Լրահոս
Օրվա լրահոսը

Վիրուսը մոլեգնում է Գյումրիում․ միանգամից հիվանդացել են կոմունալ բաժնի 30 աշխատակից

Փետրվար 08,2022 20:45

Այսօր Գյումրու ավագանու նիստի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու անդամ Զոյա Միքայելյանը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ նորմալ չեն մաքրվում փողոցները, երբ շատ քաղաքացիներ մերկասառույցի պատճառով ստանում են կոտրվածքներ, և 50-ից ավելի ավտովթարների դեպքեր են տեղի ունեցել։

Գյումրու համայնքապետարանի «Կոմունալ ծառայություն բյուջետային հիմնարկ»-ի տնօրենի պաշտոնակատար Արման Շաբոյանն էլ նշեց՝ իրենց ուսումնասիրությունները պարզել են, որ վերջին 5-6 տարվա ընթացքում հունվարի ամսին նման եղանակային պայմաններ չեն գրանցվել, երբ թե՛ ցերեկը, թե՛ գիշերը կայուն ցածր ջերմաստիճան է։

«Չնայած դրան՝ կոմունալ ծառայության ամբողջ աշխատակազմն իր ուժերի սահմաններում արել է ամեն ինչ։ Գործող համավարակային պայմանները վատ են անդրադարձել նաև կոմունալ ծառայության աշխատակիցների վրա, ինչ արդյունքում մոտ 30 աշխատակից այս պահին անաշխատունակության մեջ են։ 50 հաստիք ունենք թափուր», -ասաց Արամ Շաբոյանը։

Նա նաև նկատեց, որ իրենք ևս ուսումնասիրություններ են կատարել, ամառային եղանակներին ավելի շատ ավտովթարներ են տեղի ունեցել, քան մատնանշված թիվն է։

«Հունվարի ամսին մեր կատարված աշխատանքներից մի երկու թիվ ներկայացնեմ․ 1500 խորանարդ մետր խարամն և 20 տոննա տեխնիկական աղի օգնությամբ քաղաքում անընդհատ կատարվել են մշակման աշխատանքներ»։

Արման Շաբոյանը նաև նշեց, որ մինուս 15° С-ի դեպքում տեխնիկական աղը չի կարող ներգործել սառույցի վրա, հետևաբար և այլընտրանքային տարբերակ են ընտրելու․ Ռուսաստանի Դաշնությունից քիմիական նյութեր են ներկրելու, որ ցածր ջերմաստիճան դեպքում կարողանան մերկասառույցի դեմ պայքարել։

Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանն էլ ասաց, որ այս տարի սուբվենցիոն ծրագրի շրջանակում ձեռք կբերեն երեք տեխնիկա, որոնցից երկուսն աղ ու ավազ մշակող են, սրանք կօգնեն փողոցներն ավելի արդյունավետ մշակելու։ Ընդհանուր թվով, Գյումրու քաղաքապետարանը կունենա 8 աղ ու ավազ մշակող տեխնիկա։

Քաղաքապետը նաև նշեց, որ կոմունալ ծառայության 50 թափուր աշխատատեղը համալրելու համար խնդրել են, որ հարևան համայնքների բնակիչները գան, իրենք կազմակերպեն փոխադրումը, բայց դեռ արձագանքներ չկան։

Ի դեպ, այսօրվա ավագանու նիստում չէին ներկայացել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամների մեծ մասը՝ առնվազն 7 հոգի, պարզաբանվեց, որ նրանք ևս հիվանդացել են (տես լուսանկարում)։

Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի ժ/պ Լեյլի Ասլանյանն էլ մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ «օմիկրոն» շտամով վարակվածների թիվն օր օրի ավելանում է․ Շիրակի մարզում օրական կատարվող նմուշառումների 70-80 տոկոսի պատասխանը դրական է։ Այս պահին ամբուլատոր բուժում են ստանում 911 հիվանդ։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28