Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Երևանի անպատասխան սերը հայ-բելառուսական հարաբերություններում

Փետրվար 08,2022 18:44

Փետրվարի 7-ին ռուսաստանցի հայտնի իշխանամերձ լրագրող Վլադիմիր Սոլովյովի հետ զրույցում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն որոշ տարակուսելի հայտարարություններ հնչեցրեց Հայաստանի մասին:

Հայաստանի նոմինալ դաշնակիցը համարվող պետության ղեկավարը, մասնավորապես, հարցազրույցի ընթացքում խոսելով Ռուսաստանի և Բելառուսի միութենական պետության մասին՝ նշեց նաև, որ հետխորհրդային երկրների մեծ մասը, այդ թվում և Հայաստանը, ուշ թե շուտ նույնպես միանալու է այդ միութենական պետությանը:

«Դե Հայաստանը տեղ չունի գնալու։ Կարծում եք՝ նրանք ինչ-որ մեկին պե՞տք են։ Նրանք դա արդեն տեսան»,- ասաց Լուկաշենկոն իր խոսքում՝ նշելով, որ Բելառուսն արդեն իսկ այդ անվտանգության տարածքում է, Ղազախստանը՝ լավ դաս է ստացել (նկատի ունի հունվարին Ղազախստանում տեղի ունեցած բողոքի ալիքներն ու ՀԱՊԿ խաղաղապահների մուտքն այդ երկիր․ – խմբ․), Ուկրաինան, հնարավոր է, միանա առաջիկա 15 տարիների կտրվածքում, իսկ ահա Ադրբեջանը՝ ոչ, քանի որ Թուրքիան շատ է օգնում ադրբեջանցիներին:

Մեկ օր անց Հայաստանի արտգործնախարարության խոսնակն անդրադարձավ Լուկաշենկոյի այս «ինքնատիպ աշխարհաքաղաքական վերլուծությանը»՝ նշելով, որ նրա ասածները նպատակ ունեն սպասարկելու առաջին հերթին սեփական երկրի ներքին քաղաքական օրակարգերը:

Այդուհանդերձ, Լուկաշենկոյի այս, իրոք, ինքնատիպ հայտարարությունն առիթ հանդիսացավ, որպեսզի քննարկումներ ծավալվեն հայ-բելառուսական հարաբերությունների շուրջ:

Ստորև կներկայացնենք ամփոփ տեղեկություններ այդ հարաբերությունների և դրանց ուշագրավ դրվագների մասին:

Հարաբերություններ

Ըստ «Իրազեկ քաղաքացիների միավորման» պատրաստած Արտաքին քաղաքականության քարտեզի, որտեղ հակիրճ տեղեկություններ են հավաքված բոլոր երկրների հետ Հայաստանի հարաբերությունների մասին և որի հիմնական աղբյուրն է Հայաստանի ԱԳՆ-ն, հայ-բելառուսական դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1993 թվականի հունիսի 12-ին: Հայաստանը, ինչպես և մյուս հետխորհրդային երկրների մեծ մասը, ԽՍՀՄ փլուզումից հետո ձևավորված Անկախ պետությունների համագործակցության՝ ԱՊՀ անդամ է:

Բացի դա, սակայն, Հայաստանն ու Բելառուսը անվտանգային դաշնակիցներ են Հավաքական անվտանգության կազմակերպության պայմանագրի՝ ՀԱՊԿ-ի շրջանակներում, ինչպես նաև մաս են կազմում նույն տնտեսական միության՝ ԵԱՏՄ-ի: Ընդհանուր առմամբ, Հայաստանի ու Բելառուսի հարաբերությունները հիմնված են նաև թվով 82 միջպետական փաստաթղթերի վրա:

Այս ամենով հանդերձ՝ հայ-բելառուսական ապրանքաշրջանառությունն աչքի չի ընկնում միջպետական փաստաթղթերի թվերի պես բարձր ցուցանիշներով: Այսպես, ըստ armstat.am-ի, 2021 թվականին Հայաստանի և Բելառուսի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է ընդամենը շուրջ 86 միլիոն դոլար: Համեմատության համար նշենք, օրինակ, Հայաստանի հետ նույն տնտեսական միությունում չգտնվող Ուկրաինան, որի հետ ապրանքաշրջանառությունը 2021-ին կազմել է շուրջ 169 միլիոն դոլար:

Ուշագրավ դրվագներ

Չնայած վերը նշված պատկառելի ընդհանրություններին, Հայաստանի ու Բելառուսի միջև հարաբերությունների ուշագրավ դրվագներն առավելապես բացասական են:

2016 թվականի Ապրիլյան պատերազմի ժամանակ, օրինակ, Բելառուսի ԱԳՆ-ն տարածել էր հաղորդագրություն՝ բացառապես շեշտ դնելով հակամարտող կողմերի տարածքային ամբողջականության ու սահմանների անձեռնմխելիության վրա, ինչից հետո ՀՀ ԱԳՆ էր կանչվել Երևանում Բելառուսի դեսպանը:

Մեկ այլ բացասական դրվագ էլ կապված էր Արցախ այցելած բլոգեր Ալեքսանդր Լապշինի հետ, որին ձերբակալել էին Բելառուսում և հանձնել Ադրբեջանին, որտեղ վերջինս ենթարկվել էր քրեական հետապնդման: Բացասական դրվագներից էր նաև Բելառուսի կողմից Ադրբեջանին «Պոլոնեզ» տեսակի համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի մատակարարումը, որոնք, ի դեպ, օգտագործվեցին հայկական կողմի դեմ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ:

Ու մի դրվագ ևս

Հայ-բելառուսական հարաբերությունների պատմության մեջ, սակայն, մեկ «լուսավոր» դրվագ էլ կա:

2020 թվականի օգոստոսին Բելառուսում տեղի էին ունեցել նախագահական ընտրություններ, որոնք միջազգային կազմակերպությունների ու աշխարհի քաղաքակիրթ երկրների մեծ մասի գնահատմամբ, մեղմ ասած, անցկացվել էին խայտառակ խախտումներով ու որևէ կերպ չէին արտահայտում Բելառուսի ժողովրդի կամքը: Այդուհանդերձ, ընտրությունների նախնական «արդյունքների» հրապարակումից անմիջապես հետո, այն ժամանակ, երբ Մինսկի ու բելառուսական մյուս քաղաքների փողոցներում ոստիկանությունը բռի ուժ էր կիրառում խաղաղ ցուցարարների նկատմամբ, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շտապել էր շնորհավորել Լուկաշենկոյին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ՝ գտնվելով ավելի արագ ու օպերատիվ, քան, օրինակ, ազատության ու ժողովրդավարության ցուցանիշներով Բելառուսի հետ համեմատելի մակարդակում գտնվող երկրների, ասենք, Ադրբեջանի ղեկավարը:

Ամփոփելով, թերևս, մնում է եզրակացնել, որ հայ-բելառուսական հարաբերություններն առնվազն չեն համապատասխանում երկու երկրների միջև գոյություն ունեցող պայմանագրերի, ընդհանուր կառույցների ու կազմակերպությունների նոմինալ տրամաբանությանը:

Վահե Ղուկասյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28