Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը, խոսելով հոսանքի գնի բարձրացման մասին, ԱԺ հայտարարությունների ժամին 2015-ի ամռանը տեղի ունեցած «Էլեկտրիկ Երեւանի» ցույցերին անդրադարձավ՝ մեկնաբանելով այսպես. «Այն ժամանակ ընդդիմադիր աշխատող Նիկոլ Փաշինյանը, իր նմանները, քաղհասարակության ներկայացուցիչները ելան ցույցի: Ամեն մեկն իր դերակատարումն ուներ՝ մեկը ջրվող էր աշխատում, մյուսը՝ գոռացող, երրորդը «կենդանի պատ» կոչվածում էր հայտնվել, որպեսզի հերոսաբար տարանջատի ցուցարարներին ոստիկաններից: Ամեն մեկն իր դերը խաղաց ու բոլորով գնացին տուն:
Հիմա հոսանքը թանկացել է ու ոչ միայն հոսանքը, բայց 2015-ին իրենց պատառոտող ու բողոքող տղաներն ու աղջիկները չկան: Նրանք չեն բողոքում, չեն հայհոյում թանկացնողներին, քանի որ իրենք են դարձել իշխանավոր եւ թանկացնողը: Թալանից, կոռուպցիայից, լափամանից խոսողներն իրենք են մխրճվել թալանի, կոռուպցիայի, լափամանի մեջ՝ պետական բյուջեի միջոցներով պադավատապետություն եւ թայֆայապետություն կառուցելով: Երեկվա ընդդիմադիր աշխատողներն ու իբր հեղափոխականները փաստորեն բողոքում էին ոչ թե անարդարությունների, թանկացումների դեմ, այլ բողոքում էին, որ իրե՛նք չեն թալանողները, իրե՛նք չեն անարդարության կառավարիչները, իրե՛նք չեն թանկացումներից օգտվողները: Նրանք իշխանության եկան գյուղացուն ու աշխատավորին սիրաշահելով, բայց հետո ասացին, որ աղքատությունը գյուղացու ու աշխատավորի գլխում է, որ գյուղացին եւ աշխատավորը ձրիակեր են, որ պետությունն իրենց տալու բան չունի, թող գնան իրենց գլուխն ինչպես ուզում են՝ պահեն»:
Վերջում դիմելով քաղաքացիներին՝ Արեգնազ Մանուկյանն ասաց, որ եթե այս իշխանությունը հեռացավ, կունենանք զարգանալու շանս, չեն հեռանա՝ ստիպված կլինենք սպասարկել թուրք-ադրբեջանական շահերը. «Ընտրությունը մեծ չէ՝ կամ-կամ»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ