Ազգային-ժողովրդավարական Բեւեռի երիտասարդական թեւն այսօր «Արժանապատվության» ակցիա իրականացրեց Հայաստանում Բելառուսի դեսպանության մոտ: Ցույցը, ինչպես նշված էր կազմակերպիչների տարածած հայտարարության մեջ, «ի պատասխան Հայաստանի վերաբերյալ Բելառուսի բռնապետ Լուկաշենկոյի վիրավորական հայտարարության» էր:
Հիշեցնենք, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն օրերս մի հարցազրույցում, խոսելով Բելառուսի եւ ՌԴ-ի միութենական պետությանը միանալու մասին, ասել էր. «Դե, Հայաստանը գնալու տեղ չունի: Կարծում եք նրանք ինչ-որ մեկին պե՞տք են: Նրանք դա տեսան: Նիկոլ Վովաևիչը դա տեսավ: Ադրբեջանը ինչ-որ կերպ դուրս է գալիս այդ խմբից, քանի որ մենք էլ ենք շատ սխալներ գործել: Առանձին թեմա է: Անտեղ Թուրքիան, իհարկե շատ լուրջ աջակցություն է ցուցաբերում Ադրբեջանին: Թուրքիայով են անցնում գազը, նավթը: Իսկ Թուրքմենստանը, Ուզբեկստանը և Տաջիկստանը, կարծում եմ, անհրաժեշտությունից, առաջին հերթին տնտեսական (անհրաժեշտությունից-խմբ.) դրդված, նույնպես կմիանան»:
Կարդացեք նաև
Ցույցը սկսեց ցուցարարների եւ ոստիկանների միջեւ լեզվակռվով. խնդիրը ոստիկանական մեքենայի կանգնած տեղն էր: Ցուցարարները պնդում էին, որ այդ վայրում տեղակայելով՝ ոստիկանների խոչընդոտում են ցույցին, որ պետք է մեքենան տեղափոխեն, ոստիկանները պնդում էին, որ մեքենան ծառայություն է իրականացնում եւ չի կարող ցույցին խոչընդոտել եւ, որ ցուցարարները չէ, որ պետք է որոշեն, թե որտե՞ղ պետք է տեղակայվի ոստիկանական մեքենան:
Ցուցարարները կես պարկ կարտոֆիլ են բերել ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան մոտ: Պարկի վրա Ալեքսանդր Լուկաշենկոյի ծաղրանկարներն էին փակցված, որտեղ Բելառուսի նախագահը պատկերված էր Հիտլերի տեսքով:
ԱԺԲ երիտթեւի ներկայացուցիչն իր ելույթում արձանագրեց, որ ՀՀ իշխանությունները հավուր պատշաճի չարձագանքեցին Բելառուսի «չընտրված» նախագահին, քանի որ այդ հայտարարությունից հետո, ակնկալվում էր, որ Հայաստանը պետք է նոտա հղի եւ Լուկաշենկոյից պահանջի՝ ներողություն խնդրել իր հայտարարության համար: ԱԺԲ երիտթեւում ՀՀ խորհրդարանում, իշխանական պատգամավորների՝ Բելառուսի նախագահի հայտարարության առիթով հնչեցրած մտքերը որակում են շինծու եւ կարծում են, որ դրանք մեկ նպատակ ունեին՝ ցույց տալ, թե ինչ-որ բան է արվել:
ԱԺԲ-ականների գնահատմամբ, Ալեքսանդր Լուկաշենկոն մեկն է, որ իր աթոռը մի քիչ էլ ավելի պահելու համար, երկիրը վաճառել է Կրեմլին, ինքն էլ դարձել է Վլադիմիր Պուտինի խոսնակը: ԱԺԲ-ական երիտասարդները վստահ են, որ նման ճնշումները Հայաստանի վրա չեն ազդելու եւ Հայաստանը՝ իր ժողովրդի շնորհիվ, դուրս է գալու ՀԱՊԿ կոչվող կառույցից:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Լուսանկարները՝ Ազգային – Ժողովրդավարական Բևեռի ֆեյսբուքյան էջից