Aravot.am-ի տեղեկություններով, իրավապաշտպան Ներսես Խաչատրյանն ահազանգել է ոստիկանություն՝ տեղեկացնելով, որ Սիսիան համայնքի ավագանու նիստերը, չնայած կայացած են համարվել, սակայն նիստերին քվորում չի ապահովվել, քանի որ նիստերին մասնակցել է ավագանու 7 անդամ։
Ըստ ահազանգողի՝ արդյունքում Սիսիան համայնքին պատճառվել է էական վնաս: Ոստիկանությունը պարզել է, որ 2021թ. օգոստոսի 17-ից մինչեւ 2022 թվականի հունվարի 31-ը՝ կայացել է Սիսիան համայնքի ավագանու թվով 7 նիստ, որից 6-ը վարել է համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արմեն Հակոբջանյանը, իսկ մեկը՝ համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Իվանյանը։ Նշված ժամանակահատվածում անցկացված նիստերին համայնքի 15 ավագանու անդամից ներկա է եղել 7-ը, մինչդեռ ըստ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի՝ ավագանու նիստերն իրավազոր են, եթե նիստին ներկա են ավագանու անդամների օրենքով սահմանված թվի կեսից ավելին: Ոստիկանությունում նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե:
Նշենք, որ Սիսիանի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արմեն Հակոբջանյանը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանի ազգականն է եւ Սիսիանում հակված են մտածելու, որ պատգամավորը պաշտպանում է իր ազգականին՝ փորձելով ծածկել նրա խախտումները։ Ի դեպ, ըստ մեր աղբյուրների՝ «Քաղաքացիական պայմանագրի» սիսիանցի համակիրները բաժանվել են երկու թեւի․ Կարեն Համբարձումյանի թեւն ընդհանրապես չի ընդունում մյուս թեւին, ու կառավարող ուժի սիսիանյան երկու թեւերը պայքարում են, թե ո՞ր թեւն է համայնքում ուժեղ եւ ո՞վ է դառնալու հարց լուծող։
Aravot.am-ը փորձեց խնդրի առնչությամբ պարզաբանում ստանալ Սիսիանի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արմեն Հակոբջանյանից, բայց նա չպատասխանեց մեր հեռախոսազանգերին։ Մենք պատրաստ ենք ներկայացնելու նաեւ նրա տեսակետը։
Կարդացեք նաև
Արմեն ԴԱՎԹՅԱՆ