Հաշմանդամություն ունեցող անձի ու նրա անչափահաս երեխայի համար նույն օրը երկու ավտոբուսի վարորդներ հրաժարվել են ավտոբուսի թեքահարթակները բացել։ Դեպքն այսօր պատմեց Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Սիփան Ասատրյանը՝ ավագանու նիստից հետո մտքերի փոխանակման ժամանակ։
«Հունվարի 29-ին ժամը 16-ի շրջանում Ագաթանգեղոսի փողոցում 74 համարի կոմպակտ դասի ավտոբուսի վարորդը, իսկ դրանից 15 րոպե հետո նաեւ 26 համարի ավտոբուսի վարորդը հրաժարվել է թեքահարթակը բացել հաշմանդամություն ունեցող, սայլակ օգտագործող անձի համար, որը եղել է մանկահասակ երեխայի հետ։ Նա, պատկերացնում եք, հնարավորություն չի ունեցել տաքսի կանգնեցնելու եւ տուն հասնելու համար։ Վարորդների պատճառաբանությունն այն է եղել, որ իբրեւ թե թեքահարթակը բացելու բանալին չունեն։ Այս պատճառաբանությունը հաշմանդամության հիմքով խտրականության արդյունք է»,-պատմեց Սիփան Ասատրյանը։ Նա քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին խնդրեց, որպեսզի վարորդները զգուշացվեն՝ այդ ավտոբուսները պետք է ծառայեն նաեւ հաշմանդամություն ունեցող անձանց։
Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն էլ խոստացավ անձամբ զբաղվել այդ խնդրով․ «Ինձ մոտ ընկալում է, որ ոչ թե միտումնավոր չեն ուզեցել բացել, այլ՝ հավես չեն ունեցել։ Այդպես եմ ենթադրում։ Բայց նրանք խիստ զգուշացում կստանան»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ