Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախը միայնակ չթողնելու հիմքեր կան

Փետրվար 09,2022 12:00

Անկարան ու Բաքուն գործնական քայլերով առաջ են շարժվում՝ «Երկու պետություն, մեկ ազգ, մեկ ուժ» լոզունգների ներքո, Հայաստանն էլ պարտավոր է ի ցույց դնել իր լիակատար աջակցությունն Արցախին:

Փետրվարի 4-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի՝ Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի եւ ԵԽ-ի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ եւ մասնակցությամբ կայացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հեռավար հանդիպումը: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ կողմերը մտքեր են փոխանակել առկա հումանիտար խնդիրների լուծման, երկու երկրների ինքնիշխանության եւ իրավազորության ներքո տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման, ՀՀ-ԱՀ սահմանագոտում լարվածության նվազեցման եւ սահմանազատման, Լեռնային Ղարաբաղ միջազգային կազմակերպությունների ելումուտի, ինչպես նաեւ հարցերի լայն շրջանակի վերաբերյալ։ «Վարչապետ Փաշինյանն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի համանախագահության ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ կարգավորման եւ խաղաղության համաձայնագրի կնքման անհրաժեշտությունը», ասվում է կառավարության տարածած մամլո հաղորդագրության մեջ։
ԼՂ-ի վերջնական կարգավորման վերաբերյալ պաշտոնական Երեւանի կողմից արձանագրումն, իհարկե, կարեւոր է: Սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Անկարան ու Բաքուն վերջին օրերին գործնական քայլերով առաջ են շարժվում՝ «Երկու պետություն, մեկ ազգ, մեկ ուժ» լոզունգների ներքո, Հայաստանն էլ պարտավոր է ի ցույց դնել իր լիակատար աջակցությունը Արցախին՝ հանդես գալով ԼՂ վերջնական կարգավիճակի վերաբերյալ հստակ դիրքորոշմամբ:

Իսկ այն, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պետք է հստակեցվի եւ հակամարտությունը վերջնական կարգավորում չի ստացել՝ վերջին օրերին որոշ հստակ ազդակներ հնչեցին, որը դրական փաստ է: Պաշտոնական Երեւանի համար սա նպաստավոր մթնոլորտ է արեւմտյան գործընկեր պետությունների, կառույցների հետ համակարգված աշխատանքներ տանելու ու կոնկրետ արդյունքներ արձանագրելու հնարավորության առումով:

Նախ, «Ազատությանը» որոշ մանրամասներ էին հայտնի դարձել Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի առաջնորդների եւ Եվրոպական Խորհրդի նախագահի միջեւ այսօր կայացած տեսակոնֆերանսից։ «Զրույցի ընթացքում Շառլ Միշելն ու Էմանուել Մակրոնը վերահաստատել են իրենց լիակատար հանձնառությունը՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ լարվածության նվազեցմանն ուղղված ջանքերին», – «Ազատությանը» հայտնել էր Բրյուսելի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, հավելելով՝ «Եվրամիությունը մնում է հավատարիմ՝ շարունակելու աշխատանքը բոլոր կողմերի հետ՝ կայուն, բարգավաճ ու անվտանգ Հարավային Կովկաս կառուցելու ուղղությամբ»։ Անդրադառնալով զրույցի բովանդակությանը՝ եվրոպացի դիվանագետը նշել էր՝ «ղեկավարները հիմնվել են այն առաջընթացի վրա, որ արձանագրվել էր դեկտեմբերին Բրյուսելում կայացած հանդիպումից հետո, մասնավորապես՝ գերիների վերջին ազատ արձակման, անհետ կորածներին գտնելու շուրջ համատեղ ջանքերի, ինչպես նաեւ երկաթուղու առաջիկա վերագործարկման վրա»։ Նշվում է, որ կողմերը քննարկել են տարբեր ոլորտներ, որտեղ Եվրամիությունը կարող է օգնություն տրամադրել։ Բրյուսելը, մասնավորապես, առաջարկում է աջակցություն մարդասիրական ջանքերին, բոլոր ձերբակալվածներին արագորեն ազատ արձակելու եւ անհետ կորածների ճակատագիրը պարզելու ուղղությամբ, ինչպես նաեւ օգնություն ականազերծման աշխատանքներին՝ փորձագիտական խորհրդատվության, ֆինանսական աջակցության եւ հավելյալ միջոցներ ներգրավելու միջոցով։ ԵՄ-ն պատրաստակամություն է հայտնում խորհրդատվական աջակցություն տրամադրել հաղորդակցության միջոցների կառուցման, եւ դրանց աջակցելու համար, միաժամանակ ընդգծում, որ դրանք պետք է լիարժեքորեն հարգեն երկու երկրների ինքնիշխանությունը։ Առաջարկվում է նաեւ տեխնիկական աջակցություն՝ նպաստելու, որ հավելյալ տեսանելի քայլեր կատարվեն տեղում լարվածությունը թուլացնելու ուղղությամբ՝ սահմանի դելիմիտացիայի եւ դեմարկացիայի գործընթացի համատեքստում։

Անցյալ շաբաթ Երեւան ժամանած Ավստրիայի արտգործնախարարը եւս արձանագրեց, որ ԵՄ-ն, ԵԱՀԿ ՄԽ-ն պատրաստ են օգնել Երեւանին եւ Բաքվին, եթե կողմերը ցանկանան ընդունել այդ օգնությունը։ Ալեքսանդր Շալենբերգը հատուկ ուղերձ հղեց Երեւանին եւ Բաքվին՝ նկատելով՝ միջազգային հանրությունը չի կարող փոխարինել կողմերի քաղաքական կամքը։ «Միջազգային հանրությանը պետք են Երեւանը, Բաքուն, ադրբեջանցիները եւ հայերը, որպեսզի նրանք կամք դրսեւորեն՝ այդ ուղիով առաջ գնալու։ Մենք գիտենք, որ վերքը դեռեւս բաց է, կան խնդիրներ՝ կարգավիճակի հարցը, սահմանների հարցը, Լեռնային Ղարաբաղի մի շարք խնդիրներ դեռ առկա են։ Ես տպավորություն ունեմ, որ այժմ նշմարվում են ճիշտ ուղղությամբ արվող քայլեր, քան անցյալ ամառ»,- ասաց Ավստրիայի արտգործնախարարը՝ հավելելով. «Մենք կարող ենք, որպես միջազգային հանրություն, միայն որոշակի ճանապարհ կտրել։ Ես հիմա տեսնում եմ պատրաստակամությունը ճիշտ քայլերի դիմելու։ Քաջություն է պահանջվում դրա համար եւ անհրաժեշտ է առաջնորդների կողմից՝ երկու երկրներում էլ»։

Պաշտոնական Երեւանն առավել ակտիվ պետք է լինի, նախաձեռնողական, դա ամենեւին չի խոչընդոտի Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան հնարավոր շփումներին: Ի վերջո, եթե Անկարան ու Բաքուն իրենց հետագա գործունեությունը տարածաշրջանում անվտանգության պահպանման տեսակետից՝ տեսնում են համատեղ, ապա պաշտոնական Երեւանը պետք է ցույց տա, որ լինելով խաղաղության կողմնակից, չի կարող միայնակ թողնել Արցախը:

Եվրամիությունը պատրաստ է բազմակողմանի աջակցություն ցուցաբերել Հայաստանին ու Ադրբեջանին սահմանազատման գործում, օրերս նշեց ԵՄ ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Օլիվեր Վարխելին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը: «Հետպատերազմյան լարվածությունը դուրս բերելու համար մենք պատրաստ ենք ցանկացած տեսակի օգնություն ցուցաբերել՝ տեխնիկական աջակցություն սահմանազատման եւ սահմանագծման, ինչպես նաեւ տարածքների ականազերծման գործերում: Նաեւ մենք պատրաստ ենք ֆինանսական աջակցություն ցուցաբերել այդ հարցերում, քանի որ հասկանում ենք, որ երկարաժամկետ խաղաղությունը սկսվում է փոքր քայլերից: Մենք պատրաստ ենք աջակցել երկու կողմերին էլ: Եվրոպան կողմնակից է ոչ միայն հաշտության, այլեւ վերականգնման գործընթացին»,- ասել է Վարխելին՝ հավելելով, որ Ադրբեջանն իրենց համար «հուսալի եւ ռազմավարական գործընկեր է»:

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի չլուծված լինելու փաստն առավել հստակ արձանագրեց օրեր առաջ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը: Մեկ շաբաթ առաջ ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանն ընդունել էր ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին: Դեսպանը համակարծիք էր՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը լուծված չէ, եւ այդ գործընթացը պետք է իրականացվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո:

«Արմենպրես»-ին տված հարցազրույցում էլ ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Գալագերը ներկայացրել էր Միացյալ Թագավորության դիրքորոշումը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում. «Մենք հակամարտությունը լուծված չենք համարում: Միացյալ Թագավորությունը ցանկանում է Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծված տեսնել համապարփակ խաղաղ կարգավորման միջոցով՝ հնարավորինս շուտ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հիմնարար սկզբունքների հիման վրա: Մենք լիովին աջակցում ենք ամերիկացի, ֆրանսիացի եւ ռուս համանախագահների ջանքերին եւ կողմերին խրախուսում կառուցողականորեն ներգրավվել բանակցային գործընթացում: Մենք նաեւ մեծապես խրախուսում ենք հետագա առաջընթացը հումանիտար հարցերում՝ ինչպիսիք են բոլոր ռազմագերիների եւ պահվող անձանց վերադարձը, ականազերծումը եւ մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ բոլոր մեղադրանքների հետաքննությունը: Տարածաշրջանի հետագա կայունության եւ բարեկեցության համար կենսականորեն կարեւոր է, որ ընթացիկ խնդիրները լուծվեն բանակցային, խաղաղ գործընթացի միջոցով»:

Այսպիսով, Արեւմուտքից հնչում են Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերջնական հստակեցման, հակամարտության համապարփակ կարգավորման վերաբերյալ հստակ ուղերձներ: Ի տարբերություն պաշտոնական Մոսկվայի, որի իշխանությունները Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում հանդես են գալիս որպես չեզոք խաղացող, եւ կաշկանդված են պաշտոնական Երեւանի համար առավել նպաստավոր դիրքորոշումներով հանդես գալ, արեւմտյան երկրներից մենք լսում ենք գնահատականներ, որոնք պաշտոնական Երեւանը որպես հիմք ընդունելով կարող է՝ Հայաստանի արտաքին քաղաքական ուղղությունները մշակելու հարցում հայանպաստ ուղղությամբ առաջ շարժվել:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 08.02.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել