ՊԵԿ նախագահն ընդունել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանին
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն ընդունել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:
Ռուստամ Բադասյանը դեսպանին ներկայացրել է ՊԵԿ-ի՝ առաջիկա տարիների բարեփոխումների օրակարգը՝ կարևորելով սահմանային մաքսային անցակետերի արդիականացումը, մաքսային ձևակերպումների ընթացակարգերն ամբողջությամբ էլեկտրոնային դարձնելու հանձնառությունը, ինչպես նաև սահմանային մաքսային անցակետերում արդիական մաքսային լաբորատորիաների ստեղծման անհրաժեշտությունը: ՊԵԿ նախագահը կարևորել է մաքսային լաբորատորիաների ստեղծման ընթացքում ՌԴ օրինակելի և առաջավոր փորձի փոխանակման անհրաժեշտությունը՝ մարդկային ներուժի և տեխնիկական հագեցվածության տեսանկյունից:
Կարդացեք նաև
Կողմերն ընդգծել են հարկային և մաքսային վարչարարության ոլորտում երկու երկրների միջև իրավապայմանագրային դաշտի առկայությունը, ինչը թույլ է տալիս ակտիվ փոխգործակցել երկկողմ մակարդակում, ԱՊՀ գործադիր կոմիտեի, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և այլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում:
Բարձր է գնահատվել Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատանը մշտական հիմունքներով գործող ՌԴ դաշնային մաքսային ծառայության ներկայացուցչության աշխատանքը: Ընդգծվել է՝ կառույցն անհապաղ արձագանքում է հրատապ լուծում պահանջող հարցերին:
Կողմերը գոհունակություն են հայտնել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանության միջև առկա համագործակցության մակարդակից՝ պատրաստակամություն հայտնելով ընդլայնել երկու երկրների հարկային և մաքսային վարչարարության ոլորտի միջև հետագա համագործակցությունը:
ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին