Լրահոս
Օրվա լրահոսը

Թաթոյան. Կառավարությունը պետք է հրապարակային բացատրություն տա` ինչ է նշանակում «զորքերի հայելային հետքաշում»

Փետրվար 09,2022 12:18

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի ֆեյսբուքյան գրառումը

Կառավարությունը պետք է հրապարակային բացատրություն տա, թե ինչ է նշանակում «զորքերի հայելային հետքաշում» և ինչպես է դա երաշխավորելու ՀՀ բնակչության անվտանգությունն ու իրավունքները:

Կառավարությունը չի կարող «գաղտնիության» կամ «կոնֆիդենցիալ» լինելու քողի ներքո խուսափել մանրամասների հրապարակումից, քանի որ այս հարցն ուղիղ կապված է մեր երկրի ողջ բնակչության [առաջնահերթ սահմանային բնակիչների] անվտանգության ու արժանապատվության, կյանքի ու մյուս կենսական իրավունքների հետ:

Այս պահին ամբողջությամբ անորոշ է, թե Կառավարությունն, այսպես կոչված, «զորքերի հայելային հետքաշման» դեպքում ինչպես է դա երաշխավորելու. հատկապես որ սահմանային հարցերը Կառավարությունը շարունակում է առաջ տանել քաղաքական ու ռազմական տեսանկյուններից` առանց մարդու իրավունքների հիմքի:

Էլ չհաշված, որ տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ իրենց հայտարարություններով վնասներ են հասցրել հատկապես սահմանային բնակիչների անվտանգությանն ու իրավունքներին` առնվազն իրենց նկատմամբ քաղաքական դժգոհություն չառաջացնելու կամ դա մեղմելու համար:

Այսօր ՀՀ Զինված ուժերը, Սահմանապահ ու այլ ծառայողներն անմիջականորեն իրականացնում են այդ առաքելությունը:
Ադրբեջանական իշխանությունները որևէ անգամ չեն նվազեցրել ատելության ու թշնամանքի քաղաքականությունը պետական մակարդակով [էթնիկ ու կրոնական հիմքերով]:

Շարունակվում են իրական սպառնալիքները մեր երկրի, ողջ բնակչության անվտանգությանը, ադրբեջանական հանցավոր արարքները մեր ժողովրդի նկատմամբ անընդհատ են՝ գողություններ, սոցիալական խնդիրներ, զինծառայողների ու քաղաքացիական անձանց սպանության դեպքեր և այլն:

Նշվածից բացի, ուսումնասիրությունները վկայում են, որ Կառավարության այդ գաղափարն անորոշություն է առաջացրել մարդկանց մոտ:

Ուստի, հենց պետության շահերից է բխում այդ հրապարակումը՝ Կառավարության հայտարարություններով անորոշություն թույլ չտալու և կեղծ կամ անհայտ ծագման աղբյուրներից տեղեկությունների տարածումը կանխելու համար:

Հարցազրույցում խոսել ենք նաև մարդու իրավունքների այլ հարցերում խնդիրների մասին. օրինակ` կան օրենքներ, որոնք ընդունվում են սահմանված ընթացակարգերի խախտումներով, անորոշ ձևակերպումներով` հետագայում պրակտիկայում խնդիրներ առաջացնելով մարդկանց համար:

Արման ԹԱԹՈՅԱՆ
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28