Aravot.am-ի տեղեկություններով, ոստիկանության «Մալաթիայի» բաժնում նյութեր են նախապատրաստվում Երևանի Օհանովի անվան փողոցի բնակարաններից մեկում ամուսնու կողմից կնոջը ծեծի ենթարկելու դեպքով։
Փետրվարի 5-ին «Գյումրու կանանց իրավունքների տուն» Հ/Կ-ից հաղորդում է ստացվել, որ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի միջոցով իրենց տեսանյութ են ուղարկել, որտեղ մոտ 30 տարեկան մի կին Օհանովի փողոցի շենքերից մեկի 3-րդ հարկի պատուհանից օգնություն է խնդրում, որից հետո նրան հետ են քաշում:
Դեպքի վայր մեկնած ոստիկանության օպերատիվ խումբը պարզել է, որ Օհանովի փողոցի բնակարաններից մեկում վիճաբանության ժամանակ ամուսինը՝ 48-ամյա Կ․ Ա․-ն բռունցքով մի քանի անգամ հարվածել է կնոջ՝ Ն․ Հ․-ի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածք:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Ամուսինը հրաժարվել է բացատրություն տալ, ազատ է արձակվել, իսկ կնոջից ընդունվել է հաղորդում։ Նախապատրաստվում են նյութեր: Ի դեպ, կինը մասնագիտությամբ ատամնաբույժ է։