Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Վտանգավոր դրույթ են ավելացրել, ճնշելու են դատավորներին»․ ընդդիմադիրները՝ ՔՊ-ականների օրինագծի մասին

Փետրվար 09,2022 11:56

ՔՊ-ական պատգամավորների հեղինակած՝ «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին եւ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում» լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթի առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ ավելացվել է շատ վտանգավոր դրույթ՝ դատավորին եւ ԲԴԽ անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու կամ լիազորությունները դադարեցնելու նպատակով քրեական հետապնդում հարուցելու կամ ազատությունից զրկելու մասին համաձայնություն տալու որոշում կայացնելու անհրաժեշտ ձայների հարաբերակցությունը։ Այս մասին այսօր ԱԺ լիագումար նիստում հայտարարեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

«Գործող օրենսդրությամբ պահանջվում է, որ ԲԴԽ տասը անդամներից առնվազն յոթը պետք է կողմ քվեարկեն, որ դատավորի հանդեպ նման գործողություն արվի։ Առաջարկվում է փոխել այս հարաբերակցությունը եւ թույլատրել, որ հինգ անդամի կողմ քվեարկության արդյունքում կայացվի որոշում։ Սա անթույլատրելի է։ Նման սկզբունքային նշանակության հարցը բերվում է մինչեւ երկրորդ ընթերցում՝ առանց մասնագիտական համայնքների հետ քննարկումների»,-նշեց Արծվիկ Մինասյանը։

Աղվան Վարդանյան

«Հայաստան» դաշինքից Աղվան Վարդանյանն էլ իր հերթին պնդեց, որ այս փոփոխությունը կատարվել է հապճեպ․ «Անգամ պետաիրավականում քննարկելուց հետո՝ երեկ չէ առաջին օրը, սահմանված էր, որ չորս հոգով կարող են ճակատագրական փոփոխություն անել։ Հետո մեղմեցին ու դարձրին հինգ հոգի, բայց սա դատական համակարգի վրա ճնշման գործիք է դառնալու՝ դատավորներին կալանավորելու, քրեական գործեր հարուցելու համար»։

Սոնա Ղազարյան

ՔՊ-ական Սոնա Ղազարյանն ընդդիմադիրների ելույթից զարմացավ ու ասաց, որ միջազգային կառույցները ողջունել են իշխանության նախաձեռնած՝ դատական համակարգի անկախությանն ուղղված գործողությունները․ «Դուք ձեր շուրջ կեղծ իրականություն եք ստեղծել, որն արդեն մի անգամ ձեզ վնասել է նախընտրական շրջանում»։

Հայաստան» դաշինքից Գեղամ Մանուկյանը տեղից բղավեց, ապա նիստը նախագահող ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանի կողմից նկատողություն ստացավ։

ՔՊ-ական պատգամավոր, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հորդորեց խնդրին նայել հետեւյալ տեսանկյունից․ «Կարող է լինել իրավիճակ, որ ԲԴԽ անդամների թիվը նվազի վեցից, անդամներ չընտրվեն։ Սա նշանակում է, որ ամեն դատավոր կմտածի, որ կարող անել ամեն ինչ՝ հասկանալով, որ մոտակա մի քանի ամիսներին ԲԴԽ-ն չի կարողանա նիստ գումարել ու որոշում կայացնել։ Մենք նման իրավիճակներում եղել ենք»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28