«Օմիկրոն» շտամի ախտանշանները գրեթե նույնն են ինչ-որ սուր շնչառական վարակներինը, եւ հիմնական պատճառը դա է, որ մեր բնակչությունը շատ դեպքերում չի դիմում թեստավորման եւ զբաղվում է ինքնաբուժմամբ: Այսօր այս մասին ասաց առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը:
«Արմենպրես»-ի մամուլի սրահում նա ներկայացրեց համաճարակային իրավիճակը՝ նշելով որ վերջին 14 օրերի ընթացքում դրան նախորդող 14 օրերի համեմատությամբ 437 տոկոսով դեպքերն աճել են, իսկ 3-ից 5 տարեկան երեխաների շրջանում «օմիկրոնի» դեպքերի աճ է նկատվել 7,3 անգամ:
«Օմիկրոնի» տարածվածությամբ ամենաբարձր ցուցանիշները Երեւանում են, ամենացածրը՝ Վայոց ձորի մարզում: Ինչպես նշեց Ռոմելլա Աբովյանը, Եվրամիության չափանիշներով Հայաստանը դեռեւս գտնվում է մուգ վառվող կարմիր գոտում: Ասաց նաեւ, որ պատվաստվածների շրջանում հիվանդությունն ընթանում է բավականին թեթեւ կամ միջին ծանրության: Իսկ «դելտա» շտամի համեմատությամբ, հոսպիտալացման դեպքերը մի քանի անգամ ավելի քիչ են: Նախարարության մասնագետը կոչ արեց՝ նման ախտանշաններ նկատելու դեպքում անպայման դիմել պոլիկլինիկայի բժշկին եւ գտնվել հսկողության տակ, քանի որ «օմիկրոնի» դեպքում էլ հիվանդությունն ընթանում է անկանխատեսելի, եւ, չի բացառվում, որ շատ թեթեւ ընթացքին հետեւի կլինիկական ավելի ծանր ընթացքը: Տիկին Աբովյանը չբացառեց, որ հանրապետությունում շրջանառվում է նաեւ դելտա շտամը:
«Ճիշտ է՝ «օմիկրոնի» դեպքում բավականին քիչ դեպքերում է ախտահարվում թոքային հյուսվածքը, բայց այս դեպքում էլ շնչուղիների եւ շնչառական համակարգի լուրջ ախտահարում է տեղի ունենում: Խոսել «օմիկրոնի» թեթեւության կամ բարդության մասին շատ վաղ է, քանի որ մենք նոր ենք առնչվում այդ շտամի հետ եւ որոշ ժամանակ հետո պարզ կլինի՝ ինչի հետ գործ ունենք»,-ասաց նախարարության մասնագետը:
Կարդացեք նաև
Ռոմելլա Աբովյանը կրկին հորդորեց պատվաստվել՝ նշելով, որ «օմիկրոնի» դեպքում խորհուրդ է տրվում երրորդ խթանիչ պատվաստանյութը ստանալ՝ միաժամանակ չմոռանալով փակ տարածքներում դիմակ կրելու, սոցիալական հեռավորություն պահպանելու ու ձեռքերը պարբերաբար ախտահանելու մասին:
Նրա խոսքով, այս պահին էլ սուր շնչառական վարակների եւ գրիպով պայմանավորված հիվանդության բարձր ակտիվություն կա, ինչի մասին վկայում են պոլիկլինիկաներ այցելություններն ու շտապ օգնության ծառայության կանչերի թիվը. «Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 2,5 անգամ աճ ունենք, իսկ ընդհանուր առմամբ համաճարակային շեմից բարձր է 2,2 անգամ: Հիմնականում հիվանդանում են 0-ից 14 եւ 30-ից 64 տարեկանները»:
Ըստ նրա, փետրվարի 8-ի դրությամբ հիվանդանոցներում բուժում է ստանում 406 բուժառու, որոնցից 84,8 տոկոսը 0-ից 18 տարեկան անձինք են, իսկ թոքաբորբ ունեն 317 քաղաքացի, որոնցից 57-ը 0-ից 18 տարեկան երեխաներ են:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ