2021 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետությունից ավելի շատ մեկնել են, քան ժամանել։ Վիճակագրական կոմիտեն հրապարակել է ՀՀ ժողովրդագրական իրավիճակը բնութագրող ցուցանիշները։ Ըստ այդմ, 2021թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին մեր երկիր մուտք է գործել 1 629 891 մարդ, մեկնել 1 673 765 մարդ։ Այսինքն, մեկնումների եւ ժամանումների հաշվեկշիռը բացասական է՝ 43,874-ով ավելին է մեկնումների թիվը։
Իսկ ՀՀ փաստաթղթերով մեր երկիր ժամանումների ցուցանիշը կազմում է 689 221, մեկնումները՝ 762 792։ Այսինքն, ՀՀ փաստաթղթերով ժամանումների եւ մեկնումների հաշվեկշիռն էլ է բացասական՝ -73 571։
Վիճակագրական կոմիտեի մարդահամարի ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանն «Առավոտ»-ի հետ զրույցում պարզաբանեց, որ այս ցուցանիշները արտագաղթին չեն վերաբերում, եւ չենք կարող համարել, որ ասենք՝ երկիրը վերջնական լքել է 43,874 մարդ, քանի որ սա սահմանային մուտքերի եւ ելքերի գրանցումներն են, եւ մեկ քաղաքացին կարող է տարվա մեջ մի քանի անգամ սահմանը հատի, եւ այս քաղաքացիների մեջ են նաեւ օտարերկրացիները։ «Չենք կարող ասել, որ այսքան մարդ մեկնել ու չի վերադարձել, որովհետեւ գուցե նրանցից շատերն օրինակ մյուս ամիս վերադառնան»,-ասաց Կարինե Կույումջյանը։
Այնուամենայնիվ, հաջորդ ամիս կվերադառնա այս քաղաքացիների մի մասը, թե՝ ոչ, դա ցույց կտան մյուս ամիսներին հրապարակվող վիճակագրական տվյալները, սակայն, ըստ արդեն հրապարակված ցուցանիշների, 2021 թվականի 12 ամիսների ընթացքում մեր երկրից մեկնողների թիվը 43,874 հազարով ավելին է եղել։
Կարդացեք նաև
Ընդ որում, հիշեցնենք, ընդդիմադիր գործիչները տարբեր առիթներով, հարցազրույցներում եւ ասուլիսներում անցյալ տարվա վերաբերյալ արտագաղթած քաղաքացիների տարբեր թվեր էին հնչեցնում՝ 70 հազարից մինչեւ 100 հազար։
2020 թվականին մեկնողների եւ ժամանողների հաշվեկշիռը դրական է եղել, սա, ենթադրվում է, մեծամասամբ պայմանավորված էր կորոնավիրուսային համավարակով, երբ աշխարհի շատ պետություններ իրենց սահմանները փակել էին։
2020 թվականին մեր երկիր մուտք է գործել 913 211 քաղաքացի, մեկնել 901 119 քաղաքացի, այսինքն, 12, 092-ով ավել ժամանում է եղել։ Նույն տարվա ընթացքում ՀՀ անձնագրով ժամանել է 497,340 քաղաքացի, մեկնել՝ 454, 554 քաղաքացի, մեկնումների եւ ժամանումների դրական հաշվեկշիռը կազմում է 42, 786։ Իսկ ահա 2019-ին ՀՀ անձնագրերով մեկնումների եւ ժամանումների միջեւ հաշվեկշիռը բացասական էր, ավելի շատ մեկնել են, քան ժամանել, այդ ցուցանիշը 6, 529 է։
Համեմատության համար նշենք, որ 2016 թվականին ՀՀ ժամանել է 2, 867, 008, մեկնել՝ 2, 915 ,178 քաղաքացի, բացասական հաշվեկշիռը կազմում է 48,170, այսինքն՝ 48,170-ով ավելի շատ մեկնումներն են եղել։ Նույն տարում ՀՀ անձնագրերով մեր երկիր մուտք է գործել 1, 665, 350 քաղաքացի, մեկնել՝ 1,719, 381, բացասական հաշվեկշիռը կազմում է 54, 031։
2015 թվականին էլ ավելի շատ մեկնել են, քան վերադարձել, մեկնողների եւ ժամանողների բացասական հաշվեկշիռը կազմում է 43, 438 քաղաքացի, մեր երկիր ժամանել է 2,709, 284 քաղաքացի, մեկնել՝ 2, 752, 711։ ՀՀ անձնագրերով 2015 թվականին ժամանել է 1,562, 580 քաղաքացի, մեկնել՝ 1, 610, 252 քաղաքացի, 47, 676-ով ավելի շատ են եղել մեկնումները։
2014 թվականին մեկնումների եւ ժամանումների միջեւ բացասական հաշվեկշիռը կազմել է 41,672, ՀՀ անձնագրերով եւս ավելի շատ քաղաքացի է մեկնել, քան ժամանել, այդ բացասական հաշվեկշիռը կազմում է 47 ,074։
2013 թվականին ընդհանուր մեկնումների եւ ժամանումների միջեւ բացասական հաշվեկշիռը կազմել է 31,188 քաղաքացի, իսկ ՀՀ անձնագրերով մեկնումների եւ ժամանումների բացասական հաշվեկշիռը կազմում է 42,001 քաղաքացի։
Այսպիսով, նախկիններին այդքան շատ հիշատակող իշխանության ներկայացուցիչները ինչպես որոշ ոլորտներում, այնպես էլ ժողովրդագրության, իրենց քաղաքականությամբ վերադարձնում են նախկին ժամանակաշրջանը։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
08.02.2022