Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ի՞նչ անել՝ որեւէ մեկին պետք լինելու համար

Փետրվար 09,2022 10:00

Բելառուսի նախագահի կոպիտ, անտակտ արտահայտությունները Հայաստանի մասին (օրինակ՝ «նրանք ոչ մեկին պետք չեն») շատերի մեջ այստեղ ցասում են առաջացրել: Ոմանք անգամ առաջարկում են ցույց անել Բելառուսի դեսպանատան մոտ: Կարծում եմ, նման հարցերում պետք չէ շատ հուզվել: Բելառուսի նախագահն, իհարկե, հախուռն, էքսցենտրիկ բնավորություն ունի, բայց նա հիմար չէ, եւ, հետեւաբար, պետք է փորձել սառնասրտորեն գնահատել նրա ասածի բովանդակությունը՝ ինչպես նաեւ այն հանգամանքը, որ դա ասվում է ռուսաստանյան պաշտոնական հեռուստաալիքին տված հարցազրույցում: Կարելի է մտածել, որ դրանք նաեւ Վլադիմիր Պուտինի մտքերն են, չնայած, վերջինս, իհարկե, նման գռեհիկ ձեւով չի արտահայտվում:

Եվ այսպես, վերծանենք Լուկաշենկոյի ասածի իմաստը: Ըստ այդմ՝ երբ Ադրբեջանը 2020 թվականի սեպտեմբերին հարձակվեց Արցախի վրա, Հայաստանը բաց եւ փակ խողովակներով, հրապարակավ եւ ոչ հրապարակավ դիմեց Եվրամիությանը, մասնավորապես, Ֆրանսիային, ինչպես նաեւ՝ Միացյալ Նահանգներին: Աշխարհի այդ կենտրոնները որեւէ լուրջ հետաքրքրություն չցուցաբերեցին Հարավային Կովկասում բռնկված պատերազմի հանդեպ եւ սահմանափակվեցին ընդհանուր, ոչինչ չասող հայտարարություններով: Ռուսաստանը, որը շահագրգռված էր Արցախում խաղաղապահներ տեղադրելով, թույլ տվեց, որ ադրբեջանական բանակը հասնի համարյա մինչեւ Ստեփանակերտ, եւ նոր կանգնեցրեց պատերազմը: Այսօր առանց ռուս խաղաղապահների Արցախը հայաթափվելու է, իսկ Սյունիքի մարզին առնվազն լուրջ վտանգ է սպառնալու: Սա փաստերի չոր արձանագրումն է, որը Լուկաշենկոն ձեւակերպել է մեզ համար վիրավորական արտահայտություններով:

Ի՞նչ է նշանակում գնալ Բելառուսի դեսպանատան մոտ եւ ասել՝ «չէ, մենք աշխարհին պետք ենք»: Նման բաները ցույցերով չեն ապացուցում. դու աշխարհին պետք ես, երբ քեզնից որպես պետություն ինչ-որ բան ես ներկայացնում, իսկ դրա համար քո պետության իշխանությունները պետք է վարեն համապատասխան ներքին եւ արտաքին քաղաքականություն, ոչ թե մտահոգվեն միայն նրանով, թե իրենց մասին ով ինչ ասաց կամ ով ինչ գրեց ֆեյսբուքում:

Միութենական պետությանն անդամակցելու հավանականություն կա: Ամեն ինչ կախված է Պուտինից, որն այս կամ այն պատճառով կարող է ցանկանալ դե-ֆակտո գոյություն ունեցող հարաբերություններին իրավաբանական տեսք տալ:

Ի դեպ, ազգայնական ուղղվածություն ունեցող ընդդիմադիրները խոսում են այն մասին, որ Հայաստանը կարող է դառնալ Թուրքիայի վիլայեթ: Դա, իհարկե, չափազանցություն է, նման բան Ռուսաստանը թույլ չի տա, եթե, իհարկե, այդ հսկայական երկիրը հերթական անգամ չփլուզվի:

Իրատեսական է մեկ այլ սցենար: Անկախ նրանից, թե ձեւական ինչ տեսք է ստանում մեր անդամակցությունը Ռուսաստան-Բելառուս-Կենտրոնական Ասիա «ակումբին»՝ դա ենթադրում է քաղաքական ռեժիմների որոշակի սինքրոնացում: Այնպես որ, հայաստանյան ավտոկրատիան գնալով ավելի ու ավելի է նմանվելու բելառուսական ավտոկրատիային: Ինքնուրույն դատավորների եւ ՏԻՄ ոչ իշխանական ղեկավարների հետապնդումը, ինչպես նաեւ իշխանավորների հասցեին «վիրավորանքների» մասին գործերի՝ 300-ին հասնող քանակը դրա առաջին ծիծեռնակներն են:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Garo says:

    Իսկ ինչու ոչ:
    Կարելիա միություն կազմել Ռուսաստանի հետ բայց հստակ պայմաններով դնելով:
    Ասենք պետքա մատակարարես 10միլիարդ դոլլարի ժամանակակից զենք ու զինամթերք միանվագ, իսկ միութենական պետություն լինելուց տարեկան 1միլիարդի առնվազն:
    Էտ միութենական պետություն կոչվածը կփլուզվի մի քանի տարում նու մաքսիոմում 15տարուց, ինչ պոկենք էտ “քյար” կմնա:

  2. Նախ, նիկոլը ավելի նսեմացուցիչ հայտարարությունն է անում Հայաստանի վերաբերյալ (հենց այս պահին, ԱԺ-ում նույնպես): Կուլ է գնում: Ինչո՞ւ: Որովհետև “մե՞րն ա”: Համոզվա՞ծ ենք: Ապա, դեռ 2009-ից (Ֆ. Գորդոն, Assistant Secretary of State for European and Eurasian Affairs Հիլլարի Կլինտոնի գրասենյակ) նման գնահատականներ տրվել են հայ ազգին: Էլի կուլ ենք տվել, ինչո՞ւ:
    Դաս է պետք անել ու օղ կապել ականջներիս:

  3. Ասֆալտին պառկեցված says:

    Որևէ մեկին պետք լինելու համար նախ պետք է մաքրել մեր ավգյան ախոռները, ընտրել հայրենիք սիրող իշխանություն, մեր թշնամիներին և աշխարհին ցույց տալ, որ մենք չենք համակերպվել պարտության հետ և շարունակելու ենք տեր կանգնել Արցախի հարցին։ Այդ դեպքում միայն լուկաշենկոները կսսկվեն կամ էլ ուրիշների մասին այդպիսի ոտանավորներ կասեն։

  4. Լավատես says:

    Այսօրվա աշխարհում երկրների ղեկավարները ընտիր հիմարների ընտրանի են եւ ոչ մեկը իր ժողովրդի իմաստնությունն ու մակարդակը չի ներկայացնում, մի՞թե մեզ այդքան հարազատ բելոռուս ժողովուրդը իր եղբայր հայ ժողովրդի մասին նման հիմարություն դուրս կտա կամ մենք՝ նրանց մասին, բացառվում է, ուրեմն էդ դեբիլ ղեկավարներն իրենց դեբիլ մակարդակն են ցույց տալիս աշխարհին, եթե մենք էլ մեր ժողովրդի մակարդակի ղեկավարներ ունենայինք, մեր ղեկավարները ջանք չէին խնայի, որ մեզ հարազատ ռուս եւ ուկրայինացի ժողովուրդների միջեւ իրենց դեբիլ ղեկավարները կռիվ չգցեին՝ գոնե հանուն այդ երկրներում բնակվող մեր սփյուռքի ազգակիցների, որոնց հետ այդքան լավ բարեկամական հարաբերություններ ունեն բնիկ ռուս եւ ուկրայինացի ժողովուրդները: Այսօր այդ դեբիլները չեն հարցնում իրենց ժողովուրդներին՝ պատերազմ ուզո՞ւմ էք ձեր հարեւանի հետ թե՞ չեք ուզում, մեր ժողովուրդները տուժում են այս դրածո կապիկների ձեռքին, որոնց նշանակում են մի կառույցից, իսկ այդ կառույցի դեմ հնարավոր է պայքարել միայն բոլոր ժողովուրդների իսկական ազգային Ընդդիմությունների համատեղ պայքարով, որոնց կղեկավարի բոլոր ժողովուրդների Ընդդիմությունների մեկ միասնական քաղաքական գենշտաբը: Ազգային Ընդդիմություններ բոլոր ժողովուրդների, միացե՛ք:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28