Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ են պատմել իրավապահներին պակիստանցու երեխայի գործով հարցաքննված ծնողները

Փետրվար 08,2022 17:49

Պակիստանցու երեխային ենթադրաբար բռնության ենթարկելու աղմուկ հանած գործով նշված մանկապարտեզի ավելի քան 30 ծնող հարցաքննվել է:

Հարցաքննվածներից Անահիտ Եկոպյանը Aravot.am-ին պատմեց, որ հարցաքննված բոլոր ծնողները վարույթ իրականացնող մարմնին պատմել են, որ գործով որպես կասկածյալ ներգրավված դաստիարակները իրենց մեղսագրվող գործողությունները չէին կարող անել:

«Մենք վստահում ենք մեր դաստիարակներին, դայակի մասին ընդհանրապես խոսք լինել չի կարող, մի հրաշալի անձնավորություն է: Իմ աղջիկն արդեն 4 տարի է՝ այդ պարտեզն է հաճախում, դաստիարակներից էլ, բոլորից էլ շատ գոհ ենք, իրենց երեխաների պես պահում են, մինչեւ ժամը հինգը մեր երեխաներից խաբար չենք, ամբողջն իրենք են անում»:

Ըստ Անահիտ Եկոպյանի՝ ենթադրյալ տուժած բալիկը իր դստեր հետ նույն խմբից է, ինքը, ինչպես այլ ծնողներ՝ ենթադրյալ տուժած երեխայի ծնողներին երբեւէ չեն տեսել, որովհետեւ այդ երեխայի ծնողները կես օրով են պարտեզ բերել եւ ամեն օր ժամը 1-ին եկել են, բալիկին տուն տարել.

«Մենք այդ երեխայի մայրիկին ընդհանրապես չենք տեսել: Չի թողել պարտեզում երեխան քնի, կես օրով է բերել: Եթե նման բան է եղել, մի տարի, երկու տարի, ինչի՞ն էր սպասում, որ չէր բարձրաձայնում: Բոլորս էլ մեր երեխաներին վերցնելիս նայում ենք՝ ամեն ինչ նորմա՞լ է։ Ի վերջո, նրանք պատմում են՝ ինչ են արել, ինչ են կերել, խմել։ Ինքը նույնպես պետք է նկատած լիներ, որ խնդիր կա, եթե խնդիր եղել է, ոչ թե նստեր այդքան տարի սպասեր ու հանկարծ հիշեր, որ պետք է ասի: Իրականությանը չեն համապատասխանում այդ տեղեկությունները, սուտ է, մեր մանկապարտեզը տարածքի ամենալավ մանկապարտեզն է»:

Հիշեցնենք, որ Aravot.am-ն ավելի վաղ գրել էր, որ հունվարի 31-ին Ա. Հ.-ն ոստիկանությանը հաղորդում է տվել, որ 2019թ մարտից մինչև 2021թ հոկտեմբերի 14-ը դուստրը՝ Է. Ու-ն հաճախել է Երեւան քաղաքի մանկապարտեզներից մեկը, որտեղ դայակներ Ռ. Ղ.-ն, Ս. Կ.ն եւ դաստիարակներ Ի. Ա-ն եւ Ա. Կ.-ն հաշվի առնելով երեխայի հոր պակիստանցի լինելու հանգամանքը՝ պարբերաբար խմբի երեխաների միջոցով խոշտանգումների են ենթարկել վերջինիս:

«Չի կարող նման բան լինել, նախ այդ կնոջ նշած խաղալիքներից շատ վաղուց չեն պահում մանկապարտեզներում, նաեւ այդ տարիքի երեխաները ինչ են հասկանում՝ ռասսայական խտրականությունն ինչ է, գիտեն երեխա է ու վերջ: Խելքին մոտիկ չեն այդ պատճառաբանությունները»,- հավելեց Անահիտ Եկոպյանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28