Ադրբեջանն իր վերահսկողության տակ անցած հայկական մշակութային ժառանգությունը վերացնում եւ ալբանացնում է, ինչի վերաբերյալ արդեն եղել են հայտարարություններ՝ ԱԳՆ-ի, Մայր Աթոռի կողմից: Հայտնի է, որ Հայաստանը պատրաստվում է ինչ-ինչ միջազգային գործընթացներ սկսել:
«Հոդված 3» ակումբում այս թեմայով քննարկման ժամանակ ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը հիշեցրեց, որ Արդարադատության միջազգային դատարանը որոշում է կայացրել կիրառել հրատապ միջոցներ Ադրբեջանի նկատմամբ, ի թիվս այլնի՝ այդ միջոցներն ուղղված էին կանխելու բարձրագույն մակարդակով հնչող հայատյաց, ռասիստական խոսքը, նաեւ կանխելու հայկական մշակութային ժառանգության օբյեկտների վանդալիզնը, ոչնչացումը, վնասումը: Եղիշե Կիրակոսյանի ձեւակերպմամբ, կար նաեւ կարեւոր պարտավորություն՝ չձեռնարկել որեւէ քայլ, որն ավելի կբարդացնի կողմերի միջեւ առկա վեճը:
«Ցավոք, այն գործելաոճը, որ տեսնում ենք Ադրբեջանի կողմից, հատկապես վերջին զարգացումները ոչ այլ ինչ են, քան նշված կետերի խախտումները: Արդարադատության նախարարությունն արդեն հանդես է եկել հայտարարությամբ, նաեւ մենք էլ հնարավորություն ունենք ծանուցելու դատարանին՝ միջոցների խախտման մասին, սակայն չեմ ուզում ավելի շատ բան բարձրաձայնել, այս պահին դեռ քննարկումներ են գնում»,-հավելեց նա։
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը եւս ընդգծեց, որ դատարանի որոշմամբ սահմանվել է, որ Ադրբեջանը պետք է ձեռնպահ մնա հայկական մշակութային ժառանգության վանդալիզմի եւ պղծման գործողություններից, սակայն, նրա խոսքով, ադրբեջանական կողմը անգամ դատարանի նման որոշումից հետո նախաձեռնում է քայլեր, որոնք խիստ հարվածի տակ են դնում դատարանի կողմից սահմանված որոշումը:
Կարդացեք նաև
«Կարող ենք հավաստել ամենայն պատասխանատվությամբ, որ 2020 թ. ադրբեջանական ագրեսիայից հետո մեր մշակութային ժառանգության պաշտպանության ուղղությամբ միջազգային իրավունքով սահմանված գրեթե բոլոր գործիքակազմերը կիրառվել են եւ Հայաստանի Հանրապետությանն եւ Արցախի պետական մարմինների, նաեւ հասարակական հատվածի լուրջ մասնակցությամբ: Նամակներ, զեկույցներ են հղվել միջազգային կառույցներին, այդ թվում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ին, ԵԽԽՎ հատուկ զեկուցողը զեկույցում անդրադարձել է մշակութային հուշարձաններին սպառնացող վտանգներին՝ հիմք ընդունելով Արցախի եւ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանների հայտարարությունները:
Միեւնույն ժամանակ օգտագործվել է նաեւ դատական գործիքակազմը, արդարադատության միջազգային դատարանը իր որոշման մեջ անդրադարձ է կատարել է հայկական մշակութային ժառանգության պաշտպանության համար անհրաժեշտ միջոցներին»,-նշեց Արցախի մարդու իրավունքների պաշտպանը:
«Կարծում եմ, եթե պատերազմից հետո ընկած ժամանակահատվածում ռուսական կողմն ավելի մեծ ակտիվություն էր ցուցաբերում այս հարցում, օրինակ, նույն Դադիվանքի հետ կապված, ապա հետագայում որքան ժամանակ է անցնում, Ադրբեջանը ձեռք բերված պայմանավորվածությունները խախտում է: Այսօր գործնականում հայ քրիստոնյաները մուտք չունեն դեպի Դադիվանք»,-ընդգծեց Գեղամ Ստեփանյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ