Լրահոս
Օրվա լրահոսը

«Ստեփանակերտի քաղաքապետին հարցրեք՝ ո՞վ է Առուշանյանը, ո՞վ է ապահովել ամբողջ պատերազմի ժամանակ Ստեփանակերտի հացը». Առուշանյանի պաշտպան

Փետրվար 09,2022 13:38

«Որևէ հույս չունեինք, որ նշված դատավորը կունենա այն քաջությունը, որ արդարադատություն իրականացնի»,-ՀՀ Վերաքննիչ դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի փաստաբան Արմեն Մելքոնյանը:

Նշենք՝ ՀՀ վերաքննիչ դատարանը (նախագահող դատավոր Ռուբիկ Մխիթարյան) որոշեց մերժել Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու միջնորդությունը մերժելու որոշման դեմ Առուշանյանի փաստաբանների բողոքը:

Արմեն Մելքոնյանն ասաց՝ կքննարկեն Վճռաբեկ դատարան դիմելու հարցը: Ըստ նրա՝ թեև Վերաքննիչ դատարանում շատ անկախ դատավորներ կան, որոնք իրոք արդարադատություն են իրականացնում, սակայն իրենց գործերը երբեք այդ դատավորներին չեն մակագրվում:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ ե՞րբ է տեսակցել Առուշ Առուշանյանին և ի՞նչ առողջական վիճակում է նա գտնվում, պաշտպանը պատասխանեց. «Առուշանյանին տեսել եմ երեկ չէ առաջին օրը՝ Գորիսում: Այսօր էլ եմ տեսնելու: Պետության վրա տեսեք՝ ինչ է նստում նրան անազատության մեջ պահելը: Գորիսն ունի քրեակատարողական հիմնարկ, բայց արդեն յոթ ամիս է՝ իշխանությունը հստակ ուժեր է կիրառում, ամեն դատական նիստին Առուշանյանին Երևանից տեղափոխում են Գորիսի ՁՊՎ, որից հետո դատարան, երկու-երեք ժամ դատական նիստի է մասնակցում, հետո հետ են բերում Երևան: Ձմեռվա ճանապարհ, բարդություններ: Այդ ճանապարհներին նրա առողջական վիճակը վատթարանում է: Մոտ օրերս կխնդրենք բժշկական հետազոտություն իրականացնել: Ընդհանուր առմամբ՝ Առուշ Առուշանյանն առողջ է, ուժեղ է, մի քիչ նիհարած, որովհետև այնտեղ սպորտով է զբաղվում, ուրիշ մտավախություն չունեմ: Առուշանյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում, այլ գնահատական կատարվածին չկա: Դատարանը որևէ հիմք չուներ, որ մեր միջնորդությունը մերժեր»:

Փաստաբանը նշեց՝ ութսուն միլիոն դրամից սկսած գրավ են առաջարկել ու վրդովվեց. «Չգիտեմ՝ բա այդ գրավն ո՞ւմ նկատմամբ է կիրառվում, եթե չի կիրառվում այս անձի նկատմամբ: Չէ՞ որ գրավը կիրառելուց նաև անձն են հաշվի առնում: Առուշ Առուշանյանը 25 տարեկանից համայնք է ղեկավարել, ճանաչվել է լավագույն համայնքապետ, երբ հայրենիքը խնդիր է ունեցել, սյան նման եկել, կանգնել է այդ հայրենիքին սատար: Ամբողջ պատերազմի ժամանակ Առուշանյանը կազմակերպել է նաև 13 հազար արցախցու գոյությունը Գորիսում: Որևէ մեկը մտածե՞լ է դրա մասին: Յոթ ամիս շարունակ այդ անձանց կերակրել է օրը երեք անգամ, օթևան տվել, այդքան հարցեր լուծել:

Այսօր Առուշանյանը նույն կերպ մեծ հեղինակություն է Արցախում, ոչ միայն Գորիսում: Բազմահազար արցախցիներ չեն մոռանում Առուշանյանի արածները: Նույն Ստեփանակերտի քաղաքապետին գնացեք, հարցրեք՝ ո՞վ է Առուշանյանը, ո՞վ է ապահովել ամբողջ պատերազմի ժամանակ Ստեփանակերտի հացը, ի՞նչ միջոցներով, կա՞ պետական մի աջակցություն, բացի Առուշանյանից: Ինքն այն տեսակն է, որ արգելում է մեզ իր արածների մասին խոսել, նա այն մարդն է, որը մեծ լումա ունի այս երկրի համար, և Առուշանյանին յոթ ամիս շարունակաբար կալանքի տակ պահելը քաղաքական հարց է, բա ուրիշ ի՞նչ է:

Ամբողջ 22 հատորում բա մի ցուցմունք լինի՞ իրեն վերաբերող, որից անձը հրաժարվել է ու ճշմարտությունը հայտնել: Այս շոուին ուրիշ ի՞նչ անուն դնենք: Ոչ մի բան չունեն, ասում են վեց վկա պետք է հարցաքննվի, ասում ենք, բերեք հարցաքննեք, մերժում են: Ասում ենք այն, ինչ գրել են, ամեն մի տողի տակ, ինչը մեզ չի վերաբերվում, մենք պատրաստ ենք ստորագրել: Ի՞նչ ազդեցության մասին է խոսքը: 40 օրը մեկ են դատական նիստ նշանակում, դեռ 15 հատոր էլ ունենք: Ամենապարզ հաշվարկներով՝ դեռ մեկուկես տարի էլ տևելու է մինչև կարողանանք գործի նյութերը հետազոտել և որից հետո վեց վկաներին լսել»:

Ըստ Արմեն Մելքոնյանի՝ իշխանությունները վախենում են Առուշ Առուշանյանի տեսակից, իսկ եթե մտածում են, որ այս ճանապարհով պիտի կարողանան Առուշանյանին կոտրել, պարապ գործով են զբաղված. «Առուշանյանը չկոտրվող տեսակ է, չեն կարող այս կերպ ազդել նրա վրա: Չեն կարող Առուշանյանի գործը կիսատ թողնել. մեկ է՝ դուրս է գալու, իր հայրենիքի համար իր գործն անի: Վախենում են այդ ազնիվ, մաքուր տեսակից»:

 Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28