Եվ արդյոք իշխանությունը մշտապես պետք է գնա հասարակական տրամադրությունների հետեւից
«Մեզանում (այսինքն՝ Ռուսաստանում – Ա.Ա.) շատ են փնտրում հայաստանյան իշխանության վարքի ինչ-որ աշխարհաքաղաքական նախադրյալներ՝ շրջանցելով, որ հայկական հասարակության մեջ կուտակվել է հոգնածություն ղարաբաղյան կոնֆլիկտից, եւ այն մոբիլիզացիան, հանուն Ղարաբաղի ինչ-որ բան զոհաբերելու այն պատրաստակամությունը, որը կար 90-ական թվականներին, այժմ գոյություն չունի: Հասարակությունը փոխվում է, փոխվում են դրա առաջնահերթությունները, եւ քաղաքական գործիչները, բնականաբար, դրան արձագանքում են»: Այդպիսի միտք է արտահայտել ռուսաստանցի քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը:
Աշխարհաքաղաքական գործոնով տարվում են ոչ միայն Ռուսաստանում, այլեւ մեզ մոտ: Այդպես ավելի հեշտ է. Ռուսաստանը սա է ուզում, Թուրքիան եւ Ադրբեջանը՝ մեկ ուրիշ բան, Իրանը՝ երրորդը, Արեւմուտքը՝ չորրորդը: Եվ ստացվում է ֆիզիկայի նման մի բան. պետք է հաշվարկել «վերմակը տարբեր կողմեր քաշողների» ուժային ազդեցությունների հանրագումարը: Քաղաքականության մեջ, պատմական, սոցիալական օրինաչափությունների դեպքում այդպես չէ: Անգամ մեկ մարդու օրգանիզմը տարբեր քիմիական ազդեցությունների հանրագումար չէ, էլ ո՞ւր մնաց հազարավոր մարդկանց ձգտումները, հույզերը, տրամադրությունները: Այդ բոլոր «աշխարհաքաղաքական հաշվարկներում» հաճախ մոռանում ենք անդրադառնալ մեզ՝ մե՛նք ի՞նչ ենք ուզում, ինչի՞ ենք ձգտում: Այնպես չէ, որ մեզնից ոչ մի բան կախված չէ, որովհետեւ մնացածը մեծ են ու ուժեղ: Այդ դեպքում աշխարհիս երեսին կմնար 3 կամ ամենաշատը՝ 5 պետություն, ոչ թե 200-ից ավելի:
Պետության հաջողություններն ու անհաջողությունները, գոյությունը կամ չգոյությունը պայմանավորված են առաջին հերթին ներքին գործոններով, եւ, ի դեպ, արտաքին ուժերի դերը չափազանցնելը նույնպես ներքին գործոն է: Ըստ Մարկեդոնովի, հայաստանյան հասարակությունը հոգնել է Ղարաբաղյան խնդրից, եւ Փաշինյանն իր քաղաքականությունը կառուցում է՝ հաշվի առնելով այդ հանգամանքը: Կարելի է, ընդհանուր առմամբ, համաձայնել այդ մտքի հետ՝ չնայած վստահ չեմ, որ «հոգնածությունը» ճիշտ բառ է: 2018 թվականի ապրիլ-մայիսին փողոց դուրս եկած մարդիկ ամենեւին «հոգնածների» տպավորություն չէին թողնում: Նրանք ակտիվ էին, ուրախ, խանդավառ՝ պարզապես Արցախն իսկապես նրանց առաջնահերթությունների մեջ չէր մտնում:
Կարդացեք նաև
Արցախը չէր, մեր պետությունը չէր, որ նրանց համախմբում էր: Այդ դեպքում՝ ի՞նչը: Եթե փորձենք մի բառով պատասխանել՝ ատելությունը: Ֆրոյդն իր հայտնի աշխատությունում նշում է. «Ատելությունը որոշակի անձի կամ ինստիտուտի հանդեպ կարող է նույնքան համախմբող դեր խաղալ ու նույնպիսի էմոցիոնալ կապվածություն ստեղծել, ինչպես եւ դրական զգացմունքները»: Սերը առաջնորդի՝ Նիկոլ Փաշինյանի հանդեպ եւ ատելությունը հակահերոսների՝ Քոչարյանի, Սերժի, «Սաշիկի», «Լֆիկի» հանդեպ՝ ահա այն զգացմունքները, որոնցով ապրում էր եւ մասամբ շարունակում է ապրել հայաստանյան հասարակությունը: Ասում եմ՝ «մասամբ», որովհետեւ «Սաշիկն» ու «Լֆիկը» շատ արագ դադարեցին հակահերոսներ լինելուց, քանի որ կատարեցին առասպելական խորհրդանիշների իրենց դերը: Կարելի՞ է արդյոք այդ տրամադրությունները համարել «հոգնածություն Ղարաբաղյան խնդրից»: Երեւի, որոշ չափով, դա էլ իր դերն է խաղացել. ատելության երկու հիմնական «օբյեկտները» 20 տարի շահարկում էին այդ խնդիրը՝ արդարացնելով իրենց կառավարման արատները:
Այդ «հոգնածությունը» կամ անտարբերությունը կարելի՞ է համարել պարտության հիմնական պատճառներից մեկը: Դրանում ես ոչ մի կասկած չունեմ: Այդ առումով մի դրվագ հիշեցի: Երբ Վազգեն Մանուկյանը պաշտպանության նախարար նշանակվեց, նա մի խորհրդակցություն անցկացրեց, որին նաեւ ես էի ներկա: Լավ հիշում եմ նրա հետեւյալ միտքը (բնականաբար, չեմ կարող ճշգրիտ մեջբերում անել). զենքի, ռազմական հնարավորությունների քանակը բազմապատկվում է ազգի դիմադրողականության աստիճանով, այդ երկու բաղադրիչները ոչ թե գումարվում են, այլ՝ բազմապատկվում: Չեմ կարծում, որ 1992 թվականի ամռանը, երբ ասվում էին այդ խոսքերը, Ադրբեջանը չուներ մեր նկատմամբ ռազմատեխնիկական առավելություն: 1994-ից առ այսօր մեր դիմադրողականությունը շարունակաբար ընկել է եւ շարունակում է ընկնել: 2018 թվականից այդ փաստն ուղղակի ակնհայտ դարձավ: Կարելի է դա նաեւ «հոգնածություն» անվանել:
Անվիճելի է Մարկեդոնովի այն միտքը, որ Հայաստանի քաղաքական գործիչները եւ առաջին հերթին՝ իշխանությունները, կողմնորոշվում են հասարակական տրամադրություններով: Եվ այստեղից հարց է առաջանում՝ արդյո՞ք քաղաքականությունն այն ոլորտն է, որտեղ «հաճախորդը միշտ ճիշտ է»: Կարծում եմ, որ ոչ միշտ է դա այդպես: Ենթադրում եմ, որ, օրինակ, Պետրոս Առաջինը կամ Օտտո ֆոն Բիսմարկն այդպես չէին մտածում: Նման մարդիկ ունեին որոշակի տեսլականներ ու գնում էին դրանց հետեւից, եւ ոչ թե փորձում էին բավարարել եւ զարգացնել նախրային բնազդը: Նույն Բիսմարկն ասում էր՝ «Պետք է փորձել տեսնել, թե համաշխարհային պատմության մեջ որտե՞ղ է ուղեւորվում Տերը, ո՞ր ուղղությամբ է նա շարժվում, այնուհետեւ թռչել եւ բռնել նրա փեշից, որ նա քեզ տանի որքան հնարավոր է՝ հեռու»:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
08.02.2022
Սկսեմ վերջից` Պետրոս Առաջինը կամ Օտտո ֆոն Բիսմարկը տեսլական էին ձևակերպում հիմնվելով իրենց ահռելի փորձի ու անհատակ ազգասիրության վրա (կենսունակ տեսլականը պետք է ունենա նյութական ամուր հենարաններ): Ահռելի փորձը ու անհատակ ազգասերությունը չգրանցվող “զենքի” (intuition) անհրաժեշտ աղբյուր են:
2. Հոգնածությունը կամ անտարբերությունը չէին հիմնական պատճառները պարտության: Ոչ դա այդպես չէ: Պարտության պատճառը ցածրագույն պատրաստվածությունն էր պատերազմի, որը բոլորը գիտեին գալիս է: Ցածրագույն պատրաստվածությունը համապատասխանեց “ղարաբաղցիներից ազատվելու” տեսլականին, որը փոխարինեց “մերժիր սերժին” տեսլականը: Նրանք տրամաբանորեն շախկապված էին:
3. 2018-ի երիտասարդների մասին` «Նրանք ակտիվ էին, ուրախ, խանդավառ՝ պարզապես Արցախն իսկապես նրանց առաջնահերթությունների մեջ չէր մտնում:» Մենք այն ժամանակ պետք է զանգեր ղողանջեինք տեսնելով մեր երիտասարդությունը երկու բեևեռային զգացմունքներով տարված` ատելություն ղարաբաղցիների նկատմամբ (ավելի խորը քան թուրքերի մոտ) և սեր Մոնթե-Գանդի ձևացնող նիկոլի նկատմամբ. 2020-ին այդ երիտասարդները զոհ գնացին այդ կույր սիրո ու ատելության. Մենք չպետք է կուլ տայինք 2018-ի մայիսի «կամ ես կամ ոչ ոք»-ը, այն պայթեց նորից 2020-ի հոկտեմբերին ու երևի այդ էր վերջին հանգող միտքը 2018-ի ակտիվ էին, ուրախ, խանդավառ երիտասարդների:
Հարգանքներս: