Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ պատմաբանի համար կարեւոր աղբյուր են հանդիսացել եվրոպացի ճանապարհորդների նոթագրությունները Հայաստանի մասին

Փետրվար 09,2022 14:30

Անվանի գիտնական Գեղամ Կիրակոսյանի 90-ամյակին նվիրված լույս է տեսել նրա «Հայաստանը Լանկ-Թամուրի եւ թուրքական ցեղերի արշավանքների շրջանում (1386-1500)» մենագրությունը եւ «Սասուն» աշխատությունը:

Պրոֆեսորը տասներկու տարի առաջ կնքել է իր մահկանացուն, հասցրել է գրել 40 գիտական հոդվածներ, հեղինակել «Հողի եւ արյան կանչով», «Էրգիրն է կանչում» հուշագրությունները:

«Հայաստանը Լանկ-Թամուրի եւ թուրքական ցեղերի արշավանքների շրջանում (1386-1500)» մենագրությունը նվիրված է հայոց պատմության միջնադարի քիչ ուսումնասիրված շրջանին: Ըստ հեղինակի. «Այդ ժամանահատվածում հայոց պատմագրության մեջ չստեղծվեցին ամբողջական գործեր, բացառությամբ Թ. Մեծոփեցու աշխատության, իսկ ժամանակի գրիչները միայն խիստ համառոտ արձանագրում էին կատարված իրադարձությունները»:

Ինչպես գրքի առաջաբանում՝ «Երկու խոսքում» է գրված. «Հայաստանի XIV դարի վերջին քառորդի եւ XV դարի ժամանակահատվածի պատմության ուսումնասիրությունը մեծ հետաքրքրություն է ներկայացնում եւ խիստ արդիական նշանակություն ունի ինչպես քաղաքական, այնպես էլ պատմագիտական առումով: Մոնղոլ-թաթարական եւ կարա-կոյունլու ու ակ-կոյունլու թուրքմենական ցեղերի ամայացնող արշավանքների եւ ծանր հարկային քաղաքականության հետեւանքով Հայաստանում վերելք ապրող ֆեոդալական հարաբերությունները մտան փակուղի: Այդ արշավանքների ընթացքում Հայաստանում հաստատված քոչվորական տնտեսաձեւով ապրող նվաճողներին քիչ էին մտահոգում հողամշակման եւ տնտեսության զարգացման հարցերը: Նրանք առավելապես զբաղված էին ավարով ու թալանով ու մեծ քանակությամբ անասնահոտեր պահելով, իսկ վերջինիս համար անհրաժեշտ էին ընդարձակ արոտավայրեր: Այս ամենի հետեւանքով Հայաստանում ոչ միայն երկար ժամանակով արգելափակվեց ֆեոդալական հարաբերությունների բնականոն ընթացքը, այլեւ մի քանի դարով հետ տարվեց»:

Հեղինակն անդրադարձել է այդ դժվարին ժամանակահատվածին՝ «համատարած քայքայման ու ավերումների այս ողբերգական ժամանակաշրջանին», երբ «հայ ժողովուրդը չհրաժարվեց իր անկախության համար պայքարի գաղափարից»:

«Հայոց կողմից նվաճողներին ցույց տրված դիմադրության մասին են վկայում տարբեր վայրերում գրված հիշատակարանները»,-նշվում է «Երկու խոսքում»:

Գեղամ Կիրակոսյանն անդրադարձել է մեր եկեղեցական գործիչների գործունեությանը, մասնավորապես, Սյունյաց հոգեւոր դասի աչքի ընկնող ներկայացուցիչներին՝ Հովհան Որոտնեցուն, Գրիգոր Տաթեւացուն, Վասպուրականից՝ Թովմա Մեծոփեցուն:

«Աղբյուրների եւ գրականության համառոտ տեսություն» բաժնում Գեղամ Կիրակոսյանը գրել է. «Գրիչները հիշատակարաններ գրելիս կամ դրանք նորոգելիս որոշ կենսագրական տեղեկություններ են հայտնել իրենց մասին, հիշատակել ժամանակի աշխարհիկ եւ հոգեւոր տերերին՝ նրանց մասին տալով ժամանակագրական տվյալներ, հաճախ նկարագրել իրենց ժամանակի պատմությունը՝ երկրի վիճակը, քաղաքական անցուդարձը եւ այլն: Գրիչները, լինելով կատարվող իրադարձությունների ականջալուրն ու ականատեսը, տվել են դրանց համեմատաբար իրապատում նկարագիրն ու գնահատականը»:

Այս շրջանում, ինչպես նշում է պատմաբանը, հարուստ նյութեր կան Հայաստանի քաղաքական վիճակի՝ իշխանության քայքայման, Չոբաննայնների ու Ջելիաիրյանների մասին:

Հեղինակի համար կարեւոր աղբյուր է հանդիսացել այս ժամանահատվածի ուսումնասիրության համար եվրոպացի ճանապարհորդների նոթագրությունները Հայաստանի մասին: Եվրոպացի ճանապարհորդների մեծ մասը դիվանագիտական միսիայով անցնելով Արեւելք՝ եղել են Հայաստանում եւ իրենց ուղեգրություններում նկարագրել են թուրքմենների տիրապետության տակ տառապող հայ ժողովրդի ծանր վիճակը: Այդպիսի ճանապարհորդներից էր Գոնցալիո դե Կլավիխոն: Նա Կաստիլիայի Հենրիխ Գ. Թագավորի պատվիրակն էր, որը 1404թ. ուղեւորվել էր Սամարղանդ՝ Լանկ-Թամուրի հետ բանակցելու: Կլավիխոն իր ուղեգրություններում նկարագրելով Ալաշկերտ քաղաքի վիճակը՝ գրում է. «Վերջապես եկանք մի մեծ քաղաք, բայց այստեղ էլ տների մեծ մասը դատարկ էր բնակիչներից: Քաղաքի պարիսպները, որ եղել էին շատ լայն ու շատ ամուր, բոլորը ավերակ էին, եւ քարից կառուցված ամրոցը բոլորովին բաց էր, ճեղքված շատ տեղերից, թեեւ մի քանի խեղճ մարդիկ տակավին ապրում էին նրա սենյակներում»:

Այս մենագրության մեջ «չի մոռացվել» Ղարաբաղը: Պատմաբանը ներկայացնելով Լանկ-Թամուրի մահից հետո նրա ժառանգների միջեւ տեղի ունեցած պատերազմների մասին իր աղբյուրներում արձանագրվածը, գրել էր. «Իբրահիմ առաջինը ժամանակը հարմար նկատեց դուրս քշելու օտարերկրացիներին եւ իր իշխանության տակ միավորելու Ադրբեջանը: Նրա զորքերն անցան Կուրը, գրավեցին Գյանջան եւ Ղարաբաղի մեծ մասը»… Իբրահիմը փորձել է գրավել Արցախը, իր իշխանությունը հաստատելու համար Ատրպատականում, սակայն Կարա -Յուսուֆը հակահարված է տվել այդ փորձերին: Գրքի հասցեատերը պատմաբաններն են, միջնադարի պատմությամբ զբաղվողները եւ նրանց կհետաքրքրի նաեւ 14-15 դարերի հայկական իշխանական տների՝ Դոփյան, Հասան-Ջալալյան, Օրբելյաններ, Պռոշյաններ եւ Ազիզբեկյաններ, մասին մենագրության մեջ տեղ գտածը:

Ինչ վերաբերում է «Սասուն» ուսումնասիրությանը, Գեղամ Կիրակոսյանը հասցրեց մինչ իր անժամանակ մահը ներկայացնել Սասուն-Տարոնը Թոռնիկյանների իշխանության շրջանում, Սասունը Ասորեստանի եւ Արարատյան երկրի թագավորների արձանագրություններում, Սասունը 4-15-րդ դարերում:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
08.02.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28