Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ցուցադրության տեղն է որոշվում»․ ի՞նչ է լինելու Շուշիի գորգերի թանգարանի ճակատագիրը

Փետրվար 09,2022 13:23

ԱԺ լիագումար նիստում այսօր «Հայաստան» դաշինքի պատգամավոր Էլինար Վարդանյանը ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ է լինելու Շուշիի գորգերի թանգարանի ճակատագիրը․ պատերազմից ժամանակ փրկվելով՝ գորգերը տեղափոխվել էին Երեւան, սակայն պահպանման եւ ցուցադրման մշտական վայր չունեն։ «Շուշիից քիչ մշակութային արժեքներ հնարավոր եղավ փրկել։ Մոտ 170 գորգեր հաջողվեց փրկել։ Ճարտարապետության ազգային ինստիտուտից զգուշացրել են, որ գորգերը պետք է տեղափոխվեն, բայց տարածք չկա։ Ծալված-դրված են»,-տեղեկացրեց Էլինար Վարդանյանը։

Արա Խզմալյանը պատասխանեց, որ մի քանի հանդիպում է ունեցել թանգարանի սեփականատիրոջ հետ․ «Ունենք քաղաքականություն արժեքները մեկտեղելու, ոչ թե ամեն մեկի համար նոր կառույց հատկացնելու, որովհետեւ երբ ցուցանմուշները հարուստ են ու բազմազան, հոսքն ավելի մեծ է մարդկանց։ Տուն-թանգարանների այցելությունների տվյալները եթե համեմատեք, կհամոզվեք։ Ուստի մենք այցելուների հոսքն ապահովելու համար ենք խուսափում առանձին կենտրոններ ստեղծելուց։ Առավել եւս, որ պետական գույքի մեծ դեֆիցիտ կա»։

Փոխնախարարը շեշտեց, որ հարյուր հազարավոր ցուցանմուշներ կան, որոնք չեն ցուցադրվում՝ տարածքների բացակայության պատճառով․ «Հասկանալով գորգերի ցուցադրման նաեւ քաղաքական նշանակությունը՝ մենք առաջարկել ենք գործող թանգարաններում՝ առաջատար լավագույն թանգարաններում, կազմակերպել այդ գորգերի ցուցադրությունը։ Նկատի ունենանք նաեւ, որ դա մասնավոր հավաքածու է։ Սրանից ավելի լավ բան տրամադրելը դժվար է։ Հակառակ դեպքում պետք է գնանք նոր թանգարան կառուցելու ճանապարհով»։

Էլինար Վարդանյանը նկատեց՝ նոր թանգարան կառուցելու մասին չէ այս պահին խոսքը, այլ պահպանման եւ ցուցադրման․ «Կարող են առաջարկվել լավ թանգարաններ, բայց, օրինակ, ցեցի առկայության պատճառով գորգերը պահել հնարավոր չլինի․․․մի կողմից Ադրբեջանին ասում ենք, որ մեր մշակութային ժառանգությանը չկպնի, իսկ մյուս կողմից մենք ինքներս բան չենք անում՝ մեր ժառանգությունը ցուցադրելի եւ հասանելի դարձնելու համար»։

Արա Խզմալյանը պատասխանեց․ «Տեղյակ եմ, որ այս պահին հավաքածուի սեփականատերն աշխատում է մեր պատասխանատուի հետ։ Որոշում են, թե որն է ցուցադրության համար լավագույն տեղը։ Որքանով գիտեմ՝ արդեն որոշակի պայմանավորվածություն կա»։

ՔՊ-ական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն էլ գործընկերներին առաջարկեց այս թեմայով քննարկում ունենալ ԱԺ գլխադասային հանձնաժողովում։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28