետի ծննդյան օրը` փետրվարի 9-ին նրա գրական ժառանգությունը գնահատողները, պոեզիայի սիրահարները եւ շառավիղները հավաքվել էին Պանթեոնում:

Վահան Տերյանի ծոռը, գրականագետ Գեւորգ Էմին-Տերյանը` խոսելով մեծ պապի մասին, ի թիվս այլնի, նշեց, որ ցավոք, մինչեւ հիմա չունենք Տերյանի գիտական կենսագրությունը, փոխարենը դասագրքային կարճ տեքստեր են, եւ չի հասկացվում, թե ի վերջո՝ ինչի մարմնացումն է Տերյանը: Եվ կա մի թյուրընկալում, որ Տերյանը աշնանային երգիչ է, ինչն էլ «հրամցվում» է դպրոցներում:

Վահան Էմին Տերյանը` մեծ պապի` Վահան Տերյանի հուշաքարի մոտ

Գեւորգ Էմին-Տերյանի ձեւակերպմամբ, Տերյանի ամենամեծ առաքելությունը գրական հայերենի ստեղծումն է, եւ ըստ էության, նա գրական արեւելահայերենի սահմանադիրն է: Գեւորգ Էմին-Տերյանը այս համատեքստում մի պատկերավոր օրինակ բերեց. «Եթե գնաք քննության եւ գրեք Հովհաննես Թումանյանի լեզվով, զրո կստանաք, եթե գրեք այլ հեղինակների լեզվով, ցածր գնահատական կստանանք»:

 

Բանաստեղծ Սլավի Ավիկ Հարությունյանի խոսքով, մեր ողջ պոեզիան, երկու-երեք հանգի վրա է եղել, եւ չէինք ունենա հայոց պոեզիայի ողնաշարը համարվող Չարենցին, եթե Տերյանի բերած մշակույթը չլիներ: Aravot.am-ի հետ զրույցում, Սլավի Ավիկ Հարությունյանն ասաց, որ արեւելահայ պոեզիայի հիմքը Վահան Տերյանն է:

«Հայ ասպետ» դպրոցի հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Նարինե Գեւորգյանը, որ պանթեոն էր եկել դպրոցի սաների հետ, Aravot.am-ի հետ զրույցում մեծ իրադարձություն համարեց բանաստեղծի ծննդյան օրը. «Վահան Տերյանը մեր գրականության մեջ, հիրավի, շատ մեծ տեղ է գրավում, եւ ռահվիրա է, եւ շատ բաների հիմնադիր: Վստահ եմ, որ գալիք սերունդները դեռ կբացահայտեն մի նոր Տերյանի: Հիմա իրեն սիրում են իբրեւ գեղեցիկ եւ հոգեհարազատ բանաստեղծությունների հեղինակ, բայց հետագայում մեր տերյանագիտությունը նաեւ իր ֆենոմենալ անձը կբացահայտի»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28