Լրահոս
Օրվա լրահոսը

Ավագանու նիստում քաղաքապետը Անի Խաչատրյանին չէր կարողանում հանդարտեցնել․ կրքերը բորբոքվեցին

Փետրվար 08,2022 19:01

Երեւանի ավագանու այսօրվա նիստում «Երեւան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի համալիր մարզադպրոց» համայնքային ոչ առեւտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին նախագծի քննարկման ժամանակ կրքերը բորբոքվեցին։

Այս նախագծում նշված է․ «Տարբեր սպորտաձեւերի տեսակների զարգացման, համապատասխան մարզաձեւերի ուսումնամարզական ծրագրերի մշակման ու իրականացման, մասսայականացման ու զարգացման, ինչպես նաեւ Երեւանի սեփականություն հանդիսացող անշարժ գույքը (Երեւանի Այասու 12 հասցեում գտնվող շենքը) արդյունավետ շահագործման նպատակով հիմնադրվում է «Երեւան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի համալիր մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը»: Ըստ էության, երկու մարզադպրոց միավորվում են։

Ավագանու որոշ անդամներ դեմ արտահայտվեցին նախագծին։

Հատկապես բորբոքված էր «Լույս» խմբակցությունից Անի Խաչատրյանը, որն ասաց՝ այս նախագծի ընդունման հետեւանքով շատ ծնողներ, որոնք չունենալով հնարավորություն, ստիպված են լինելու կենտրոնից իրենց երեխաներին տանել ասենք՝ Կլիկիա թաղամասի մարզադպրոց։ Նախագիծը ներկայացնող Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ավետ Պողոսյանն ասաց, որ այսօր էլ մարզադպրոցի որոշ մարզաձեւեր վարչական տարբեր շրջանների դպրոցներում են պարապում։

Անի Խաչատրյանը պարբերաբար տեղից զայրացած արձագանքում էր, նրան նույնիսկ քաղաքապետը չէր կարողանում «զսպել»։

Քաղաքապետն առաջարկեց այս նախագիծն ու դրա հետ փոխկապակցված երկու նախագծեր էլ օրակարգից հանեն, մեկ ամսյա ժամկետում վերանայեն, ապա կրկին բերել նիստի օրակարգ։

«Իմ քայլից» Արման Անտոնյանն արձագանքեց՝ այս նախագծի վրա մեծ խումբ է աշխատել։ Նա հորդորեց վերադառնալ բովանդակային քննարկման։

Մինչ քաղաքապետն ու Անտոնյանն իրար արձագանքում էին, Անի Խաչատրյանը նրանց զուգահեռ տեղից հայտարարություններ էր անում, իր դժգոհությունն արտահայտում։ Խաչատրյանին չէր հաջողվում հանդարտեցնել։ Քաղաքապետը 7-8 անգամ տիկին Խաչատրյան կանչեց, սակայն վերջինս չէր հանդարտվում, չէր էլ լսում։

Հրաչյա Սարգսյանն ի վերջո ձայնը մի փոքր բարձրացրեց, բավականին զայրացած տոնով ի պատասխան Անտոնյանի դիտարկման, ասաց՝ այստեղ բովանդակային քննարկում չպետք ունենանք․ «Նայե՞լ եք տեղեկանքում ինչ են գրել։

Այս տեղեկանքը շատ վատն է, ոչ մի հիմնավորում մեջը չկա։ Վստահ եմ, ավագանու շատ անդամներ չեն նայել այս տեղեկանք-հիմնավորումը։ ԿԳՄՍ-ից ինձ զանգահարել են, եւ ասել, որ այս նախագիծը չեն ուղարկել իրենց։ Չգիտեմ՝ ըտենց է, թե՝ չէ»։

Անտոնյանն էլ արձագանքեց, որ ԿԳՄՍ-ն կապ չունի նախագծի հետ։

«Կապ չունենալը ո՞րն է։ Չենք կարող տարանջատված ինչ ուզենանք ստեղ անենք՝ ընդհանուր քաղաքականությունը մի բան լինի, քաղաքապետարանն ինչ ուզենա՝ անի։ Մենք համատեղ քաղաքականությամբ պիտի գնանք առաջ»։

Արդեն ելույթների ժամանակ մի որոշ ժամանակ կրքերը հանդարտվեցին, բայց տիկին Խաչատրյանը պարբերաբար զայրանում էր ավագանու տարբեր անդամների հայտարարություններից եւ առաջարկներից ու տեղից կրկին անդադար արձագանքում։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28