«Դատավորի՝ այս որոշմանը ես սպասում էի: Վստահ էի, որ դատավոր Մխիթարյանը մերժելու է Առուշ Առուշանյանի պաշպանների միջնորդությունը»,- ՀՀ վերաքննիչ դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ վերաքննիչ դատարանը (նախագահող դատավոր Ռուբիկ Մխիթարյան) որոշեց մերժել Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու միջնորդությունը մերժելու որոշման դեմ Առուշանյանի փաստաբանների բողոքը:
Արթուր Սարգսյանը նշեց՝ իր այս վստահության պատճառն է այն, որ մի քանի օր առաջ նույն այս դատավորը Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանին կալանավորելու որոշում կայացրեց. «ՀՀ-ում այսօր մի կարծիք է ձևավորվել, որ երբ քրեական գործը հարուցվում է, արդեն երբ որոշվում է՝ որ դատավորին են մակագրել, արդեն պարզ է լինում, թե ինչ որոշում է կայացվելու: Երբ գործը որոշվեց այս դատավորին մակագրել, համոզված էինք, որ Մանվել Փարամազյանը կալանավորվելու է: Այս հետապնդումները, որ իրականացվում են իմ ու իմ ընկերների նկատմամբ, քաղաքական հետապնդումներ են: Առուշ Առուշանյանի գործը, որ ուսումնասիրեք, կհամոզվեք, որ այնտեղ ոչինչ չկա»:
Խոսելով Բորիս Բախշիյանի կալանավորման մասին՝ Արթուր Սարգսյանն ասաց. «Նրան չեմ ճանաչել: Ընդամենը երեք-չորս անգամ մասնակցել եմ Մանվել Փարամազյանի գործով դատական նիստին: Չորս-հինգ ամիս, որ գործը գտնվել է նրա մոտ, նա մերժել է Փարամազյանին ազատության մեջ գտնվելը: Փարամազյանը, որ կալանավորել են, որպես հիմք դատավորին կալանավորելու՝ դրված էր, որ մեղադրյալին ծանուցվել է, բայց մեղադրյալին չի թույլատրվել, որ իր խոսքն ասի դատարանում: Դեռ այն դեպքում մեղադրյալին ծանուցվել է, իսկ իմ գործով ինձ ոչ ծանուցել են, ոչ էլ դատական նիստին եմ ներկա գտնվել, որ կարողանամ մի խոսք ասեմ: Հիմա Արմեն Դանիելյանն ինչո՞ւ կալանավորված չէ: Պատգամավորներն ասում են՝ արդարություն կա: Եթե արդարություն կա, Բորիս Բախշիյանին ինչո՞ւ են կալանավորել այդ նույն հիմքով, իսկ Արմեն Դանիելյանը կալանավորված չէ: Փաստ է, որ այն դեպքում Բորիս Բախշիյանի կալանավորել են, որովհետև այն վկան, որը ցուցմունք է տվել Մանվել Փարամազյանի դեմ, իրենց վկան էր, դրա համար կալանավորել են դատավորին, իսկ այստեղ ես եմ, իրենցը չեմ, դրա համար Արմեն Դանիելյանին չեն կալանավորել»:
Կարդացեք նաև
Արթուր Սարգսյանն ասաց, որ իր փաստաբանները դատավոր Արմեն Դանիելյանին կալանավորելու միջնորդություն են ներկայացրել: Նա վստահեցրեց՝ Առուշ Առուշանյանն ու Մանվել Փարամազյանն իր ընկերներն են, միասին մտել են քաղաքականություն Սյունիքի սահմանների անվտանգության համար: Նա նշեց՝ իրենց պայքարը շարունակվում է Սյունիքի անվտանգության և իր ընկերների համար:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ