Լրահոս
Օրվա լրահոսը

Դասական երաժշտության կոմերցիոն դառնալուց մինչեւ Նիկոլայ Մադոյանի օրիգինալություն

Փետրվար 09,2022 12:30

Դասական երաժշտարվեստի ոլորտն՝ ուզենք, թե չուզենք, կոմերցիոն է դարձել: Մեզ հետ զրույցներում արվեստագետները մատնացույց էին անում դեռեւս 1990թ. օպերային երգիչներ, իսպանացիներ Պլասիդո Դոմինգոյի, Խոսե Կարերասի եւ իտալացի Լուչանո Պավարոտիի հիմնած «Երեք տենոր» նախագիծը։ Նկատենք, որ այս եռյակի ստեղծման առաջին օրվանից արեւմտյան մամուլը պարզապես քարկոծում էր նրանց՝ մեղադրելով, թե այդ քայլին դիմել են մեծ փողեր աշխատելու նպատակով։

Եվ այդպես էլ եղավ։ Նրանց առաջին համերգի ձայնասկավառակը դարձավ բոլոր ժամանակների ամենավաճառվող դասական ալբոմը։ Սա դեռ անցյալ դարի վերջերին էր։

Հիմա դառնանք Ռուսաստան. այսօր աշխարհում շատ-շատ են եւ հիանալի վոկալիստները, եւ գործիքային կատարողները, բայց արի ու տես, որ նրանք ջանում են հանդիսատեսին գրավել շոուի էլեմենտներով։ Օրինակ, Աննա Նետրեբկոյի առաջին ելույթներից մեկում՝ մաեստրո Գերգիեւի ղեկավարությամբ, երգչուհին ելույթը սկսելուց անմիջապես հետո կոշիկները հանեց, ավելին՝ շպրտեց, հետո էլ սկսեց վազվզել նվագախմբի առջեւ, բեմի երկայնքով։ Չգիտենք՝ դա պայմանավորվա՞ծ էր դիրիժորի հետ, թե՞ ոչ, բայց մի բան ակնհայտ է. հենց այդ ելույթից հետո նրա առջեւ բացվեցին հեղինակավոր օպերային թատրոնների դռները։ Ի՞նչ եք կարծում՝ արդյոք այդ ժամանակահատվածում չկայի՞ն այլ նետրեբկոներ… Միանշանակ կային։ Բայց հանդիսատեսը նորություն էր ուզում, այո, թեկուզ այդպիսի։ Արեւմտյան մամուլը գերմանաբնակ դաշնակահարուհի Լուսինե Խաչատրյանի արվեստին անդրադառնալով, հաճախ է հոդվածը սկսում հետեւյալ նախադասությամբ. «Ներկայիս դասական երաժշտության ասպարեզում Լուսինեին կարելի է անվանել «դաշնամուրի պոետ»։ Իր ստեղծած «Դաշնամուրային թատրոն» ձեւաչափով դրամատիկական արվեստը՝ սկսած 2012-ից, դաշնակահարուհին համատեղում է երաժշտական-կատարողականի հետ…»։

Մեր հայրենակցուհին թե նվագախմբերի հետ եւ թե կամերային համերգներին, կախված ստեղծագործության դրամատուրգիայից, մերթ ժպտում է, մերթ լալիս, ծնկում է ռոյալի առջեւ ու բառի իսկական իմաստով «զրուցում» կամ մենախոսում, եւ այս ամենը լուռ ու մունջ ու բարձր դերասանական խաղով։

Այս թվարկումը կարելի է շարունակել թե հայ, թե արտասահմանցի երաժիշտների մասին։ Այո, այլեւս երաժիշտները ձգտում են շոուի անվան տակ, ինչու ոչ՝ հանդիսատեսին հաճոյանալու համար դիմել մինչ օրս անհնար թվացող, օրեցօր էլ զարմացնող հնարքների։
Այս ամենի կողքին ունենք մեկ ջութակահար՝ ՀՀ վաստակավոր արտիստ Նիկոլայ Մադոյան, որի 2017թ. սահմանած ռեկորդը՝ «Ջութակահարի ամենաերկար ելույթ» անվանակարգում՝ 33 ժամ 2 րոպե 41 վայրկյան, զարմացրեց առաջինը մեզ, քանի որ նա հատուկ եկել էր Երեւան, որպեսզի ռեկորդը Գինեսի գրքում գրանցվի Հայաստանի անունով։ Այդպես էլ եղավ, բայց ռեկորդը գրանցվեց 2019թ.։ Ընդ որում, այդ գրքում Մադոյանը առայժմ միակ երաժիշտն է։ Ջութակահարի հետ «Առավոտի» վերջին հանդիպումը 2017թ.-ին էր։

Միանշանակ, այս երաժշտին ներկայացնելու կամ նրա անցած ուղին հիշեցնելու կարիք չկա։ Երբ օրերս Ազգային օպերային թատրոնում երեւաց նրա համերգի հայտագիրը՝ թատրոնի նվագախմբի ընկերակցությամբ եւ մաեստրո Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ, ականջալուր եղանք հասարակության մեջ պտտվող խոսակցություններին, թե ջութակահարը հաստատ մի օրիգինալ բան մտածել է։ Ներկա գտնվեցինք համերգին եւ ընդամենն ասել, թե հիանալի երեկո էր, նշանակում է ոչինչ չասել։ Ընտիր ծաղկաբույլ էր հավաքված համաշխարհային դասական երաժշտության գանձարանից։ Հնչեց բացարձակ չձանձրացնող, 2,5-ից 3 րոպե տեւողությամբ 24 փոխադրում, ինչի հեղինակը կոմպոզիտոր Աշոտ Բաբայանն է։ Մեզ հետ զրույցում կոմպոզիտորն ասաց, որ սա առաջին համագործակցությունը չէ ջութակահարի հետ, Մադոյանին ճանաչում է ավելի քան 20 տարի։ Հատուկ շեշտեց, որ երեկոյի ղեկավարի համար (նկատի ունի մաեստրո Դուրգարյանին) հեշտ չէր մեկը մյուսի հետեւից կենտրոնանալ ու մատուցել այդ թվով գործեր, եթե նույնիսկ դրանք հանրամատչելի են. «Ես ոչինչ չունեմ ավելացնելու, բռավո Մադոյան, բռավո Դուրգարյան եւ իհարկե՝ նվագախմբի երաժիշտներ»։ Մեր զրուցակիցը հիշեցրեց, որ ավելի քան 20 օր առաջ էլ Նիկոլայ Մադոյանը մաստրո Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ եւ Հայաստանի պետական կամերային նվագախմբի ընկերակցությամբ հնչեցրել է Չայկովսկու, Գլյուկի, Բաղդասարյանի, Կոմիտասի ստեղծագործություններից։ Թեեւ մեզ համար նորություն չէր, բայց կոմպոզիտորը հիշեցրեց ժամանակին, դարձյալ մաեստրո Դուրգարյանի ղեկավարությամբ ջութակահարի ելույթները Մոցարտի բոլոր 5 կոնցերտների կատարմամբ, Պագանինիի կոնցերտների մեկնաբանությունը։

Շքեղ երեկոյի ավարտին մեր դիտարկմանը՝ արդեն տասնամյակներ ի վեր սովոր ենք իրեն տեսնել միայն օրիգինալ կամ առաջին անգամ կատարվող ստեղծագործություններ մեկնաբանելիս, Նիկոլայ Մադոյանը համեստորեն պատասխանեց. «Ճիշտ գուշակեցիք, հաջորդ համերգը գարնանն է։ Այս պահին չեմ ասի, թե ինչ պրեմիերաներ են լինելու, բայց մի բան կասեմ. կայանալիք համերգը իսկապես կզարդարի օպերային դիվա Հասմիկ Պապյանը, մասնակցությամբ կամերային նվագախմբի եւ կամերային երգչախմբի։ Դիրիժորական վահանակի մոտ կլինի Ռոբերտ Մլքեյանը»։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
08.02.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28