Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Թու, քո նամուսին, թու, քեզ մարդ ասողին՝ եւ բելառուս ժողովրդի անունից, եւ հայ ժողովրդի անունից». Ալբերտ Բաղդասարյանը՝ Ալեքսանդր Լուկաշենկոյին

Փետրվար 09,2022 14:46

«Լուկաշենկոն «իզգոյ» մարդ է, նրան ոչ ոք չի ընդունում»,- այսօր ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան մոտ կայացած ցույցի ժամանակ հայտարարեց Ազգային ժողովրդավարական բեւեռի խորհրդի անդամ Ալբերտ Բաղդասարյանը՝ ցուցադրելով ծաղրանկար, որտեղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շղթա է գցել Բելառուսի նախագահի վզից եւ այդպիսով պահում է նրան: Ալբերտ Բաղդասարյանի գնահատմամբ, տվյալ դեպքում Բելառուսի նախագահը հավաքական կերպար է եւ նրա փոխարեն կարող են լինել Ալիեւը, Փաշինյանը եւ այլք եւ այդ ծաղրանկարն այսօրվա իրականության ընդհանուր արտացոլումն է:

Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարություններում, ըստ Ալբերտ Բաղդասարյանի, մի իմաստ կա. «Նա ասում է՝ «ո՞ւմ է պետք Հայաստանը»: Մենք կարող ենք հայհոյել նրան՝ ասել մենք բոլորին ենք պետք, մեզնով հետաքրքրվում է աշխարհը, բայց նրա բերանը լեզու ենք դրել մենք՝ մեր ժողովրդով, մեր ոստիկանությամբ, բանակի այն գեներալիտետով, ովքեր ղեկավարեցին 44-օրյա պատերազմը եւ դեպի պարտություն տարան»:

Նրա կարծիքով, 30 տարի մեր մսխած հաղթանակն էր պատճառը, որ «կոլխոզնֆյուրերը» համարձակվում է ծաղրել մեզ, որ բոլորը «պոլի շորի նման ոտքեր են սրբում մեզ վրա»: Լուկաշենկոներին նախատելուց հետո, Ալբերտ Բաղդասարյանը կարծում է, որ պետք է միասնականանանք եւ այնպիսի պետություն կերտենք, որ լուկաշենկոներն այլեւս խոսելուց առաջ տասն անգամ մտածեն: Արձանագրում է՝ ցավոք, այդպիսին չենք, բայց վստահ է, որ կդառնանք ու կապացուցենք, որ լուկաշենկոները ամիսներով պետք է հերթ կանգնեն, որ մեր երկրի ղեկավարությունը նրանց ընդունի:

Նա քննադատեց ՀՀ ԱԳՆ-ին, որն իր հաղորդագրության մեջ նշել էր, թե Բելառուսի դեսպանը գնացել է ՀՀ ԱԳՆ ու նկատեց, որ «սա Նիկոլի բլեֆներից է, թե մենք այնքան կանք, որ դեսպանը եկել է ԱԳՆ, մինչդեռ, նրան պիտի հրավիրեին ու ականջները քաշեին»: Ալբերտ Բաղդասարյանը նաեւ նկատեց, որ ՀՀ-ում Բելառուսի դեսպանատունը մեր օլիգարխներից մեկի հնոցատունն է: Կոչ է անում՝ միասնականանալ եւ Հայաստանը դարձնել մի երկիր, որ նախ որեւէ մեկը չհամարձակվի քամահրանքով խոսել Հայաստանի մասին, բայց եթե նման դեպքեր էլ լինեն՝ դեսպանին հրավիրեն ԱԳՆ եւ ստիպեն, որ հայտարարություն անողը ներողություն խնդրի, հակառակ պարագայում՝ «դեսպանատունը փակեն եւ սրանց լարեն մեր երկրից», ինչը, իր կարծիքով, կլիներ արժանապատիվ պետության արժանապատիվ քայլ՝ ընդդեմ ռուսական քաղաքականության, որի «տուզիկն է Լուկաշենկոն»:

«Մենք եկանք՝ ասեցինք, որ մենք արժանապատիվ ժողովուրդ ենք: Թու, քո նամուսին, թու, քեզ մարդ ասողին՝ եւ բելառուս ժողովրդի անունից, եւ հայ ժողովրդի անունից»,- ասաց Ալբերտ Բաղդասարյանը՝ տարակուսելով, որ ազգայինից, ազգայնականից, Արեւմուտքից ու Եվրոպայից խոսողները այսօր ներկա չէին իրենց ցույցին:

Ցուցարարները վանկարկում էին՝ «Ազատ, անկախ, Հա-յաս-տան»:

ԱԺԲ-երիտթեւականները քննադատեցին «Սովետմիություն 2» ստեղծելու ՌԴ-ի եւ Բելառուսի ջանքերը եւ հայտարարեցին, որ այն չի հաջողելու, քանդվելու է՝ մինչեւ կհասցնեն դրա մասին հայտարարել, հետեւաբար, Հայաստանն էլ այդ քանդվող, տոտալիտար եւ հակամարդկային համակարգում չի լինելու: Նրանք տեղեկացրին, որ այսուհետ «դռնեդուռ» ակցիաներ են իրականացնելու՝ փոքր խմբերով գնալու են եւ զրուցելու մարդկանց հետ՝ իրենց փողոցներում, բակերում, տներում՝ բացատրելով իրական աշխարհաքաղաքական վիճակը եւ Հայաստանի հեռանկարները:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28