Լրահոս
Օրվա լրահոսը

Համազգային հայ կրթական եւ մշակութային միությունը` Արցախի կողքին

Փետրվար 09,2022 13:00

Պատերազմից հետո Արցախի կրթական եւ մշակութային կյանքը, մի շարք դժվարություններով ու խնդիրներով հանդերձ, փորձում է անցնել բնականոն աշխատանքային գործընթացի։

Համազգային հայ կրթական եւ մշակութային միության Արցախի գրասենյակը, չորս տարուց ավելի է, ձեւավորված ավանդույթի համաձայն, մշտապես կանգնած է տարանուն մշակութային ծրագրերի հիմքում: Նպատակը՝ նպաստել Արցախում կրթամշակութային կյանքի աշխուժացմանը։

Պատերազմի օրերին անգամ գրասենյակը չի դադարել գործել՝ Հայաստանի տարբեր վայրերում ապաստանած արցախցի երեխաների համար կազմակերպելով արվեստի ու դասապատրաստման տարբեր անվճար դասընթացներ, խմբակներ։ Նախաձեռնությունը կոչվել է «Համազգայինը՝ Արցախի մանուկներին»։

Հետպատերազմական շրջանում Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում եւ շրջանների մի շարք գյուղերում շարունակվում է պատերազմի օրերին սկսած նախաձեռնությունը՝ դպրոցականների համար արվեստի տարբեր ճյուղերի եւ հայոց լեզվի խմբակների տեսքով։ Նկարչություն, ազգային երգ ու պար, ձեռքի աշխատանք, հայոց լեզվի գիտելիքների ամրապնդում. սա է խմբակների առանցքը: Համազգային հայ կրթական եւ մշակութային միության Արցախի գրասենյակի տնօրեն Հերմինե Ավագյանի փոխանցմամբ՝ ունեն 15 խմբակավար, որոնց մի մասը վերջին պատերազմի ժամանակ իրենց բնակավայրերից տեղահանված մասնագետներ են:

Այս նախաձեռնությունից զատ Համազգայինի Արցախի գրասենյակը շարունակում է նաեւ այլ ծրագրեր իրականացնել։ Մոտ մեկ ամիս առաջ՝ հունվարի 7-ից սկսած, Արցախի Մարտունի քաղաքում բնակվող հայրենադարձ Շանթ Չարշաֆճեանի եւ Համազգայինի ջանքերով Շուշիի պետական թատրոնը հյուրախաղերով շրջել է Արցախի մի շարք գյուղերով: Հերմինե Ավագյանի խոսքով՝ Շուշիի թատրոնը վերականգնման կարիք ունի եւ բոլորը թատրոնին պետք է օգնեն այս դժվարին շրջանում։

Նշենք նաեւ, որ Համազգային հայ կրթական եւ մշակութային միության Արցախի գրասենյակն իր գործունեության ընթացքում բանուկ է պահում Արցախ-Սփյուռք մշակութային կապը եւ տարբեր ծրագրեր է իրականացնում ինչպես Արցախի մշակույթը, գրականությունը Սփյուռքում ներկայացնելու, այնպես էլ հակառակը՝ Սփյուռքի տարբեր նվագախմբերի, պարախմբերի համերգներ եւ ցուցահանդեսներ կազմակերպելով Արցախի տարբեր բնակավայրերում:

Արցախի մշակութային դիմագիծը միշտ բարձր ու հաստատուն պետք է մնա, եւ Համազգայինը փորձում է իր չափաբաժինն ունենալ այդ պատասխանատու եւ կարեւոր գործում:

Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
08.02.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28