Այսօր ԱԺ հայտարարությունների ժամին «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանն անդրադարձավ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցին, որտեղ նա ասել էր, թե Բելառուսի և Ռուսաստանի Միութենական պետությանը կարող են միանալ հետխորհրդային տարածության նաև այլ հանրապետություններ, և մեծ հավանականությամբ՝ Հայաստանը, որովհետև «ոչ մեկին պետք չէ»:
Մամիջանյանը հորդորեց հիշել, թե Լուկաշենկոն ինչպես էր խոսում Սերժ Սարգսյանի հետ, այն էլ՝ տեսախցիկներից դուրս. «Բոլորս վրդովված ենք Բելառուսի նախագահի խոսքից, բայց գուցե փորձենք հասկանալ դրա պատճառները: Պատճառները հասկանալու համար խորհուրդ կտամ նորից լսել Լուկաշենկոյի եւ Սերժ Սարգսյանի ձայնագրությունն ու տարբերել, թե ինչպես էին մինչեւ 2018-ը խոսում մեր երկրի ղեկավարի հետ առանց տեսախցիկների ու ինչպես են խոսում հիմա Փաշինյանի հետ տեսախցիկների առաջ: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչեր են ասում, երբ տեսախցիկներ չկան»:
Նա անթույլատրելի համարեց Լուկաշենկոյի հայտարարությունները ու ասաց՝ Հայաստանը գնալու տեղ ունի, ավելին՝ նպատակներ ունի. «Հայաստանն ու Արցախը եղել ու շարունակելու են մնալ քրիստոնյա աշխարհի դարպասը: ՀՀ-ն շարունակելու է լինել Արցախի ժողովրդի արդար ինքնորոշման երաշխավորն ու աջակիցը: Մեր երկիրը ոտքի է կանգնելու եւ ազատվելու է կապիտուլյացիայից ու դրա պատճառը հանդիսացող խմբակի վերընտրելու խայտառակ խարանից»:
Դիմելով Լուկաշենկոյին՝ Մամիջանյանն ասաց. «Մի՛ նույնականացրեք Հայաստանն ու Նիկոլ Փաշինյանին, մի կարծեք, թե Հայաստանի հետ կարող եք խոսել այն նույն ձեւով, ինչպես խոսում եք Փաշինյանի հետ»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ