Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ամասիա խոշորացված համայնքում հետընտրական ինտրիգները չեն դադարում․ ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում

Փետրվար 09,2022 11:25

Aravot.am-ի տեղեկություններով, ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում Արփի համայնքի նախկին ղեկավար, Ամասիայի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի համայնքապետի թեկնածու Մերգել Ղարիբյանի կողմից գույքն ու փաստաթղթերը Ամասիայի նոր ղեկավար Ջեմմա Հարությունյանին չհանձնելու փաստի առնչությամբ։

Փետրվարի 3-ին Ամասիայի համայնքապետարանից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ 2021թ. դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրության արդյունքում ԿԸՀ-ի և Շիրակի մարզի Ամասիա խոշորացված համայնքի ավագանու 2021թ. դեկտեմբերի 20-ի որոշմամբ համայնքապետ է ընտրվել Ջեմմա Ժորժիկի Հարությունյանը, սակայն մինչև օրս նախկին Արփի համայնքի ղեկավար Մերգել Մուրադի Ղարիբյանը հրաժարվում է կատարել օրենքով սահմանված կարգով հանձման-ընդունման աշխատանքները։ Ըստ բողոքի, արդյունքում խոչընդոտվում է այդ տարածաշրջանի բնակչության սպասարկման բնականոն աշխատանքը:

Ամասիայի համայնքապետարանից ոստիկանությանը տեղեկացրել են, որ փետրվարի 3-ին ժամը 11.00-ին Արփի համայնքի նստավայրում կատարվելու է հանձման-ընդունման գործընթաց։ Խնդրել են կազմակերպել հասարակական կարգի ապահովում:

Նույն օրը ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության և ենթակա ստորաբաժանումների ծառայողների կողմից Արփի համայնքի նստավայրում կազմակերպվել է պատշաճ հասարակական կարգ, միջադեպեր տեղի չեն ունեցել, սակայն հանձման-ընդունման գործընթացին ներկա գտնվող Մերգել Ղարիբյանը հրաժարվել է գույքի և փաստաթղթերի հանձնում կատարելուց:

Հիշեցնենք՝ Արփի համայնքի բնակիչներից շատերը ի պաշտպանություն Մերգել Ղարիբյանի, բողոքի ցույց էին կազմակերպել Արփի համայնքի նախկին վարչական կենտրոնի՝ Բերդաշենի համայնքապետարանի դիմաց՝ չթույլատրելով հանձնել փաստաթղթերը։ Նրանք ընտրությունները արդյունքները չեն ընդունում, պահանջում են նոր ընտրություններ։

ՔՊ-ն, որ ամենաշատ ձայներն էր հավաքել Ամասիա խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններում, ակնկալում էր, որ համայնքապետ պիտի լինի Մերգել Ղարիբյանը, այլ ոչ թե «Արփի Ամասիա» նորաստեղծ դաշինքի թեկնածու Ջեմմա Հարությունյանը։

Այս երկու քաղաքական ուժերն էլ ստացել էին վեց մանդատ, սակայն ՔՊ-ն հրաժարվել էր իր մանդատներից՝ պահանջելով նոր ընտրություն ու դիմելով դատարան։ Վարչական դատարանը մերժել էր նրանց հայցը, նրանք բողոքարկել էին։ ՀՀԿ-ն ստացել էր 3 մանդատ։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28