Ամենեւին նպատակ չունենալով անտեսել կամ թերագնահատել այն ջանքերը եւ մարդասիրական մղումները, որոնց արդյունքում իրականություն դարձավ հայ գերիների վերադարձը, այնուամենայնիվ, պետք է արձանագրել, որ միջազգային մակարդակով լեգալացվում է Ադրբեջանի վարած ռազմագերիների քաղաքական թրաֆիքինգի գործելաոճը: Այսօր եվրոպական կառույցներն առնվազն պետք է դատապարտեին 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի նենգ գործողությունների եւ ՀՀ ինքնիշխան սահմանների խախտման, Հայաստանի տարածքում ռազմական բախումներ հրահրելու հետեւանքով գերեվարումների եւ զոհերի դեպքերը: Եվրոպան պետք է ոչ միայն հայտարարությունների մակարդակով դատապարտեր Ադրբեջանի այդ վարքագիծը, այլեւ նրա դեմ կիրառեր պատժամիջոցների ողջ գործիքակազմը: Այն կնպաստեր, որ Բաքվում պահվող ռազմագերիների հարցը միանգամից եւ լիարժեք լուծում ստանար, այլ ոչ թե վերածվեր քաղաքական, աշխարհաքաղաքական առեւտրի մանրադրամի:
Միջազգային կառույցների նման լոյալ կեցվածքը Բաքվի ձեռքերն ազատում է նոր հանցագործ գործողությունների համար: Այդ պայմաններում Ադրբեջանը նույնիսկ շարունակում է թաքցնել իր մոտ պահվող ռազմագերիների իրական թիվը: Սա նշանակում է, որ վերջինս կարող է սեփական հայեցողությամբ, ցանկացած ձեւով վարվել իր կողմից չհաստատված, բայց տարբեր աղբյուրներից ստացված տեղեկություններով եւ փաստերով հիմնավորված գնահատականներով այնտեղ գտնվող ռազմագերիների ճակատագրերի հետ: Այս հարցում ԵՄ-ի միակ գործողությունն այն է եղել, որ դադարեցվել է Ադրբեջանի հետ համապարփակ եւ ընդլայնված համագործակցության համաձայնագրի ստորագրումը, որն արդեն 2 տարի է՝ պատրաստ է:
Սակայն սրա փոխարեն օրերս պարզվեց, որ տնտեսական ներդրումային ծրագրի շրջանակներում Եվրոպական միությունը Ադրբեջանին 2 մլրդ եվրո է հատկացրել: Այդ մասին ԵՄ հարեւանության ընդլայնման ու քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Օլիվեր Վարհելին հայտնել էր Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպման ժամանակ: Ավելին՝ վերջինս նաեւ ԵՄ-ի պատրաստակամությունն էր հայտնել՝ մասնակցելու Ադրբեջանում իրականացվող վերականգնման եւ վերակառուցման գործընթացին։ Կողմերը պատրաստակամություն էին հայտնել ամրապնդել համագործակցությունը տարածաշրջանային անվտանգության, էներգետիկ գործընկերության, տնտեսական կապերի, տրանսպորտի եւ կապի ոլորտներում։
Ակնհայտ է, որ ԵՄ-ն սրանով փորձում է լուծել իր էներգետիկ խնդիրները, որոնք կարող են ծագել Ուկրաինայում հակամարտության բռնկման դեպքում:
Կարդացեք նաև
Համամարդկային ժողովրդավարության եւ մարդու իրավունքների սկզբունքներին ուղղակի հարված հասցնող այս գործընթացը կանխելու համար պարզապես պետք է մարդու իրավունքների պաշտպանության միջազգային ողջ գործիքակազմով Ադրբեջանին պարտադրել՝ ազատ արձակելու իր մոտ պահվող բոլոր ռազմագերիներին, ինչը նաեւ կնպաստի տարածաշրջանում երկրների միջեւ հարաբերությունների հաստատմանը:
Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում: